Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture): Այն հիմնադրվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:

«Մշակույթը» սանսկրիտից բառացի թարգմանաբար նշանակում է «լույսի պաշտամունք», որն արտահայտում է գեղեցիկի, կատարյալի եւ ինքնակատարելագործման ճանաչման ձգտումը:

Մշակույթն ուսումնասիրելը, դրա մասին հիշելը եւ պաշտպանելը, պետք է մշտական լինի: Չէ, որ բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը, պատմական հուշարձանների ոչնչացումը, հասարակության մեջ հոգեւորի ճգնաժամը, նյութական արժեքների համար մրցավազքը, այս ամենը մշակույթի պակասի առաջին նշաններն  են: Իսկ խիղճը, կարեկցանքը, հպարտությունը ... այս զգացումները բնորոշ են միայն մարդուն, եւ դրանք կարող են դաստիարակվել եւ զարգանալ միայն իսկական մշակույթի միջոցով:

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։

Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է Եվրոպայի 2018թ. մշակութային մայրաքաղաք, և միջոցառումների շրջանակներում մեծ շուքով ու պատկառելի ներկայացվածությամբ է անցկացվելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։

Փառատոնի բացման գալա համերգը կայացավ ապրիլի 16-ին. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները։

Փառատոնն ընդգրկում է 18 համերգային ծրագիր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային մեծության մենակատարներ՝ Մաքսիմ Վենգերով, Ռեյ Չեն, Նիկոլայ Լուգանսկի, Դենիս Կոժուխին, Սալվատորե Ակկարդո, Անդրեաս Օտենսամեր, Ջուլյա Զիլբերքվիթ, Նարեկ Հախնազարյան և այլք։ Հայաստանյան նվագախումբը հանդես կգա ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Սերգեյ Ստադլերի, Դմիտրի Սիտկովեցկու, Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։

Փառատոնի հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին։

Փառատոնը և Սիմֆոնիկ նվագախմբի համերգները կլուսաբանեն աշխարհի առաջատար մեդիաընկերություններ: Ապրիլի 22-23-ի համերգները կհեռարձակվեն «Medici.tv»-ով, իսկ մնացյալ ծրագրերը կցուցադրվեն Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 1-ի համերգը կհեռարձակի Euronews-ը։

 

Վերջին տասնամյակում Հայաստանում դրական տեղաշարժ է նկատվել հատկապես գրահրատարակչության բնագավառում: Բազմաթիվ գրքել են թարգմանվել օտար լեզուներով, նոր գեղարվեստական ստեղծագործություններ են լույս տեսել, 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Կարծում եմ` ոչինչ հենց այնպես չի լինում: Այդ հաջողությունները   հրատարակչական ասպարեզում մեր կատարած աշխատանքի արդյունքն են: Միջազգային ցուցահանդեսներում ներկայանալը, աշխարհի գրահրատարակչական տարբեր հարթակներում հանդիպումներն իրենց դերը խաղացին այս հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ բարձրացել է հրատարակվող գրքերի տպագրական որակը, բովանակությունը: «Այժմ գրողները կարողանում են իրենց գործերը նաև օտար լեզուներով մատուցել ընթերցողներին: Ժամանակին աշխարհին ներկայանում էին հիմնականում ռուսերեն թարգմանված գրքերով: Տասը տարվա ընթացքում հարյուրից ավելի գեղարվեստական ալբոմներ են լույս տեսել, բազմաթիվ գրական ստեղծագործություններ են թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա համոզմամբ` դա քաղաքականություն էր, որը պետք է շարունակել առաջիկա տարիներին`պահպանելով այն հիմքը, որ կա, և նոր, հետաքրքիր ուղղություններ ընտրել մշակույթի զարգացման համար:

Էնթոնի Բուրդեն

 

Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի և ԼՂ-ի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումի պատմությունն ու գրանցած հաջողությունները:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ»

 

Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմն ԱՄՆ-ում անցկացված միջազգային փառատոնումարժանացել է գլխավոր մրցանակի: Այս մասին հայտարարել է  Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

«Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ կինոռեժիսոր, կինոռեժիսորների գիլդիայի անդամ Դավիթ Սաֆարյանին, Նյու Յորքում կայացած միջազգային կինոփառատոնում (Socially Relevant Film Festival NY)  «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի համար գլխավոր մրցանակի (Gran prix) արժանանալու կապակցությամբ:

Շնորհավորում ենք նաև նույն ֆիլմում «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած դերասանուհի Յանա Դրուզին»,-նշում են միությունից:

Ֆիլմը  պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ  իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Ռեժիսորն ավելի վաղ  լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարել էր՝  ֆիլմի հիմնական իմաստն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, մարդուն շատ դժվար է իր մարդկային դեմքը պահպանել:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը:  Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:

Դավիթ Սաֆարյան  1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1972-78 թթ. հեռուստաթատրոնի դերասան է եղել, ապա վավերագրական ֆիլմերի ստուդիայում աշխատել  որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր: 1983-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1991-ին Դավիթ Սաֆարյանը Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում իր կինոնկարների հատուկ ցուցադրություն է ունեցել և 1991-ից այդ ֆիլմադարանի գլխավոր ժողովի անդամ է: 1995-2001 թթ. գերմանական հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմաշար է ստեղծել հայ մշակույթի և պատմության մասին:

1996-ին Ֆրանսիական ֆիլմադարանի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 1999-ին Բեռլինում կայացել է նրա ֆիլմերի ընտրանու մեկշաբաթյա ցուցադրություն: 2001-02 թթ. Դավիթ Սաֆարյանը հրավիրվել է դասավանդելու Քասելի համալսարանի (Գերմանիա) կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2002-ին հիմնել է Studio DS կինոարտադրության և արվեստի զարգացման հիմնադրամը:

2003-07 թթ. եղել է Քասելի համալսարանի պրոֆեսոր, կինոյի  և հեռուստատեսության բաժնի համաղեկավար: 2001-ից հեղինակում է «Ականավոր դեմքեր. 20-րդ դարը և դարերի փոփոխությունը» դիմաշարը՝ օգտագործելով բացառիկ վավերագրական  կադրեր Մարսել Մարսոյի, Հովաննես Պողոս 2-րդի, Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:

Վիտորիո Տավիանի

 

Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Տավիանի եղբայրները 2007 թվականին  արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։

Որպես ռեժիսոր Վիտորիո Տավիանիի բեմելը կայացել է 1962թ.՝ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։ Տավիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաև այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում. «Հայր-տերը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) և «Կեսարը պետք է մահանա» ֆիլմերն արժանացել են «Ոսկե արջի»։

Միլոշ Ֆորման

 

Ռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է ԱՄՆ-ում 86 տարեկանում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ նշելով, որ լուրը հաստատել է նրա մենեջեր Դենիս Ասպլանդը։ Լուրը հաստատել է նաև նրա կինը՝ Novinky հրատարակության հետ զրույցում։

Ֆորմանը երկու անգամ «Օսկար»-ի է արժանացել՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA մրցանակի։

Ռեժիսորի առավել հայտնի ֆիլմերից են «Թռիչք կկվի բնի վրայով», «Մարդը լուսնի վրա», «Ամադեուս»։

Բուքերյան միջազգային մրցանակ

 

Հրապարակվել Է Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկրի կոչման հավակնորդների կարճ ցուցակը: Դրանում տեղ են գտել այդ մրցանակի միանգամից երկու նախկին դափնեկիրներ՝ հունգարացի Լասլո Կրասնոխորկայը՝ The World Goes On վեպով, եւ Հարավային Կորեայից կին գրող Հան Կանգը՝ The White Book գրքով: Այս երկու հեղինակները հաջորդաբար դափնեկիրներ են դարձել 2015 եւ 2016 թվականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մյուս չորս հավակնորդներն են՝ ֆրանսուհի Վիրժինի Դեպանտը՝ Vernon Subutex 1 վեպով, իսպանացի Անտոնիո Մոլինան՝ Like a Fading Shadow ստեղծագործությամբ, իրաքցի գրող, բանաստեղծ եւ սցենարիստ Ահմեդ Սաադավին՝ Frankenstein in Baghdad գրքով, եւ լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ Flights վեպով:

Մինչեւ 2015 թվականը ներառյալ Բուքերյան միջազգային մրցանակը երկու տարին մեկ, ըստ ամբողջական գրական վաստակի, հանձնվում Էր այն հեղինակներին, որոնց գրքերը գրվել են անգլերեն լեզվով կամ թարգմանվել այդ լեզվով: 2016 թվականից այն արդեն ամենամյա ռեժիմով շնորհվում Է կոնկրետ վեպի կամ պատմվածքների ժողովածուի համար, որոնք, ընդհակառակը, գրվել են օտար լեզվով, թարգմանվել անգլերեն եւ հրապարակվել են Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

 

Մայիս 08, 2018 10:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ