• Ծանոթանանք իրանական մշակույթին ու ցեղախմբերին

Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» խորագիրը կրող հաղորդաշարի հերթական մասը։ Շնորհակալ ենք հաղորդման ընթացքում ձեր ընկերակցության համար։ Անշուշտ հիշում եք, որ անցյալ շաբաթվա հաղորդման մեջ անդրադարձանք իրանական ցեղախմբերի կազմավորմանը ժամանակի ու տեղավայրերի տեսանկյունից։ Այսօրվա հաղորդման ընթացքում կանդրադառնանք իրանական ցեղախմբերի հաստատման հարցում դերակատար կարևոր գործոններին։ Մնացեք մեզ հետ։

Իրանի երկրամասում բնակություն հաստատած և պատմության ընթացքում գոյատևած ցեղախմբերից յուրաքանչյուրը հատուկ պայմանների ազդեցության ներքո ընտրել է ինչ-որ շրջան բնակության համար։ Ցեղախմբերի ընտրության վրա ազդեցություն են ունեցել աշխարհագրական ու բնակլիմայական գործոնները։ Իրան մուտք գործած ցանկացած ցեղ ձգտել է բնակություն հաստատել կանաչապատ, ջրառատ, բարեբեր հողով ու բնակլիմայով օժտված երկրամասում։ Աշխարհագրական առումով Իրանի հյուսիս-արևմտյան, արևմտյան և հարավ-արևմտյան շրջանները իրանական ցեղախմբերի մշտական ուշադրության կենտրոնում են եղել՝ այդ հատկություններն ունենալու պատճառով։ Ներկայումս այդ կարևոր հանգամանքի մասին են վկայում բնակչության ու մարդկային ուժի բաշխման ձևը։ Բնականաբար այդ ընտրության վրա մեծ ազդեցություն են ունեցել մթնոլորտը, կենսակերպը, նիստ ու կացը և անասնաբուծության համար արոտավայրերի առկայությունը։ Այդ հանգամանքը ավելի ակնհայտ է դառնում Իրանի կենտրոնական անապատի, հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան շրջանների հետ համեմատության մեջ։ 

Իրանական ցեղախմբերի հաստատման հարցում մեկ այլ կարևոր գործոն է եղել իշխանությունների ու կառավարությունների հարաբերությունը իրանական ցեղերի հետ։ Այս կապակցությամբ ուշագրավ այլ գործոններ են եղել նաև քաղաքական առճակատումները, պատերազմները, տարածաշրջանային հակամարտություններն ու անվտանգությունը։

Որոշ իրանական ցեղախմբեր իշխանությունների ճնշման ներքո իրենց հիմնական բնակավայրից, որտեղ կայացել են նրանց մշակույթն ու էթնիկական առանձնահատկությունները, տեղահանվել և տեղափոխվել են մեկ այլ վայր և այդ հարկադրաբար տեղահանման հետևանքով տեղահանված ցեղի նիստ ու կացը, ազգային ու տարածաշրջանային հատկություններն ու վարքագիծը հայտնվել են նոր միջավայրի ազդեցության տակ և արդյունքում առաջացել է նոր մշակույթ։

Երբեմն որոշ ցեղախմբեր իրենց ձուլվելը կանխելու նպատակով ընտրել են այնպիսի բնակավայրեր, որոնք դժվարամատչելի են եղել թշնամիների ու հակառակորդների համար, ինչպիսիք են դժվարանցանելի լեռնային գոտիները։ Հենց այդ պատճառով է, որ Իրանում քոչվոր և նստակյաց ցեղերը հիմնականում ընտրել են արևմտյան, հյուսիսային և հարավ-արևմտյան շրջանները՝ ելնելով իրենց կենսակերպից ու բնկավայրի բնական առանձնահատկություններից։

*************

Ընդհանուր առմամբ Զագրոս լեռնաշղթայի արևմտյան կողմում են գտնվել Իրանում քոչվոր ցեղերի կարևորագույն տարածքները։ Այլ շրջանների հետ համեմատած Իրանի արևմուտքում լավագույնս կարելի է տեսնել քոչվորական կյանքի կատարելագործված տեսակը։ Իրանի արևմուտքում քոչվորական կյանքի հիմնական տարածքը ներառում է Թուրքիայի և Իրաքի սահմանում գտնվող ընդարձակ շրջաններ՝ Լորեստան նահանգի հյուսիսից մինչև Խուզստան նահանգը և Իրանի արևմտյան ցեղախմբերի տարածքում են գտնվում քաղաքային կենտրոններ, ինչպիսիք են՝ Քուրդստանի ու Քերմանշահի նահանգները և Լորեստան նահանգի մի մասը։ Քուրդստան նահանգում գտնվող Ուրաման, Մարիվան և Քամիարանի շրջակա տարածքները հանդիսանում են համապատասխանաբար Ուրամանի, Մարիվանի, Քամիարանի և Սանանդաջի շրջակայքում բնակություն հաստատած ցեղախմբերի տիրույթները։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արասբարան և Սաբալան լեռների շրջակա տարածքներից մինչև Արաքս գետի մոտակայքում գտնվող Ղարեռուդ գետի շրջակայքը և Մուղան հարթավայրի հարավային մասերը, ինչպես նաև Ահարի բարձրադիր գոտիներն ու Մեշքինշահրը հանդիսանում են քոչվորական կենսակերպ ունեցող արասբարան ցեղի բնակավայրերը։ Իսկ Շահսավան ցեղի բնակավայրերն են մի կողմից Արաքս գետի ափերից մինչև Ռուսաստանի սահմանը և մյուս կողմից էլ մինչև Թուրքիայի սահմանում գտնվող Սիահչեշմեյի և Ղոթուրի շրջանները։ Տեղափոխության և բնակավայրի տարածքի ընդարձակության առումով Իրանի հարավում և հարավ-արևմուտքում բնակվող Ֆարս նահանգի ցեղերը մյուս ցեղախմբերի հետ համեմատած ավելի կարևոր նշանակություն ունեն։ Ղաշղայի կոչվող քոչվոր ցեղախմբի տարածքը Ֆարս նահանգի տաք կլիմայական գոտիներում գտնվող Աբադեհ և Էղլիյեհ շրջաններից ձգվում է մինչև Ֆիրուզաբադի և Քազերունի շրջանները, իսկ Խամսա ցեղերի տարածքը սկսվում է Ֆարս նահանգի հարավային շրջաններից։ Մոմսենի կոչվող ցեղախմբերի ընդարձակ տարածքը ևս գտնվում է Ֆարս նահանգում և ընդգրկում է հյուսիսում Քոհքիլոյեհ շրջանից մինչև հարավում Քազերունի շրջանը։ Քոհքիլոյեհ շրջանի քոչվոր ցեղերը բնակվում են Շիրազի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող տաք և սառը կլիմայական գոտիներում։ Իսկ Բախթիարի կոչվող ցեղերի տարածքը ամենասահմանափակն է համեմատած իրանական այլ ցեղերի հետ, որոնք զբաղեցնում են Սպահան, Ֆարս, Խուզստան և Լորեստան նահանգի տարածքները։ Արաբալեզու ցեղերը հիմնականում բնակվում են Պարսից Ծոցի ափամերձ շրջաններում, մասնավորապես Խուզստան նահանգում։ Նշված շրջաններից բացի, Իրանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում ևս բնակվում են որոշ քոչվոր ցեղախմբեր, որոնց ևս կանդրդառնանք։

************

Թուրքմեն ցեղերի տարածքը գտնվում է Կասպից ծովի հարավ-արևելքից մինչև Խորասանի հյուսիսային մասերը, ներառյալ՝ Գոնբադը, ինչպես նաև Գորգանի դաշտավայրի արևելյան շրջանները և Բոջնուրդի շրջակայքը։ Իրանի հարավ-արևելյան շրջանները հիմնականում հանդիսանում են Բալուչ ցեղախմբերի բնակավայրը, որը Բալուչեստանից ձգվում է մինչև Սիստան, Քերման և հարավային Խորասանի որոշ շրջաններ։

Իսկ ինչ վերաբերում է նստակյաց կյանք վարող կամ գյուղերում ու քաղաքներում բնակվող ցեղերին, կարելի է ասել, որ այս տեսակ կենսակերպը ուղղակիորեն կապված է տվյալ շրջանի աշխարհագրական պայմանների հետ։ Ջրի առկայությունը և դրա օգտագործման ձևը շատ կարևոր գործոն է նստակյաց կենսակերպ վարելու և քաղաքում ու գյուղերում բնակվող նստակյաց ցեղերի բաշխման հարցում։ Իրանի գյուղերում ջրային ռեսուրսների վիճակը ցույց է տալիս, որ Գիլանի, Մազենդերանի, Քերմանշահի և որոշ չափով Խուզստանի պես շրջանների ժողովուրդները գետերի ջրերից են օգտվում, մինչդեռ Ֆարսի, Խուրասանի, Քերմանի, Սպահանի նահանգների և կենտրոնական շրջանների գյուղերի գերակշիռ մասն օգտագործում են ջրային ռեսուրսների բոլոր հիմնական տեսակները։

 

 

 

Mar 14, 2016 10:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ