Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ

Փոքր երեխաները շատ են սիրում մուլտիկներ, բայց դրանք բնավ էլ միշտ չէ, որ անվտանգ են, ինչպես կարծում են ծնողները: Մանկական հոգեբանները, բժիշկներն ու գիտնականները միաբերան ասում են, որ  1-6 տարեկան հասակում մուլտֆիլմերի դիտումը պետք է նվազագույնի հասցնել և թույլ չտալ, որ երեխան մշտապես «կպչի» հեռուստացույցին: Իրականում փոքրիկները շատ հաճախ ընտելանում են որևէ մուլտֆիլմի և անընդհատ խնդրում ծնողներներին միացնել հենց դա, համակարգիչն ու համացանցն էլ, փառք Աստծո, այսօր հնարավորություն են տալիս չկապվել միայն հեռուստաալիքների ծրագրերին:

Այն, ինչին մեծերը երբեմն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում, երեխաների համար սեփական վարքագծի մոդելը ստեղծելու, ինչպես նաև անհատականության ու  խառնվածքի զարգացման հիմք է դառնում: Այդ իսկ պատճառով մուլտֆիլմերի ընտրությունը շատ կարևոր է, չէ՞ որ փոքրիկները հաճախ սիրված մուլտիկների գլխավոր հերոսների վարքագծի մոդելները յուրացնում են, ջանում նմանակել նրանց կամ կրկնել այս կամ այն գործողությունը:

 

Հին մուլտիկներում, (մասնավորապես` Դիսնեյի) մեծ մասամբ հստակ ու պարզ էր, թե որն է լավ հերոսը, որը` վատը: Չար թագուհին, որպես կանոն, մուգ ու մռայլ գույներ ուներ (օրինակ` «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմում), նրա համախոհները` չափազանց տհաճ, փնթի արտաքին և այլն: Իսկ հիմա մուլտֆիլմը նայելիս կամ նայելուց անմիջապես հետո ծնողները պետք է անհապաղ բացատրեն երեխաներին, թե ով ով է: Եվ վստահություն չկա, որ երեխաները կլսեն ծնողների կարծիքը և կհասկանան: Ավելին, ծնողները կարող են նույնիսկ տեղյակ չլինել, որ իրենց գնած մուլտֆիլմը «ճիշտ» չէ: Սոսկ շապիկից և համառոտ նկարագրությունից շատ քիչ բան է հասկանալի:

 

Ժամանակակից մուլտֆիլմերում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ չար հերոսները հանկարծ իրենց բարիի նման են պահում, իսկ բարիները` չարերի նման: Դրա վառ ապացույցը «Շրեկ» մուլտֆիլմն է: Հիշեք «Գեղեցիկ արքայազնը», մի՞թե բավական անախորժ տիպ չէ: Իսկ հիմա եկեք վերադառնանք «Գեղեցիկ արքայազնի» նախնական հասկացողությանը. բարի, գեղեցիկ, խելացի, սպիտակ ձիու վրա, և անպայման պետք է փրկի արքայադստերն ու կնության առնի: Իսկ ի՞նչ ունենք շրեկյան արքայազնից: Բացի սպիտակ ձիուց ու չափից ավելի քաղցր-մեղցր արտաքինից, թերևս ոչինչ: Ավելին, նրան մատուցում են որպես բացառապես բացասական հերոսի: «Մութ ուժերի» կողմում մենք տեսնում ենք նաև նրա մորը` «Բարի փերի» անունով (մտածեք «բարի փերի» հասկացության մասին): Զարմացնում է նաև «գեղեցիկ արքայադուստրերի» վարվեցողությունը` Մոխրոտիկի, Քնած գեղեցկուհու, որոնք առհասարակ հիմնովին  խարխլում են բարի հերոսների հասկացողությունը: Հնարավոր է, որ ներկայումս ժանրի ճգնաժամ է, և անդրօվկիանոսյան կինոստուդիաները պարզապես չգիտեն` էլ ինչ մտածել: Ինչպիսի տարբեր ազդեցություն էլ ունենան, ամեն դեպքում միտումը կանցնի կգնա, իսկ երեխայի հոգեկանը կարող է խաթարված մնալ ողջ կյանքում:

 

 

 

Մայիս 26, 2018 17:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ