Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

 

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենը հայտարարել է, որ 180 հրավեր է հղվել արտասահմանյան փառատոների ներկայացուցիչներին՝ Իրանում կայանալիք «Ֆաջր» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:

Իրանի ռադիո_հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մահսա Ֆարիբան ասել է.-«Այս տարի միջազգային փառատոնների մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպիսիք են Նանթը, Բրիսբինը, Դուբլինը, Պուսանը, Լուկառնոն, Սան Սեբաստիանը, Թալիննը, Ժնևը, Ստամբուլը, Ստոկհոլմը և Եվրասիան, գալիս են Իրան` մասնակցելու 36-րդ «Ֆաջր»  միջազգային կինոփառատոնին»:

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենն ասել է.«Ասիական երկրներից փառատոնին կմասնակցեն Արևելյան Ասիայի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Մալազիան, ինչպես նաև Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները»:

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա,  2018 թ ապրիլի 19-27-ը , (Ֆարվարդինի 30-ից մինչև օրդիբեհեշտի 7-ը, 1397 թ.) Թեհրանում:

 

Վատիկանում ապրիլի 5-ի երեկոյան առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի հանրահայտ «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտ»-ի գրաբարյան մշակումը: Ստեղծագործությունը նա գրել էր 1985 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Ստեղծագործությունից մի հատված կատարել է Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Միրզոյան քառակի նվագակցությամբ:

Միրզոյան քառյակի հիմնադիր, արտիստ Սոնա Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քառյակն այս տարի նշում է հիմնադրման հնգամյակը: «Մեզ համար հոբելյանական տարում, նաև այս խորհրդանշական օրը, մեր նվագակցությամբ հնչեց Շնիտկեի մշակումը, որն ընդհանրապես ռուսերեն է` նախատեսված երգչախմբի համար: Վաչե Շարաֆյանը հատուկ Միրզոյան քառյակի համար արել է համապատասխան մշակում` կապված այս կարևոր օրվա հետ: Եվ ինչպես դուք նկատեցիք, մենք վերադարձրեցինք գրաբարյան տեքստը»,-ասաց նա:

Ազարյանի խոսքով` Շնիտկեի կոնցերտը` Նարեկացու օրիգինալ տեքստով, ներկայացվել է առաջին անգամ: «Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա»,-հավելեց նա:

Նույն օրը Վատիկանի պարտեզներում հանդիսավորությամբ բացվեց Տիեզերական վարդապետ, սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը:

Հովհաննես Թումանյանի թանգարան

 

2017-ին Հովհաննես Թումանյանի թանգարանն ունեցել է 44 520: 2016-ի համեմատ արտաբյուջեն գերակատարել է շուրջ 20 տոկոսով: Նման տվյալներ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

2017 թվականին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանին պետբյուջեից տրամադրվել է 30 ու կես միլիոն դրամ սուբսիդիա:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ թերակատարում է արձանագրվել թանգարանային նյութի թվայնացման աշխատանքում: Ուժերը չեն բավարարում, խնդիրը լուծելու համար Թանգարանն ակնկալում է կամավորների աջակցությունը, ուստի նախարար Ամիրյանը հանձնարարել է նախարարության անունից ևս հրապարակավ դիմել հնարավոր կամավորներին:

Թանգարանի տնօրենը հայտնել է, որ սկսել են պատրաստվել Մեծ բանաստեղծի 150-ամյակին: Հիշեցնենք,  հոբելյանը 2019-ին է:

«Շատ ծրագրեր արդեն սկսել ենք: Թարգմանական գործն առաջ է «ընկնում», ծրագրում ունենք շնորհանդեսներ, համահայկական օլիմպիադաներ, հրատարակություններ, այդ թվում՝ Ակադեմիական 10 հատորյակը: Առաջին հատորը լույս կտեսնի առաջիկայում: Հաջողության դեպքում 4-5 տարիների ընթացքում կունենանք բոլոր տասը հատորները: Ծրագրում ենք «Թումանյանի անցած ճանապարհով» շրջագայությունների մեծ նախագիծը, որը ենթադրում է ուղևորություն և տարատեսակ միջոցառումներ ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլև Վրաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պոլսում»,-ասել է Նարինե Թուխիկյանը:

Նրա տեղեկացմամբ, ծրագիրը նախապես կհրապարակվի, և ցանկացողները որոշակի վճարով կարող են միանալ շրջագայությանը:

Թանգարանը շուրջօրյա միջոցառումների ծրագիր է մշակել հենց Թումանյանի ծննդյան օրվա՝ փետրվարի 19-ի համար: Երկու գիրք հրատարակելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական կողմի հետ: Ծրագիրը նախատեսում է Թումանյանի հեքիաթները՝ պարսկերեն և իրանական հեքիաթներ՝ հայերեն: Նույնանման ծրագրի շուրջ բանակցում են նաև Ճապոնիայի դեսպանության հետ:

 

Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառում, որն անցկացվել է մարտի 25-29-ին, Երևանի «Զանգակ» հրատարակչությունն ընդգրկվել է Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների մեջ:

«Չորս օրվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր հրատարակիչների հետ, քննարկել մի շարք նոր առաջարկներ, նոր գրքեր հրատարակելու գաղափարներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

Նրա խոսքով` իրենց համար անակնկալ էր, մեծ պատիվ և պատասխանատվություն այդ ցուցակում հայտնվելը: «Առաջ մտածում էինք, որ մեզ վրա միայն մեր երկրի սահմաններում են ուշադրություն դարձնում, պարզվեց, որ նաև արտերկրից են մեզ հետևում: Տոնավաճառում ցուցադրել էինք 43 անուն գիրք, իսկ Բոլոնիայի կազմկոմիտեին որպես մրցանակային գրքեր ներկայացրել «Ժիրո» այբբենարանը, «Կապույտ աղվեսը», «Չիփչունիչուն» և  «Ծուռ Դավիթը» գրքերը»,-ասաց Մեսրոպյանը:

Նա նշեց, որ տոնավաճառի ներքին խոհանոցին ծանոթ չէ և չգիտի, թե ինչ սկզբունքով է իրականացվել ընտրությունը:

Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է եղել առանձին տաղավարով: Իրենց լավագույն գրքերն են ցուցադրել «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «GSM Studio» հրատարակչությունները:

«Սարոյանը և Հայաստանը»

 

Երևանում բացվել է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը և մեկնարկել է «Երևան» հյուրանոցի բնակիչները» համատեղ նախագիծը։ Նախագիծը իրականացնում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցը համատեղ։

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի ապրիլի 7-ից։

2018 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր Գրականության և արվեստի թանգարանը Երվանդ Քոչար թանգարանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ նախաձեռնում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կազմակերպել ցուցահանդեսների շարք՝ նվիրված հյուրանոցի մշտական բնակիչներին և նշանավոր հյուրերին։

1920-1930-ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի գիտության նշանավոր ներկայացուցիչներ Եղիշե Չարենցը, Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Փափազյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Երվանդ Քոչարը, Փանոս Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք։

Այս գործիչների մասին հարուստ վավերագրեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, որոնք առանձին խորագրերով կցուցադրվեն հյուրանոցում։ 

Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը

 

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:

Լեգենդ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004 թվականի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է:

 

Ազնավուրի Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել: Եվ ահա «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով:

«Ազնավուրի արտիստական տաղանդը և փայլուն խաղը յուրահատուկ գույն է տվել  Ժան-Դանիել Վերխակի «Հայր Գորիո» ֆիլմին, որը ժամանակի ինքնատիպ կինոնկարներից է: Մենք չափազանց ուրախ և հպարտ ենք, որ Շառլ Ազնավուրն իր համաձայնությունն է տվել ֆիլմից այս կադրն որպես գրքի շապիկ օգտագործելու համար»,- նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

«Փարաջանովի օր»

 

Կինոռեժիսոր, նկարիչ  Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, նրա ընկեր Զավեն Սարգսյանը «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում տեղի ունենացած «Փարաջանովի օր» միջոցառմանը ներկայացրեց կինոռեժիսորի կյանքի հետ կապված հարյուրից ավելի բացառիկ լուսանկարներ եւ դրանց հետ կապված յուրահատուկ պատմություններ։ Ներկայացվեցին նաև թանգարանից բերված բացառիկ նմուշներ։

«Լոֆթ» ցանցի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանը նշեց, որ «Զեմֆիրայի օր» և «Ֆրիդայի օր» միջոցառումներից հետո որոշվել է անցկացնել նաև հայ արտիստին նվիրված օր և ընտրություն կանգ է առել Սերգեյ Փարաջանովի վրա, որովհետև «նա ամենաբազմակողմանի ներկայացվելիք արտիստն է»։ 

Միջոցառմանը «Փարաջանով» թեմայով դասախոսություն-քննարկումը վարեց կինոգետ Արծվի Բախչինյանը։ Նա «Արմենպրես»-ին ներկայացրեց. ««Լոֆթ»-ի ընտրած այս ձևաչափը շատ թարմ է ու ինքնատիպ։ Ամբողջ տարածքը վերածվել էր մի տեսակ փաջանովական միջավայրի՝ կարծես նրա թիֆլիսյան բնակարանի մթնոլորտն էր վերականգնված։ Շատ հաճելի է տեսնել, որ այսքան շատ մարդ հետաքրքրվում է Փարաջանովով»։

 

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի կհանվի Ֆրանսիայում: Այս մասին իր Թվիթերյան էջում գրել է Artcurial աճուրդի տունը:

Նշվում է, որ աճուրդ հանվող կտավը ստեղծվել է 1882 թվականին: Նկարը գնահատվում է 3-5 մլն եվրո:

 

 

Apr 17, 2018 12:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ