Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում ձեզ կծանոթացնենք իրանցի կենսագիր ու բանաստեղծ Ալիղոլի Վազիրիի կյանքին ու գործունեությանը:

Վալե Ղաղեսթանի անվամբ հայտնի Ալիղոլի Խանը ծնվել է լուսնային հիջրեթի 1124 թվականի սաֆար ամսին՝ Սեֆևյան Շահ Սոլթան Հոսեյնի թագավորության օրոք՝ Սպահան քաղաքում: Վալեի հայրը՝ Մոհամմեդ Ալիխանն էր, ով լուսնային հիջրեթի 1126 թվականին ստանձնում է Երևանի բեյգլաբեյգի պաշտոնն ու իր ընտանիքի հետ միասին մեկնում է այդտեղ: Մոհամմեդ Ալիխանը պետական պաշտոնում զարգանալով տիրանում է սպարապետի և Երևանի ու Ատրպատականի իշխանի կոչումներին և Սեֆևյան թագավորի կարգադրությամբ պարտականություն է ստանում նվաճել Ղանդահարը և սանձել այդ տարածքում աֆղանների միջոցով հրահրված սադրանքը: Սակայն Ղանդահար չհասած Նախիջևանում վախճանվում է: Նրա մարմինը փոխադրում են Նաջաֆ և հողին են հանձնում շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի դամբարանի հարևանությամբ: Այդ ժամանակ Վալեն ընտանիքի հետ միասին վերադառնում է Սպահան: նա լուսնային  հիջրեթի 1129 թվականին Սպահանում դպրոց է հաճախում ու աշակերտում է այդ ժամանակների գիտության ու գրականության հայտնի ուսուցիչների: Այդ տարիներին Վալեն ապրում է իր հորեղբոր՝ Հասան Ալիխանի խնամակալության ներքո ով հոգ է տանում նրա մասին: Հասան Ալիխանը տանը Խադիջե Սոլթան անունով դուստր ուներ, որ գրեթե համատարիք էր Վալեի հետ: Երբ Վալեն դպրոց է հաճախում Հասան Ալիխանը դստեր համար ուսուցիչ է վարձում, որպեսզի նրան տանը դասեր տա: Նա Ղուրանը սերտելուց հետո աստվածատուր ընդունակության պատճառով տիրապետում է արաբերենին, պարսկերենին, պատմությանն ու գրականությանը, սակայն չի կարողանում ավարտին հասցնել ուսումը:

Լուսնային հիջրեթի  1133 թվականին Վալեի հոր հորեղբայրը՝ Ֆաթհ Ալիխանը, որ Սեֆևյան Սոլթան Հոսեյնի արքունիքում նախարարի պաշտոն ուներ, թագավորությանը տիրանալու մեղադրանքով զրկվում է պետական բոլոր պաշտոններից ու դրանից հետո Վալեի գերդաստանի բոլոր երեցներն, այդ թվում նրա հորեղբայրներն ու եղբայրները պաշտոնազրկվում ու կալանավորվում են: Նույն տարվա վերջերին աֆղանները ներխուժում են Սպահան և պաշարում են այդ քաղաքը: Այդ տարածքում պատերազմի վտանգ է հասունանում: 1135 թվականի մոհառամ ամսին Մահմուդ Աֆղանը գրավում է Սպահանը և կալանավորելով Սեֆևյան Սոլթան Հոսեյնին ինքը նրա փոխարեն նստում է գահին ու մինչև լուսնային հիջրեթի 1142 թվականը յոթ տարի թագավորում է Սպահանում: Այդ օրերին էլ Վալեի և նրա հորեղբոր դստեր՝ Խադիջեի դառն ճակատագրի ականատես ենք լինում: Վալեն իր գրքի ավարտին տեղադրած կենսագրության մեջ ակնարկ է կատարել այս հարցին թե ինչպես «Ժամանակի մատռվակը նրանց համար դժբախտության գինի է լցրել գավաթը»: Վալեի մայրը հակառակում է նրանց պարզ կերպով ամուսնացնելու Խադիջե Սոլթանի մոր առաջարկության հետ և դա դառնում է նրանց դառն բաժանման սկիզբը, որին Վալեն հուզումով անդրադարձել է իր գազելներում: Մի առ ժամանակ անց Մահմուդ Աֆղանի ճնշումների ու սպառնալիքների ներքո Խադիջե Սոլթանի ընտանիքը պարտավորվում են նրանց ամուսնացնել Մահմուդ Աֆղանի մերձավորներից մեկի հետ: Այդ տխուր դեպքից հետո Վալեն խելագարների նման քաղաքի փողոցներում ու շուկայում իր սերն էր որոնում: Այդ թվականներին Սեֆևյան Թահմասբ Բ թագավորը մտնում է Սպահան և աֆղանները նահանջում են Քերմանի ու Ֆարսի կողմերն ու Աշրաֆ Աֆղանը սպանվում է Բալուչեստանի մերձակայքում:

Վալեն, որ Խադիջեին կորցնելու ցավից հուզված ու մոլորված վիճակում էր, Նադեր Շահի ուժ ստանալու ժամանակ՝ լուսնային հիջրեթի 1144 թվականին՝ 20 տարեկան հասակում լքում է հայրենիքն ու մեծ տառապանքներ կրելուց հետո հասնում է Հնդկաստան: Բազմաթիվ կենսագիրներից բացի ինքն էլ այդ ուղևորության պատճառը հորեղբոր դստեր հանդեպ այրող սերն է  բնութագրել:

Փաստերի վկայությամբ Վալեն Հնդկաստան է մուտք գործել 1146 թվականին: Նա Թաթհարաբադից Խոդաաբադ ու այնտեղից էլ Բեքհար ու Մոլթան, հետո Լահուր և ի վերջո Շահ Ջահան Աբադ է մեկնել ու այդտեղ էլ բնակություն է հաստատել: Հնդկաստանի Թեյմուրյան Մոհամմեդ Շահ թագավորն ու նրա պալատականները նրան արքունիք մտնելու և արքային ծառայելու հրավեր են ուղարկում: Վալե Ղաղեսթանին սկզբում իրեն այդ պաշտոնին արժանի չհամարելով մերժում է հրավերը, սակայն թագավորի իրարահաջորդ հրահանգների պատճառով մի քանի օրից իր համաձայնությունն է տալիս ու մտնում է Հնդկաստանի Մոհամմեդ Շահի մերձավորների շարքը: Կարճ ժամանակ անց մեծ համակրանքի արժանանալով տիրանում է բարձր պաշտոնների:

Հնդկաստանում ապրած բոլոր տարիներին չնայած պալատական աշխատանքին ու բազմաթիվ ընկերների հետ նիստ ու կացին, Վալեն չի մոռանում իր սիրեցյալին՝ Խադիջե Սոլթանին ու շարունակ նրան հիշելով նրա մասին բանաստեղծություններ է գրում և պահում է նրա հետ նամակագրության կապերը:

Այս նամակն սկսում եմ այն Աստծո անվամբ

Ով քո սերը նետեց իմ սրտում

Երբեմն մեր միացումը մոտեցրեց

Ու երբեմն է մեզ իրարից անջատեց:

Մի օր իմ հիշողությունը հանեց քո մտքից

Ու մի օր էլ քո հիշողությամբ ինձ ուրախացրեց:

Արդեն լրացավ տասնչորս տարին

Որ քո կարոտից տառապում եմ

Հարյուրից ավելի նամակներ եմ քեզ գրել

Իմ հոգու հույզերն եմ քեզ պատմել:

Հնդկաստանում բնակվելու տարիներին Վալեն պետական պաշտոններ ունեցող ու նաև բազմաթիվ բանաստեղծ  ընկերներ է գտնում, որոնք երթևեկում են նրա տունն ու նույնիսկ նրա տանը գրական հավաքներ են կազմակերպում, բայց այդ շրջանում նրա ամենամտերիմ բարեկամը Շամսեդդին Ֆաղիր Դեհլավին էր, ում պատմում էր իր սրտի բոլոր գաղտնիքները: Վալեն նրան պատմում է իր սիրո պատմությունը: Նա Վալեից խնդրում է թույլ տալ դա չափածոյի վերածել: Այդպիսով իր հորեղբոր դստեր Խադիջե Սոլթանի հանդեպ Վալե Դաղեսթանիի սիրո պատմությունը ծնունդ է տալիս Ֆաղիր Դեհլավիի «Վալեն ու Սոլթան»-ը մասնավիին:

Այդ պոեմը ստեղծել  է լուսնային հիջրեթի 1160 թվականին Նեզամիի «Լեյլի ու Մաջնունի»-ի օրինակով և պարունակում է 3230 երկտող, սակայն ընթերցողին չի պատմում սիրո պատմության եզրահանգման մասին, քանի որ Խադիջե Սոլթանն ու Վալեն երկուսն էլ ողջ էին ու իրար միանալու հույսեր էին փայփայում: Խադիջե Սոլթանի հանդեպ Վալեի սերն ու նրան միանալու հույսը երբևէ չի խամրում: Վալեն շարունակ փափագում էր Իրան վերադառնալ ու գնալ Սպահան և իր բանաստեղծություններում էլ բազմիցս ակնարկ է կատարել դրան:

Հնդկաստանում Սպահանի կարոտից շատ արտասվեցի

Գանգեսը ամոթահար մնաց իմ Զենդեռուդից:

Մինչև կյանքի վերջին օրերը Վալեն երազել է Իրան վերադառնալու մասին ու նախանձով է անդրադարձել նրանց ովքեր Հնդկաստանից Իրան էին վերադառնում:

Երանի է այն օրը, երբ դեպի Իրան կձգի իմ սիրտը

Գրավչությունը գործի կանցնի ու ինձ Սպահան կտանի:

Թեև Վալեն չկարողացավ ավարտել իր ուսումը, սակայն իր ժամանակի գլխավոր մասը հատկացրեց բանաստեղծների երկերի ու դիվանների ընթերցմանը և այդ գիտելիքների շնորհիվ էլ կարողացավ ստեղծել «Թազքարե Ռիազ Օլ-Շոառա»-ն: Վալեն կենսագրությունների այդ գրքի ավարտին ակնարկ է կատարում այդ հարցին:

Ազադ Բելգրամիի ու Ղոդրաթոլլահ Գուփամոյի նման կենսագիրները վկայում են, որ Վալեն Հնդկաստանում Խադիջե Սոլթանի կարոտից տառապալի օրեր է ունեցել: Կենսագրություններում ասված է, Խադիջե Սոլթանը որ Վալեին տեսության գնալու համար Հնդկաստան էր ուղևորվել որոշում է գնալ Քյարբալա և այնտեղից Բասրա մեկնելով ծովային ճանապարհով Հնդկաստան հասնել, սակայն Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում մահանում է: Ասվում է, որ Խադիջե Սոլթանի մահվան լուրն առնելուց հետո Վալե Դաղեսթանին հոգեկան ծանր պահեր ապրելով մի քանի ամիս անց ինքն էլ վախճանվում է: Վալե Դաղեսթանին վախճանվել է լուսնային  հիջրեթի 1170 թվականին՝ 46 տարեկան հասակում, Դեհլիում ու հողին է հանձնվել նույն քաղաքում: Սակայն այսօր նրա գերեզմանից հետք չի մնացել:

Mar 25, 2018 19:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ