Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում անցնելու ենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթը և ծանոթանալու ենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադին, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

----------------

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով  հայտնի իրանցի անվանի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռոհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Միրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բեհզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ ոմանք էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում:

Քեմալեդդին Բեհզադի կիսանդրին՝ Թավրիզում

 

Հարաթի գեղանկարչական դպրոցը զարդարված է Բեհզադի անվամբ և նրան համարում են իրանական գեղանկարչական դպրոցի առաջատար ու բարեփոխիչ դեմքերից մեկը: Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործությունները կարելի է քննարկել տարբեր դիտանկյուններից: Մարդու և մարդկային ֆիգուրների դիրքը, միջավայրի իմաստն ու դիրքը, բնական աշխարհագրությունը և հասարակական ու հրապարակային տարբեր պայմանները և շատ այլ ուրիշ թեմաներ կարելի է Բեհզադի ստեղծագործություններում քննարկման նյութ դարձնել և նրա մտածողության ու նաև այդ ժամանակաշրջանին տիրող պայմանների մասին արժեքավոր տեղեկություններ քաղել:

Իրանական գեղանկարչության մեջ ու հատկապես Հարաթի դպրոցում ու դրա առաջատար վարպետներից՝ Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործություններում միջավայրի ու շրջապատի հասկացությունը չափազանց կարևոր է: Ընդհանրապես իրանական գեղանկարչության մեջ միջավայրն ու դեպքերը ներկայացվում են միաժամանակ ու այդպիսով գեղանկարչության մթնոլորտը պատմողական բնույթ է կրում ու կիրառական միջավայրն ավելի է ընդլայնվում: Բացի Հարաթի դպրոցից այս յուրահատկությունը նկատելի է նաև իրանական գեղանկարչության բոլոր դպրոցներում: Ցանկացած ժամանակաշրջանում ֆիգուրների, իրերի ու այլ տարրերի դասավորությունը, միջավայրի լեցուն կամ դատարկ լինելն ու դրանց ինչպիսությունը տարբերվում են ու որոշ դեպքերում հենց այս տարբերությունն էլ փոփոխությունների ու զարգացման պատճառ է դարձել: Իրանական գեղանկարչական ստեղծագործություններում տիրական է եթերային միջավայրը և արվեստագետին հաջողվել է իր նկարչություններում երևակայական  միջավայր արարել:

Ժամանակակից մտավորական և փիլիսոփա Սեյեդ Հոսեյն Նասրի ընդգծմամբ. «Ժամանակակից շրջանում իրանական գեղանկարչության հետ ծանոթացումն առավելապես ձեռք է բերվել եվրոպացիների օգնությամբ: Հետևաբար դրա մեկնաբանման հարցում ազդեցիկ է եղել եվրոպական գեղագիտությունն ու փիլիսոփայական մտածողությունը և իրանցիներն էլ բավարարվել են հենց այդ մեկնաբանությամբ ու վերլուծությամբ: Մինչդեռ այդ ստեղծագործություններին ծնունդ տված նկարչի մտային, փիլիսոփայական ու գեղարվեստական ենթահողն ու աշխարհընկալումը լիովին տարբերվում է արևմտյան փիլիսոփայական ենթահողից: Արևմուտքում ընդհանրապես ոչ-նյութեղեն միջավայրի ու շրջապատի մասին որևէ ընկալում գոյություն չունի ու դա հենց այն միջավայրն է, որի հետ առնչվում է ընդհանրապես կրոնական քաղաքակրթությունների ու մասնավորապես իրանական արվեստը և երևան է հանում այնպիսի մի միջավայր, որը տարբերվում է սովորական կամ նյութեղեն միջավայրից»:

Իրանական գեղանկարչության մեջ միջավայրը բառացի հավասարվում է տեղին ու վայրին ու ներկայացնում է այն տեղը, որ զբաղեցնում են նյութեղեն իրերը և այդ տարրերի միջև եղած հարաբերությունն արտահայտելու միջոցով կարելի է բացատրություն ներկայացնել միջավայրի կամ տեղի մասին: Գեղանկարիչը իրերը միջավայրում տեղադրելու համար օգտվում է տարբեր մեթոդներից, որին կոմպոզիցիա են կոչում: Կոմպոզիցիան, որը մեծ օգտագործում ունի իրանական արվեստում ու մասնավորապես Հարաթի դպրոցում և միջավայրերից շատերը դրա միջոցով են ստեղծվում, ոլորապտույտ կամ էսպիռալ կոմպոզիցիան է: Դա խորհրդանշում է կյանքի ռիթմը և գոյության աշխարհի շարունակական փոփոխությունն ու հարատևությունը: Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործությունների մեծ մասում մարդկային ֆիգուրների հարդարումը և կամ ընդհանուր կոմպոզիցիան ռիթմիկ ու ոլորապտույտ շարժում է պարունակում:

Միջավայրը տարբեր տեսակներ է ունենում: Իրանական ստեղծագործություններում նկատելի են տարբեր տեսակի միջավայրեր, այդ թվում թափուր կամ խցանված միջավայր և կամ գունավոր ու իմաստ ներկայացնող միջավայր: Իրանական ու հատկապես Հարաթի դպրոցի ստեղծագործություններում տիրական է եթերային միջավայրը: Եթերային աշխարհը մարմնավորում է բնությունը, ծառերը, ծաղիկներն ու թռչուններն ու նաև մարդու հոգեվիճակները: Մեծ արվեստագետներ կառչելով բնության նման խորհրդանիշներին փորձել են լուսամուտ բացել դեպի վերին աշխարհն ու անծայրածիր արքայությունը: Նրանք այս միջոցով դիտողին առօրյա նյութեղեն ու սովորական մակարդակից ավելի վեհ մակարդակի են բարձրացնում ու նրա ուշադրությունը հրավիրում են նյութեղեն աշխարհից վեր կանգնած այլ աշխարհի վրա: Իրանցի ու հատկապես Հարաթի դպրոցի նկարիչներին հաջողվել է արարել գեղագիտական միատարր մի համակարգ, որն ունի իրեն հատուկ սկզբունքներն ու կանոնները:

Բնության մասին Ղուրանի նկարագրությունը Բեհզադի բնապաշտական ստեղծագործության մեջ

 

Այս համակարգում գլխավոր սկզբունքը եթերային աշխարհի մարմնավորման միջոցով հոգևոր միջավայր ստեղծելու սկզբունքն է: Նման ստեղծագործություններում տարբեր ժամանակներում ու վայրերում տեղի ունեցած երեք կամ մի քանի իրադարձություններ առանց որևէ տրամաբանական կապի հայտնվում են իրար կողքի: Այս յուրահատկությունն իրանական ու հատկապես Հարաթի դպրոցի գեղանկարչություններում շարժական միջավայր է ստեղծել: Այս ստեղծագործություններում տարբեր վայրերում տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ ներկայացվելով միաձուլվում են ներքին ու արտաքին միջավայրերը և այդպիսով երևակայական միջավայրն առավել ընդլայնվում է:

Իրանցի գեղանկարիչը պատկերելով եթերային միջավայրեր կարողացել է դիտողին նյութեղեն ու առօրյա կյանքի հորիզոնից բարձրացրել  առավել վեհ մակարդակի և նրա ուշադրությունը հրավիրել այս աշխարհից վեր կանգնած այլ աշխարհի վրա: Աշխարհ, որ իրեն յուրահատուկ ժամանակ, վայր, գույններ ու ֆիգուրներ ունի: Նման ստեղծագործություններում ու եթերային միջավայրի պատկերման հարցում գույնը կարևոր դերակատարություն ունի: Երկնքի կապույտի ֆոնին ամպերի համար ոսկեգույնի օգտագործումը ոչ-երկրային ու անիրական միջավայր է ստեղծում:

Իրանական նկարչության ու մասնավորապես Հարաթի դպրոցում ու Բեհզադի ստեղծագործություններում ոսկեգույնն ընդհանրապես օգտագործվում է պատկերելու համար լույսն ու ամեն ինչի գունավոր ու երևակայական տեսք է տալիս: Իրանական նկարչության մեջ նույնիսկ գիշերվա պահին գույնով ու լույսով հագեցած միջավայր ենք նկատում: Ոսկեգույնն ու արծաթագույնն օգնում են միջավայրի մասին մտային պատկերացում կազմելուն: Հարաթի դպրոցում հեռուն ցույց տվող գույները դանդաղորեն կարմրագույնից փոխվում են գայթակղիչ կապույտի, իսկ ոսկեգույն այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններում իր արժեքավոր դիրքն է զբաղեցնում:

 

 

Feb 21, 2018 20:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ