• Մի գավաթ անդորր - 101 - Ինչպե՞ս պայքարել կպչուն մտքերի դեմ:

Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ

Կպչուն (սևեռուն) մտքերը մտածողության բովանդակային խանգարումներից է: Սևեռուն (կամ օբսեսիվ) (լատ. obsido - օբսեսիա՝ զավթել, տիրանալ) երևույթների էությունը կայանում է նրանում, որ հիվանդի մոտ պարզ գիտակցության պայմաններում առաջանում են երևույթներ (մտքեր, պատկերացումներ, հիշողություններ, վախեր և այլն), որոնք անընդհատ կրկնվում են, տանջում հիվանդին, նրա կողմից գիտակցվում են որպես հիվանդագին, նրանից հնարավոր չէ կամային կերպով ազատվել և սրանց ծագումը հիվանդի ցանկություններից կախված չէ։ Սովորաբար, սևեռուն, կպչուն մտքերը (ինչպես նաև կպչուն երևույթներն` ընդանրապես) զուգորդվում են բացասական հուզական ապրումներով, դիսկոմֆորտի զգացումով։ Սևեռուն մտքերը դասակարգվում են ըստ ծագման մեխանիզմների և բովանդակության։

 

 

Կպչուն մտքերը կարելի է բնորոշել որպես  անընդհատ կրկնվող, որոշակի կայունություն ու կպչունություն ունեցող մտքեր, մտավախություններ, որոնք ավտոմատ կերպով են առաջանում՝ ստիպելով մարդկանց անընդհատ մտածել դրա մասին՝ դառնալով անհանգստության ու սթրեսի աղբյուր։ Դրանք կարող են ուղեկցվել արդեն կպչուն վարքով։

Մի քանի անգամ դռան կամ ծորակի փակ լինելը ստուգելը ևս կպչուն միտք-գործողություն է։ Բայց սրանք «անմեղ խնդիրներ» են, որոնք, որպես այդպիսին, չեն խանգարում մեր առօրյային։ Հետո, որոշ մտքերի կպչունության սրացումները կարող են ժամանակավոր լինել․ եթե սթրեսային իրավիճակում ենք, նեգատիվ մտքերի ենք հակված լինում, որոնք, խնդրի լուծվելուն պես, անհետանում են։

Գործողություններն ու մտքերը դառնում են խնդիր, երբ նրանք  չենք կարողանում կառավարել։ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդիկ, սովորաբար, հատուկ «ծիսակատարություններ» են ունենում։

Լինգվիստիկ խանգարումների դեպքում կարող են մի նախադասությունը կրկնել այնքան ժամանակ, մինչև ուղեղը չգտնի՝ իր համար ավելի կատարյալ հնչողությունը։

Այս խանգարման հիմնական  ախտանիշներն են․

կրկնվող և կպչուն մտքերն ու մղումները։

Օբսեսիաներից ազատվելու կամ անտեսելու անհաջող փորձերը։

հաճախ կրկնվող վարքատեսակները։

կպչուն մտքերը և վարքերը շատ ժամանակ են խլում՝ խանգարելով կյանքի բնականոն ռիթմին։

Դժվարացնում են առօրյան՝ խանգարելով  սոցիալական  կամ անձնական կյանքին ու աշխատանքին։

Օբսեսիվ-կոմպուլսիվ  խանգարման առանձնահատուկ, նեգատիվ դրսևորումներից մեկն էլ այն է, որ այն ունեցող շատերին թվում է, թե ավելի լուրջ հոգեկան խնդիր ունեն։ Որպես կանոն կարծում են, թե, այդ մտքերն ու գործողություններն են իրենց կառավարում, դրանք հնարավոր չէ փոխել կամ վերացնել։

 

Բայց այն հնարավոր է լուծել։ Նախ պետք է հետևել սեփական  մտքերին ու վարքին, հասկանալ՝ ինչպես ու որտեղ է դրսևորվում կպչունությունը։ Հետո արդեն հետևել դրանց կրկնվելու  հերթականությանը, և փորձել ինքնուրույն մեղմել դրանք՝ փորձելով շեղվել, զսպելով իմպուլսները։ Դա, ինչ խոսք բարդ է, բայց՝ հնարավոր։ Իրականում, այս խնդրի դեպքում շատ ցանկալի է հոգեբանի հետ աշխատելը, որովհետև անհրաժեշտ է  օբյեկտիվ հայացք ու խնդրին քաջատեղյակ մեկը, որը կկարողանա  աշխատել ու օգնել դուրս գալ կրկնվող վարքից կամ մտքերի շարքից։

Կարևորը հիշեք, որ կպչուն վարքն ու մտքերը ևս լուծվող են, ուղղակի մասնագետի հետ է պետք աշխատել։ Հետևողական եղեք ձեր նկատմամբ, փորձեք ընկալել՝ երբ են առաջանում մտքերը, ինչ «հիմնաղբյուրից» են նրանք սնվում, և եթե զգում եք, որ դրանք իսկապես արդեն չեք կարող ինքնուրույն կառավարել, մասնագետները կօգնեն ձեզ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մայիս 18, 2018 16:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ