Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում անցնելու ենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթ քաղաք և ծանոթանալու ենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադին, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

----------------

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով  հայտնի իրանցի անվանի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռուհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Միրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բեհզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ ոմանք էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում: 

 

Քեմալեդդին Բեհզադի կիսանդրին՝ Թավրիզում

 

Իրանական արվեստն ունի իր առանձնահատկությունները, որոնք յուրահատուկ գրավչություն են առաջացնում, ինչն անկարող են ստեղծել արվեստներից շատերը: Մարդկային ֆիգուրներն իրանական գեղանկարչության մեջ պատկերային կարևոր տարրերից են համարվում և դրանց գծագրումն ու կոմպոզիցիան ազդված են իրանական գեղագիտության սկզբունքներից և հետևում են որոշակի ձևաչափի: Քեմալեդդին Բեհզադի նկարչական ստեղծագործություններում մարդու ներկայությունը յուրահատուկ նշանակություն ունի: Նա ուշադրություն է ցուցաբերել կյանքի իրական շրջապատում մարդու ներկայացմանը և իր ստեղծագործություններում մարդուց իրատեսական պատկեր է ներկայացնում:

Նկատի առնելով իրանական գեղանկարչության մեջ մարդկային ֆիգուրների նշանակությունը դրանց գծագրման ու ներկայացման եղանակը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ու նկարչական տարբեր դպրոցներում շարունակ արծարծված է եղել: Արևմտյան գեղանկարչության մեջ մարդկային ֆիգուրը հիմնված է արևմտյան բնապաշտական մտքի վրա և մարդկային ֆիգուրների ու նույնիսկ մարմնի անդամների ներկայացման հարցում հակված է եղել իրապաշտությանը: Հեռավոր Արևելքի գեղանկարչության մեջ բնական երևույթների դիմաց մարդու դիրքը մասամբ անտեսման է ենթարկվել ու ընդհանրապես մարդը պատկերվել է, որպես բնության աննշան ու փոքրիկ մի տարր: Մասնագետների համոզմամբ իրանական պատկերացման ու մտածողության համաձայն մարդկային ֆիգուրը տեղավորվում է  արևմտյան ու արևելյան մտածողության միջև:

Իրանական գեղանկարչությունն ազդված է կրոնական համոզումներից: Իրանական գեղանկարչության մեջ մարդու էությունը բացի նրա ֆիզիկական գոյությունից հակված է դեպի մարդուց գոյություն ունեցող երևակայական կամ իդեալական պատկերացումը: Անկասկած պարսից գրականությունն իրանական գեղանկարչության մեջ նման մոտեցման հիմնական սկզբնաղբյուրն է հանդիսացել: Քանի որ իրանական գեղանկարչական ստեղծագործություններից շատերի թեման ներշնչված է պարսից պոեզիայից, որտեղ միստիցիզմը գլխավոր դերակատարություն ունի:

Իրանական գեղանկարչություն

 

Բացի այդ մարդկային ֆիգուրների գեղագիտության կապակցությամբ պարսից գրականության ու գեղանկարչության ընդհանուր ու իրար նմանող տեսակետները, ժողովրդային մշակույթը և արվեստի հիմնադիրների ու հովանավորների ճաշակը նույնպես իրանական գեղանկարչության ու հատկապես Հարաթի դպրոցում մարդկային ֆիգուրների ներկայացման հարցում ազդեցություն է գործել:

Քեմալեդդին Բեհզադը լինելով Հարաթի դպրոցի առաջատար դեմքերից մեկն իր ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է ցուցաբերել հանդեպ մարդը: Նա կողմնակի կերպով իր նկարչական ստեղծագործություններում իրապաշտական հայացք ունի հանդեպ մարդը և առանց շրջանցելու իրանական գեղանկարչության մեջ տեսական ու կիրառական սկզբունքները իրանական գեղանկարչության մեջ մարդկային ֆիգուրների իրապաշտական ներկայացման տարածողներից է եղել:

Արվեստի քննադատների դիտանկյունից իրանական նկարչության մեջ մարդկային ֆիգուրների պատկերման հարցում Քեմալեդդին Բեհզադի նվաճումները եզակի են: Դա վերադառնում է կյանքի իրական միջավայրում մարդու վերաբերմունքի ու հակազդեցության վերարտադրման հանդեպ Բեհզադի յուրահատուկ հայացքին, ինչը մինչև Բեհզադը նախընթաց չի ունեցել իրանական նկարչության մեջ: Դա նկատելի է աշխատող բանվորների կամ հասարակության մեջ ժողովրդի առօրյա կենցաղը և վարք ու բարքը ներկայացնող տեսարաններում: Հենց դա էլ համարվում է Քեմալեդդին Բեհզադի նկարչության հիմնական յուրահատկություններից մեկը, որը ոչ միայն տարբերվում է նրան նախորդող նկարիչներից, այլև հիմնական փոփոխություն է առաջացնում Հարաթի դպրոցում:

Բեհզադի ստեղծագործություններում իրատեսությունն արտահայտում է կյանքի հանդեպ նրա խոր զգացմունքը: Արվեստի քննադատների համոզմամբ Բեհզադը նկատելով իրեն շրջապատող միջավայրը և օգտվելով երևակայության ուժից իր նկարչություններում մարդուց քնարական իրականություն է պատկերել: Միևնույն ժամանակ Բեհզադի ստեղծագործություններում թեմայի հոգևոր ընկալումը երբևէ չի զոհաբերվում իրական ու առօրյա իրականությունների պատկերմանը: Իրականության մեջ նա շեշտը դնելով մարդկանց արարքների թաքուն իմաստի վրա փորձ է կատարել իրանական նկարչություն մտցնել պատկերի լեզուն ու իրեն յուրահատուկ իրատեսությունը:

Խորանղի պալատի կառուցումը Նեզամիի «Խամսե»-ից, Հարաթ, Քեմալեդդին Բեհզադ, լուսնային հիջրեթի շուրջ 899 թվական (1494), Բրիտանիայի թանգարան, Լոնդոն

 

Բեհզադի ստեղծագործությունները նախորդներից առանձնացվում են մարդկային ֆիգուրների պատկերմամբ: Հակառակ նրան նախորդած նկարիչների ստեղծագործություններին, Բեհզադի ստեղծագործություններում ֆիգուրները միայն մարդկային պատկեր չեն կրում այլ կրում են անկախ անհատականություն և նրանցից յուրաքանչյուրի դեմքը տարբերվում է մյուսից: Ասես Բեհզադը մարդկանց պատկերել է այդ ժամանակներում գոյություն ունեցող իրական օրինակների հիման վրա: Հավանաբար դրա պատճառով էլ նրան իրանական դիմապատկերի ոճի հիմնադիրն են համարում:

Բեհզադի ստեղծագործություններում մյուս կարևոր կետը յուրաքանչյուր պատկերում տարրերի ու մասերի միջև համապատասխանությունն է: Մինչև Քեմալեդդին Բեհզադն այդ ներդաշնակությունը չէր հարգվում և յուրաքանչյուր կերպար համապատասխան իր զբաղեցրած հասարակական դիրքին կամ պաշտոնին մեծ կամ փոքր էր պատկերվում: Բեհզադի ստեղծագործություններում պալատի սպասավորը, հասարակ ժողովուրդն ու նույնիսկ չքավոր մարդիկ պատկերվել են թագավորի ու արքայազնների մեծությամբ: Քննադատները համոզված են, որ այս յուրահատկությունն արտացոլում է Բեհզադի միստիկական աշխարհահայացքը, որն արմատ ունի Ջամիի և Ամիր Ալիշիր Նավայիի նման մեծությունների աշխարհահայացքում:

Բեհզադն իր ստեղծագործություններում ուշադրություն է ցուցաբերել հանդեպ ֆիգուրների հարմար դասավորությանը կամ կոմպոզիցիային և ինչպես արդեն ասացինք մարդկային ֆիգուրների ներկայացման ժամանակ օգտվել է ոլորապտույտ կոմպոզիցիայից ինչը կենսունակություն է փոխանցել պատկերի տարրերին:  Բեհզադն իր ստեղծագործություններում մարդուն ներկայացնելու համար նաև օգտվել է ճարտարապետական տարրերից և այդպիսով կարողացել է մարդուց և նրան շրջապատող միջավայրից նոր պատկերացում ստեղծել: Այդ պատճառով էլ Բեհզադի մարդկային ֆիգուրներով հարուստ ստեղծագործություններում ամեն ինչ առանց խաչաձևումի գտնվում է իր տեղում:

 

 

 

Feb 28, 2018 17:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ