Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ժնևում կայացած արևելյան ֆիլմերի փառատոնում իրանական ֆիլմն արժանացել է չորս մրցանակների՝ «Լավագույն երկարամետրաժ ֆիլմ»,«Լավագույն վավերագրական ֆիլմ» և երկու այլ ավանակարգերում:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած արևելյան ֆիլմերի փառատոնի ոսկե մրցանակի մրցութային բաժնում  իրանական «Սոհեյլա թիվ 17» ֆիլմը հաղթել է «լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ «Առավոտյան արշալույսի երազները» ֆիլմը նվաճել է փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի մրցանակը:

Իրանական «Սոհեյլա թիվ 17» ֆիլմը մրցակցել է Ֆրանսիայից, Լիբանանից, Մարոկկոյից, Եգիպտոսից և Թունիսից փառատոնին մասնակցած ֆիլմերի հետ:

Իրանական «Էսրաֆիլ» ֆիլմը «Լավագույն երկարամետրաժ ֆիլմ» անվանակարգում շահել է արծաթե մրցանակը: Իսկ իրանական «Հայացք» ֆիլմն արժանացել է Ժնևում կայացած արևելյան ֆիլմերի փառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին:

Ժնևում ապրիլի 21-29-ն անցկացվել է արևելյան ֆիլմերի փառատոնը, որի թեման եղել են կանանց խնդիրները հասարկության մեջ :

Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին

 

Հնդկական զբոսաշրջային պորտալը թվարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում հայտնվել է Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։

Հնդկական հեղինակավոր Outlook զբոսաշրջային կայքը Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ հայկական եկեղեցին ներառել է զբոսաշրջային այցելության համար պարտադիր տեսարժան վայրերի ցանկում։

«Մինչ բոլորը խոսում են Իրանի` որպես միջուկային գերտերության մասին, մենք ցանկանում ենք հիշեցնել, թե որքան հրաշալի է այդ երկիրն իր չբացահայտված գանձարաններով և զարմանալիորեն բարեհամբույր մարդկանցով», — գրում է կայքը` նշելով, որ որոշ վայրեր ուղղակի չի կարելի անուշադրության մատնել։

Պատմելով Սպահանի մասին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սի-օ-սե-պոլ կամուրջն անցնելիս անպայման պետք է մտնել Ջուլֆայի հայկական թաղամաս։

Այստեղ կարելի է այցելել XVII դարում կառուցված տաճար։ Եկեղեցու պատերը առատորեն զարդարված են բազմագույն զարդանախշերով, ոսկեգույն փորագրությամբ և գեղարվեստական հախճասալիկներով։

«Հարևանությամբ գտնվող թանգարանում կարելի է տեսնել ցուցանմուշներ, որոնք հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին», — նշված է հրապարակման մեջ։

Must see ցուցակում նշվում են նաև Թեհրան, Յազդ, Շիրազ, Մասուլե քաղաքները։

Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական եկեղեցին ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի եկեղեցին կդառնա հին պարսակական հողում չորրորդ հայկական կրոնական շինությունը, որը ներառված է այդ ցուցակում։

 

ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունն ապրիլի 25-28-ն առանձին տաղավարով մասնակցեցին Աստանայի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին։

Հայկական տաղավարում ներկայացված էր պետական պատվերով և աջակցությամբ վերջին երկու տարիներին հրատարակված արտադրանքը։

Ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Դրանով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրների լեզուներով հայ գրականություն հրատարակել:

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել էին պատվիրակություններ աշխարհի շուրջ 20 երկրից։

 

Ըստ թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2017թ. ներկայացումներ կազմակերպել է 25-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2017թ. ցուցադրվել է 3 220 ներկայացում, որոնց 27.8%-ը` տիկնիկային, 17.1%-ը` երաժշտական ժանրի: 2017թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 575.2 հազ., նրանց 21.6%-ը հաճախել է երաժշտական, 21.1%-ը` տիկնիկային թատրոն:

Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 193.1:

Թատերական ներկայացումներից ստացված հասույթը նախորդ տարի կազմել է 653.7 մլն. դրամ, որի 2.2%-ը ստացվել է գյուղական բնակավայրերում կազմակերպված ներկայացումներից, 32.4%-ը` երաժշտական, 25.2%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 203.0 հազ. դրամ, ընդ որում, գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է 163.2 հազ. դրամ:

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարել է ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։ «Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։

Ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն և թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթին նվագախմբի հետ հանդես է եկել աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Կարեն և Ռուբեն Ղազարյանները` եղեգնաձորցի քարտաշ վարպետները

 

Կարեն և Ռուբեն Ղազարյանները` եղեգնաձորցի քարտաշ վարպետները, հայտնվել են Smithsonianmag հեղինակավոր կայքի ուշադրության կենտրոնում։

«Այս երկու եղբայրներն օգնում են պահպանել քարտաշության հայկական ավանդույթը», — գրում է հոդվածի հեղինակը` Folklife Festival 2018-ում արհեստավորների հետ աշխատանքի մենեջեր Ջեքի Ֆլանագան Պանգիլիանը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Սմիթսոնյան գիտահետազոտական և կրթական ինստիտուտը հունիսի 27-ից հուլիսի 8-ը կանցկացնի Folklife Festival 2018-ը, որը լիովին նվիրված կլինի Հայաստանի ավանդույթներին և արվեստին։

«Երկու եղբայրները լուռ աշխատում են, ընդմիջում են միայն ծխելու համար։ Նրանց փորագրությունն աստիճանաբար վերածվում է պաճուճավոր խորհրդանիշների, որոնք ներկայացնում են կենաց ծառը, հավերժության նշանը, խաղողի որթը և այլ ավանդական նախշեր։ Տարածված մոտիվ է նաև Նորավանքի եկեղեցին», — նշում է Պանգիլիանը։

Նրա խոսքով` Նորավանքը հարյուրամյակներ շարունակ գրավել է փորագրողներին։

«Եկեղեցին կառուցվել է XIII դարում։ Հեղինակը միջնադարյան հայ ճարտարապետ Մոմիկն է», — նշել է Պանգիլինանը։

«Մուտքից ոչ հեռու աշխատում են Ղազարյան եղբայրները։ Նրանք մեկ տարի պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին, որը կտևի մարտից նոյեմբեր։ Դա միակ տեղն է, որտեղ նրանք վաճառում են իրենց ստեղծագործությունները», — գրել է հոդվածի հեղինակը։

Նա պատմել է, որ Կարենն ու Ռուբենը մեծացել են Եղեգնաձորից ոչ հեռու։ Քարի փորագրությունը եղել է նրանց հոր հոբբին։ Եղբայրները միայն յոթ տարի առաջ են իրենց նվիրել այդ արհեստին։ Մյուս վարպետների պես նրանք հմտությունները հղկել են մշտապես աշխատելով։

«Մենք գրեթե միշտ աշխատում ենք միասին։ Մեզ համար հիմնական ոգեշնչումը մնում է Նորավանքը, —Ռուբենի ասածը մեջբերել է հոդվածի հեղինակը և ավելացրել,- ինչպես խոստովանեց Կարենը, ապագայում նրանք ուզում են իրենց վարպետությունը սովորեցնել մյուսներին և, ինչու ոչ, իրենց երեխաներին»։

Պանգիլիանը կոչ է արել իր ընթերցողներին այցելել 2018թ-ի Folklife Festival` Կարենի և Ռուբենի հետ հանդիպելու և նրանց արհեստի մասին ավելի շատ բան իմանալու համար։

 

«Օսկար» կինոմրցանակի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Dolby թատրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Կինոարվստների ակադեմիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օսկարի» հավակնորդների ընտրությունը կսկսվի 2019 թվականի հունվարի 7-ին եւ կավարտվի հունվարի 14-ին: Անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին:

Դրանից հետո Կինոարվեստների ակադեմիայի անդամները ձեռնամուխ կլինեն քվեարկության երկրորդ փուլին, որը կոչված Է որոշելու «Օսկարի» դափնեկիրներին: Այս եզրափակիչ փուլը կբացվի փետրվարի 12-ին եւ կավարտվի փետրվարի 19-ին:

Սպասվում Է, որ մրցանակաբաշխությունը իրական ժամանակի ռեժիմով կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում ու տարածքներում:

 

Շվեդական ակադեմիան որոշում է հարցն այն մասին, թե արդյոք պետք է չեղարկել 2018 թվականի գրականության նոբելյան մրցանակը սեռական ոտնձգությունների հետ կապված մի շարք մեղադրանքներից հետո: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Ապրիլի 26-ին կայացած նիստին հանձնաժողովի 11 անդամները քննարկել են այդ հարցը: Որոշումը սպասվում է մայիսի 3-ին:

Եթե որոշում կայացվի մրցանակը հետաձգելու մասին, ապա 2019 թվականի հոկտեմբերին կհանձնվի անմիջապես երկու մրցանակ՝ այս և հաջորդ տարվա համար:

Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերին ֆիանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Արնոն մեղադրվել է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգությունների և բռնության համար: Նա ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է:

Հինգ զոհ դիմել է ոստիկանություն: Որպես բողոքի նշան ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սարա Դանիուսը:

 

 

 

 

 

Մայիս 08, 2018 11:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ