Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում անցնելու ենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթ քաղաքը և ծանոթանալու ենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադի հետ, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է ստեղծել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

Քեմալեդդին Բեհզադի կիսանդրին՝ Թավրիզում

 

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով հայտնի իրանցի հայտնի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռուհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Մաիրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բհեզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ որոշներն էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում:

Քեմալեդդին Բեհզադին վերագրվող տապանաքարը Մոխթար լեռան հարևանության մեջ

 

Բանասերները Քեմալեդդին Բեհզադից հիշատակ մնացած ստեղծագործությունները դասակարգել են դիմանկարներ կամ իրական ու կենդանի  իրադարձություններ, գրքերի պատկերազարդումներ, ինչպես նաև գրական ստեղծագործությունների հիման վրա անկախ պատկերներ խորագրերի ներքո: Որոշ արվեստաբաններ նկատի առնելով իր ստեղծագործություններում մարդու հանդեպ Բեհզադի ցուցաբերած հատուկ ուշադրությունը նրա ստեղծագործությունների դասակարգման ժամանակ նկատի են ունեցել մարդկային ֆիգուրների թեմատիկ ու պատկերային բազմազանությունը: Այս դասակարգման համաձայն Բեհզադի ստեղծագործություններում մարդկային ֆիգուրները կարելի է բաժանել «Քնարական ֆիգուրներ», «Դերվիշների ֆիգուրներ» և «Ընդհանուր ֆիգուրներ» խմբերի:

Իրանական գեղանկարչության մեջ «Քնարական ֆիգուրներ»-ը մեծ տարածում ունեն: Այս ֆիգուրների հիմնական թեման ու ներշնչանքի աղբյուրը պարսից գրականությունն ու պոեզիան է և Պարսից գրականության քնարական ու դյուցազնական բանաստեղծությունները կարելի է դրանց լիարժեք խորհրդանիշը համարել: Այս կարգի ֆիգուրների պատկերումն իրանական ավանդական գեղանկարչության մեջ երկար անցյալ ունի և նկարչական տարբեր դպրոցներում ձեռքից ձեռք է փոխանցվել: Բեհզադն էլ իրեն նախորդող արվեստագետների նման ուշադրություն է ցուցաբերել այդ ֆիգուրների պատկերման ընդհանուր կաղապարին և դրանից օգտվել է պատկերելու համար այնպիսի թեմաներ, որոնց հիմքում ընկած են սերը, երիտասարդության տարիները, խրախճանքն ու ռազմի դաշտը: Այս կարգի նկարչություններում հանդիպում ենք որոշված, սահմանափակ ու հաճախ կրկնվող թեմաների և այդ պատճառով էլ քնարական ֆիգուրներում Բեհզադի ստեղծագործական ճաշակից ու հնարամտություններից որևէ հետք չի նկատվում:

Բեհզադի քնարական ֆիգուրներում դեմքերը պատկերված են շրջանին մոտեցող ձվաձևով, առանց այտերի և մաշկի բաց գույնով: Այդ դեմքերի վրա կնճիռներ չկան և ասես բոլորն էլ երիտասարդ տարիքում են գտնվում: Տղամարդիկ հաճախ պատկերված են առանց մորուքի և երբեմն դեմքին բեղ ու մորուք ավելացվելով նրանց դեմքն ավելի տղամարդկային է դարձել: Բարակ ու երկար հասակն այդ ֆիգուրների յուրահատկություններից է: Բեհզադի քնարական ֆիգուրներում անատոմիայի գծագրման մեջ սեռն այնքան էլ մեծ դերակատարություն չունի: Բեհզադի ստեղծած նման ֆիգուրներում տղամարդկային ու կանացի կերպարանքները ֆորմի ու համաչափության տեսակետից միանման են: Բեհզադի քնարական ֆիգուրներում տղամարդիկ ու կանայք միայն առանձնացվում են իրենց գլխի ու դեմքի բաժնում կրած հագուստով: Օրինակ տղամարդիկ պատկերված են իրենց գլխին նկատվող գլխարկով, թագով կամ  փաթաթանով, իսկ  կանայք ծածկոցով և եռանկյունաձև կամ էլ սովորական գլխաշորով: Պատկերային այս յուրահատկությունն իրանական գեղանկարչության մեջ երկար անցյալ ունի և ներշնչված է պարսից գրականության մեջ մարդու դեմքի ու մարմնի գեղեցիկ նկարագրությունից:

Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործություններում քնարական ֆիգուրների նմուշներ

 

Բեհզադի ստեղծագործություններում մարդկային ֆիգուրների երկրորդ խումբը «Դերվիշային ֆիգուրներ»-ն են: Բեհզադը հասակ է նետել միստիկական ուսուցումներից ու սուֆիական հույզերից ազդված միջավայրում: Նրա անվանի ուսուցիչներից Խաջե Միրաքը և Մոլանա Դարվիշ Մոհամմեդը ինչ-որ կերպով հակված են եղել սուֆիզմին: Բեհզադի գլխավոր հովանավորներից համարվող Սոլթան Հոսեյն Բայղարայի նախարար Ամիր Ալիշիր Նավային Նաղշբանդիե աղանդի հայտնի դեմքերից է եղել: Բեհզադն ինքն էլ նիստ ու կաց է արել ժամանակի հայտնի միստիկ ու գրականագետ Շեյխ Աբդոլռահման Ջամիի հետ ու այդ պատճառով էլ Բեհզադի ստեղծագործություններում ակնհայտ է սուֆիական գաղափարների ու սիմվոլների ազդեցությունը: Դերվիշային ֆիգուրները լավագույն միջոցն են որի օգնությամբ կարելի է ծանոթանալ Բեհզադի ստեղծագործություններում այդ ազդեցության հետքերին: Այս ֆիգուրները նկարված են հավաքական կամ անհատական կերպով և երբեմն էլ պատկերվել են քնարական կամ սովորական ֆիգուրների կողքին:

Այս կարգի ֆիգուրների դեմքը համեմատաբար քաշված է և հակառակ քնարական ֆիգուրներին նրանց այտերը ուռուցիկ ու ոսկրոտ են: Դերվիշային ֆիգուրների մաշկի գույնը մուգ է: Հաճախ սև, սրճագույն կամ սպիտակ երկար ու կանոնավոր մորուքը, հասակի կարճությունն ու կորությունը և ընդհանրապես ծերունու կերպարանք կրելը Բեհզադի ստեղծագործություններում այս տեսակ ֆիգուրների յուրահատկություններից են:

Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործություններում դերվիշային ֆիգուրների նմուշներ

 

Բեհզադի ստեղծագործություններում մարդկային ֆիգուրների երրորդ խումբը ընդհանրական ֆիգուրներն են: Բեհզադի ստեղծագործություններում ընդհանրական են կոչվում այն ֆիգուրները, որոնք մարդկանց պատկերում են առօրյա աշխատանքի պահին: Թեյմուրյան շրջանի արհեստներից շատերում կարելի է սուֆիզմի ինչ-որ հետք գտնել: Այս ուսմունքն ակամայից համապատասխանել է Բեհզադի հոգեկան ու ներքին ապրումներին: Հավանաբար մանկության շրջանում Բեհզադի որբություն ու չքավորությունը հասարակության այդ խավի հանդեպ նրա հակման հարցում դերակատար են եղել: Ընդհանուր առմամբ Թեյմուրյան ժամանակաշրջանում Իրանի հայտնի քաղաքների, այդ թվում Սամարղանդի ու Հարաթի ընդհանուր պատկերը Բեհզադի ստեղծագործություններում նման ֆիգուրների ստեղծման համար ներշնչման աղբյուր է համարվել և Խորնաղի պալատի կամ Սամարղանդի մզկիթի կառուցման պատկերները կարելի է նման ֆիգուրների օգտագործման գագաթնակետը համարել:

Ընդհանրական ֆիգուրները երբեմն քնարական ֆիգուրների նման կլոր և առանց բեղերի, իսկ երբեմն էլ դերվիշների նման սուր ու մորուքավոր են: Բեհզադի ստեղծագործություններում հասարակության այս խավի մաշկի գույնը բազմերանգ է և ինչ-որ կերպով արտացոլում է հասարակության տարբեր խավերն ու նույնիսկ ազգությունները: Այս բազմազանությունը նաև նկատվում է ֆիգուրների ֆորմում ու պատկերման վիճակում, հատկապես որ ընդհանրական ֆիգուրները հաճախ պատկերված են աշխատանքային բնական եռուզեռի ու ակտիվության պայմաններում: Օրինակ շինարարներն ու սպասավորները երկար ու քաշված հասակ ունեն ու նրանց հասակը նույնիսկ գերազանցում է քնարական ֆիգուրներին: Գյուղացիներն ու հովիվները կարճահասակ ու գեր են պատկերված: Արվեստաբանների համոզմամբ ընդհանրական ֆիգուրները կարելի է Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործություններում ֆիգուրների գլխավոր տեսակը համարել, ինչն արտացոլում է մարդկային ֆիգուրների պատկերման գործում նրա կարողությունն ու մտքի թռիչքը:

Քեմալեդդին Բեհզադի ստեղծագործություններում ընդհանրական ֆիգուրների նմուշներ

 

 

 

Mar 07, 2018 20:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ