Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Մեկնարկել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը, «Ոչ գիրք չկարդալուն» նշանաբանով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանի գրքի 31-րդ միջազգային ցուցահանդեսի գործադիր տնօրեն՝ Յահյա Դեհղանին ասել է. «Այս տարի Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են 487 հազար անուն գրքեր ներքին ու արտասահմանյան հրատարակիչների բաժնում»:

Դեհղանին նշել է, որ ներքին հրատարակիչների բաժնում ներկա են 2500 հրատարակիչներ ուսումնական, համալսարանական, մանկական, պատանեական ու հանրային բաժիններում:

Թեհրանի գրքի 31-րդ միջազգային ցուցահանդեսի գործադիր տնօրենն ասել է, ցուցահանդեսի արտասահմանյան բաժնին մասնակցել են 86 արաբ հրատարակիչներ 37  հազար անուն գրքով և 46 լատինատառ հրատարակիչներ 120 հազար անուն գրքով:

Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված է Հայաստանը:

Թեհրանի գրքի 31-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է մայիսի 1-ին և շարունակվելու է մինչև մայիսի 12-ը:

 

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Արմեն Ամիրյանը մայիսի 3-ին հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար:

Արմեն Ամիրյանը ցավով է նշել, որ շատ գործեր իր հեռանալով կիսատ մնացին: «Բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որը պահանջվելու է՝ բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթն անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»,- ընդգծել է նա:

 

Բուենոս Այրեսում ընթացող գրքի 44-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Հատկանշական է, որ Հայաստանն արդեն 40 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում, իսկ 1991թ.-ից` որպես անկախ պետություն:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացել է օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին շուրջ 2000 հանդիսական: Բացման խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով ներկայացրել է Հայոց այբուբենի և գրերի կրոնական, գիտական նշանակությունը և համամարդկային մշակութային ժառանգությունը:

Դեսպանն անդրադարձել է Հայաստանում յուրաքանչյուր տարի նշվող Թարգմանչաց տոնի նշանակությանը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և աշխարհի տարբեր անկյուններում դարեր շարունակ գործող կրոնական և կրթական հաստատություններին կից հայկական գրադարանների և դրանց ստեղծման պատմությանը:

Էսթերա Մկրտումյանն իր ելույթում խոսել է նաև թվայնացման արդի պայմաններում Հայաստանում և արտերկրում պահպանված հայկական մագաղաթների առանձնահատուկ կարևորության մասին` որպես անցյալն ու ապագան միավորող կամուրջ:

«Թումանյանի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին»

 

«Թումանյանի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» գիրքը արխիվային հարուստ նյութերով, նամակներով և գեղարվեստորեն ներկայացնում է գրողի կյանքի հետաքրքրական դրվագները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 4-ին կայացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

«Գիրքն ընդգրկում է 1914-1918 թթ.  Թումանյանի կյանքն ու գործունեությունը: Տպագրվել է ռուսերեն այն նպատակով, որ նրա գործունեության հետաքրքրական դրվագները հանրահռչակենք նաև օտարալեզու ընթերցողի համար: Նա բազմաթիվ որբ երեխաների է օգնել, որոշերին՝ որդեգրել: 1915-ին գրողը 100 երեխաների համաճարակից փրկելու համար իր դստեր հետ Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ հաշվի չառնելով որևէ հրաման»,-ասաց հեղինակն ու հավելեց՝ աշխարհը պետք է իմանա Թումանյանի մասին:

Հովհաննիսյանը գրքում բացահայտել է բազմաթիվ նոր փաստեր: Դրանում օգտագործված են արխիվային նյութեր ինչպես Երևանից, Թիֆլիսից, այնպես էլ Պետերբուրգից: Օգտագործված են նաև Թումանյանի պատասխան նամակները, նյութեր՝ ժամանակի պարբերական մամուլից: Թումանյանն արևելահայ իրականության այն եզակիներից էր, ով Առաջին աշխարհամարտի տարիներին երկու անգամ գնացել է Արևմտյան Հայաստան՝ ականատես լինելով շատ դեպքերի:  Եվ հեղինակը գրքում օգտագործել է Թումանյանի օրագիրը, որում գրի է առել հենց այդ օրերին իր տեսածը:

Գրականագետ Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ գրքում միահյուսված են պատմագիտությունը, արխիվային վավերագրերը, ինչպես նաև գրականագիտությունը: Նա գործն արժևորեց թե Թումանյանի ստեղծագործությունների ու կյանքի և թե առաջին աշխարհամարտի մի շարք վավերագրերի ուսումնասիրման առումով: «Արխիվային մեծ նյութեր կան: Համակարգված է փաստագրական առումով»,-նշեց նա:

Գիրքը նվիրված է Թումանյանի 150-ամյակին: Այն տպագրվել է Հայաստանի ԳԱԱ-ի Հայագիտական ուսումնասիրությունների համահայկական ֆոնդի աջակցությամբ: Տպագրվել է 250 օրինակով, որոնք գտնվում են Հայաստանի Գրականության ինստիտուտի տնօրինության տակ:

 

Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից:

Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը, որի հիմնական նպատակն էր հայերեն թարգմանելու Աստվածաշունչը հունարենից ու լատիներենից:

«Թափառող պատեր. կարպետի և գոբելենի արվեստի փոխանցումը սերունդներին»

 

«Թափառող պատեր. կարպետի և գոբելենի արվեստի փոխանցումը սերունդներին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների, Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտների և մի քանի նկարիչների 5 տասնյակից ավելի աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մայիսի 5-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

«Ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեն  գոբելենն անվանել է թափառող պատեր, քանի որ այն կարելի է տեղաշարժել և տարբեր կերպ ներկայացնել: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ցույց տալ, որ անպայման չէ մեկ ինտերիերում օգտագործել գոբելենը, հիշեցնել, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք ստեղծագործում են այս ժանրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նկարչուհի, ցուցահանդեսի համադրող Հասմիկ Ղազարյանը:

Նա շեշտեց, որ սիրով է գոբելեն ստեղծում և անում ամեն հնարավորը, որ այդ աշխատանքը լինի ստեղծագործական և չվերածվի մեխանիկական գեղանկարչական պատճենի: Ղազարյանը հավելեց, որ ցանկանում է` մարդիկ չմոռանան գոբելենի մասին, ուստի պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում:

Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի ուսանողուհի Արուսյակ Մինասյանն ասաց, որ գոբելենն իրեն շատ է հետաքրքրում: «Այն հայկական մշակույթի մի մասն է, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ գոբելեն կերտել: Իմ աշխատանքը վերնագրված է «Աշնան սոնետ», որն արտահայտում է տարվա այս գեղեցիկ եղանակը: Դեկորատիվ ոճում է. փորձել եմ ներկայացնել վառ գույները, տերևաթափը»,-պատմեց Արուսյանը:

Նա խոստովանեց, որ սա իր առաջին մեծ աշխատանքն է, որը ներկայացվում է  ցուցահանդեսում:

«Այստեղ ցուցադրված գործն իմ դիպլոմային աշխատանքն է և կոչվում է «Ժան Լյուրսայի արձագանքը. տիեզերք»: Պատկերված են ջուրը, հողը, երկինքը: Ինձ ոգևորում է տիեզերքը, վառ գույները: Լյուրսան դրական մտածող գոբելենագործ է, և ես  շատ եմ հավանում նրա ստեղծագործությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել իմ այս գործի վրա»,-խոստովանեց Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտ Վալյա Բաբաջանյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև «Թանգարանների գիշեր» ծրագրի ընթացքում:

 

Շվեդիայի ակադեմիան, որը պատասխանատու Է գրականության Նոբելյան մրցանակի հանձնման համար, մայիսի 4-ին հայտարարել Է այս տարի մրցանակը չհանձնելու եւ արարողությունը 2019 թվական տեղափոխելու իր որոշման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շվեդիայի ակադեմիան այսօր հայտնում Է, որ գրականության բնագավառում 2018 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվելու եւ հանձնվելու Է 2019 թվականի դափնեկիրների պարգեւատրմանը զուգահեռ»,-ասված Է մամուլի համար ակադեմիայի հրապարակված հաղորդագրության մեջ:

Հայտարարությունը հայտնվել Է այն ճգնաժամի ֆոնին, որն ակադեմիայում ծայր Էր առել սեռական ոտնձգությունների մերկացումներից եւ այն խնդրի շուրջ բանավեճերից հետո, թե ինչպես Է ճգնաժամն ազդել ակադեմիայի վարկի վրա: Անցած շաբաթ Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր, որ անհրաժեշտ ամեն ինչ անում Է՝ դուրս գալու ստեղծված ճգնաժամից: Այս շաբաթ շվեդական ԶԼՄ-ները հայտնել Էին, որ ճգնաժամի պատճառով գրականության այս տարվա Նոբելյան մրցանակի հանձնումը կարող Է հետաձգվել հաջորդ տարի:

Ճգնաժամն սկսվել Է այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը 18 կանայք Ստոկհոլմում շատ հայտնի մշակույթի գործչին մեղադրեցին բազմամյա ոտնձգությունների եւ ինտիմ բնույթի հետամտումների մեջ: Քանի որ նրա գործունեությունը առնչվում Էր մի շարք կրթաթոշակներ ու դրամաշնորհներ տրամադրող Շվեդիայի ակադեմիայի հետ, նշանակվեց ներքին հետաքննություն, որն անցկացվել Է փաստաբանական ֆիրմայի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ռոման Պոլանսկի

 

Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել Է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը մեղադրվում Է բռնաբարության, անչափահասների գայթակղեցման եւ հետամտումների մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Որոշումը կայացվել Է նոր ստանդարտների սահմանումից հետո, որոնց համապատասխան, մասնավորապես, նրանք, ովքեր սեռական հանցագործություններ են կատարել, չեն կարող ակադեմիայի անդամներ լինել:

Համանման վճիռ Է կայացվել դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ Բիլ Քոսբիի նկատմամբ:

Հոկտեմբերին ակադեմիայից նույն պատճառներով հեռացրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Պոլանսկին Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւին Է արժանացել 2002 թվականին «Դաշնակահարը» ֆիլմի համար: Քոսբիին բռնաբարության եւ ոտնձգությունների մեջ մեղադրել են 50-ից ավելի կանայք:

 

 

Պիտակ

Մայիս 16, 2018 23:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ