Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ուրբաթ առավոտյան այցելել է Թեհրանի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն,  այցի ընթացքում, որին ներկա էր նաև Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին, ՆՎ Այաթոլլահ Խամենեին այցելել է 50 տաղավարներ և զրուցելով հրատարակչական հաստատությունների ներկայացուցիչների հետ և լսելով նրանց խոսքերը, ծանոթացել է այդ բնագավառում նրանց մտահոգություններին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այցի ավարտին կարճ ելույթ է ունեցել՝ գիրքն ու ընթերցանությունը մարդու և հատկապես երիտասարդության կյանքի  անհրաժեշտություններից համարելով: Նա  հավելել է. «Գրքի դերակատարությունը եզակի է, իհարկե լավագույն գիրքն այն գիրքն է, որ մարդուն կառաջնորդի դեպի Աստված և վեհ ու հեղափոխական արժեքներ և հուսով ենք, որ գիրքն իր արժանի տեղը կգտնի հասարակության մեջ»:

Թեհրանի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդեսը «Ո՛չ  չընթերցելուն» նշանաբանով մայիսի 2-ից 12-ը կայացել է Թեհրանի լուսահոգի «Իմամ Խոմեյնի»անվան  աղոթավայրում:

 

Իրանի կրոնական փոքրամասնությունների հրատարակչական ոլորտի ներկայացուցիչները Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում քննարկելով Իրանում հրատարակչության բնագավառն ընդգծեցին, որ օրինական տեսակետից Իրանում փոքրամասնությունների և ոչ-փոքրամասնությունների հրատարակչական ընկերությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի:

Համալսարանի դասախոս և «Հույս» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր դոկտ. Անդրանիկ Սիմոնյանն այդ նիստի ընթացքում անդրադառնալով Իրանի պատմա-մշակութային ժառանգության պահպանման գործին կրոնական փոքրամասնությունների մատուցած ծառայությանն, ասաց. «Խաչատուր վարդապետ Կեսարացին առաջին անգամ 1638 թվականին Իրանում Գութենբերգի մեթոդով տպագրության հիմքը դրեց և նրա միջոցով տպագրվեցին 10 գրքեր, որոնցից չորսը պահպանվում են Սպահանի Ամենափրկիչ վանքի մատենադարանում, իսկ մնացյալը գտնվում են աշխարհի հայտնի գրադարաններում»:

Դոկտ. Անդրանիկ Սիմոնյանն ապա անդրադարձ կատարելով հայ գրերի ստեղծման պատմությանն ու նաև Իրանում հայերի կողմից իրականացված հրատարակչական աշխատանքներին, ասաց. «Այս պատմականը ներկայացրեցին հանգելու համար այն մտքին, որ իրանցիները միասնական ժողովուրդ են և  որևէ մեկը չի կարող պատկերացնել մի Իրան, որտեղ սահմանագծում կլինի մուսուլմանի, քրիստոնյայի, հրեայի ու զրադաշտականի միջև»:

«Այս իրողությունն այն ժամանակ ենք կարողանում ավելի լավ ըմբռնել, երբ այցի ենք գնում նահատակների շիրիմներին և նկատում ենք, որ փոքրամասնություն ու ոչ-փոքրամասնություն համարվող նահատակները միասնաբար պաշտպանել են իրենց երկիրը և բոլոր նույն ժողովրդի նահատակներն են»,-հայտարարեց «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիրը:

Ս. Թադեոս Առաքյալի վանք

 

Անհրաժեշտ ֆինանսական հատկացումներից հետո մեկնարկել են Ս. Թադեոս Առաքյալի վանքի մերձակայքում գտնվող հայկական երեք պատմական կոթողների վերանորոգման աշխատանքները:

Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության գերատեսչության տեղակալի պաշտոնակատար Հասան Սեփեհրֆարը տեղեկացրել է Չալդրանում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի մերձակա երեք հայկական պատմական կոթողների վերանորոգման աշխատանքների մեկնարկի մասին:

Նրա ընդգծմամբ, իրանական ընթացիկ տարվա համար գերատեսչության օրակարգում ներառվել է հիշյալ երեք կոթողների վերանորոգման հարցը և կատարվել է անհրաժեշտ ֆինանսական հատկացում:

«Կոթողներից մեկը Ս. Սանդուխտ կույսի դամբարանն է, որը գտնվում է Թադեոս Առաքյալի  վանքի մերձակա հյուսիսային բարձունքներում և կառուցվել է 1813 թվականին»,- հայտարարել է Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության գերատեսչության տեղակալի պաշտոնակատարը:

Սեփեհրֆարը հավելել է. «Վերանորոգվող մյուս կոթողը Ս. Սանուդխտ կույսի մատուռն է, որը գտնվում է վանքի հարավային հատվածում՝ դեպի վանք տանող ճանապարհի վրա»:

«Ս. Թադեոս Առաքյալի վանքի հյուսիսային կողմում գտնվող Ս. Զաքարեի եկեղեցին նույնպես այս տարածքում գտնվող պատմական այն կոթողներից է, որի վերանորոգման և շինության ամրագրման աշխատանքները սկսվել են»,-նշել է Սեփեհրֆարը:

Լիլիթ Մակունց

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Լիլիթ Մակունցին նշանակել մշակույթի նախարար»:

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երեւանում:

1999-2003 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետեւ նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:

2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

 

 

Դամասկոսի ազգային թանգարանի տնօրեն Կասեմ ալ-Մահամմեդը հայտարարել է սիրիացի ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման մասին։

«Այս ցուցահանդեսը մենք ծրագրում ենք ամենամյա դարձնել։ Այս ավանդույթը երկար տարիներ է եղել, և պատերազմի հետ կապված ընդմիջումից հետո, մենք վերածնում ենք այն: Արվեստագետները գալիս են այստեղ՝ անտիկ հուշարձաններով այգին, տասն օրվա ընթացքում ստեղծում իրենց կտավները, հետո ուղարկում ցուցադրության»,- ասել է նա։

Տնօրենը նաև ընդգծել է, որ ցուցահանդեսի բացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերի կողմից Արևելյան Գուտան և Դամասկոսի տվյալ տարածքն ազատագրվել են։

Զորավար Անդրանիկի հուշարձան

 

Մայիսի 12-ին կայացել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթը: Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ը, նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

7-մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սերգեյ Սմբատյան

 

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակում:

Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։

Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն է, ով 12 տարի այս հեղինակավոր կոլեկտիվում նվագելուց հետո սկսեց մենակատարի կարիերան։ Այժմ նա աշխարհի լավագույն նվագախմբերի հետ հանդես է գալիս հեղինակավոր բեմերում։ 

Ռիգայում կայանալիք համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։

Ռիգայում կայանալիք ելույթից հետո դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եվրոպական շրջագայությունների կմեկնի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ելույթները կկայանան մայիսի 19-31-ը Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Էրմանո Օլմի

 

86 տարեկան հասակում վախճանվել Է իտալացի հայտնի ռեժիսոր Էրմանո Օլմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հայտնել Է ANSA գործակալությունը:

«Կոշիկների ծառը» (1978 թ.) ժապավենի համար Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաեւ «Լեգենդ սուրբ հարբեցողի մասին» (1988 թ.) ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» դափնեկիրը հայտնի է պատմելու իր յուրօրինակ ոճով:

Նրա վերջին լիամետրաժ կինոնկարը՝ «Վերադառնալ կանաչ մարգագետինները» (2014 թ.), պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի՝ իտալացիների համար ողբերգական իրադարձությունների մասին: Ռեժիսորը քանիցս դարձել Է իտալական կինոմրցանակների, այդ թվում՝ David di Donatello-ի դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչ

 

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն այն կարծիքին է, որ չարժե նկարահանվել այն ֆիլմերում, որոնցում զբաղված կանայք ավելի քիչ են ստանալու, քան տղամարդիկ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա պատմել Է Radio Times շաբաթահանդեսին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցրեք՝ որքան են վճարում կանանց եւ ասացեք. «Եթե նրանց աշխատանքը նույն չափով չի վճարվում, որքան տղամարդկանցը, ապա ես դա չեմ անի»,-նշել է դերասանը: Ցանկանալով նշել կանանց դերերի կարեւորությունը, նա հիշատակել է այն նախագիծը, որը ներկայում իրականացվում է նրա Sunny March պրոդյուսերական ընկերության կողմից: Դա Մեգան Հանթերի «Ավարտ, որից սկսվում Է ամեն ինչ» վեպի էկրանավորումն Է:

Ռոման Պոլանսկի

 

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր է ԱՄՆ Կինոարվեստների ակադեմիային դատի տալ իրեն կազմակերպությունից հանելու համար: Այս մասին հայտնում է «Լոս Անջելես թայմս» պարբերականը՝ վկայակոչելով նրա փաստաբանին: Տեքստում նշված է, որ Պոլանսկին Ակադեմիայի անդամներին անվանել է «երեսպաշտների կույտ», որոնք իրեն հոտնկայս ծափահարում էին, երբ Օսկար էր ստանում, սակայն թույլ չեն տվել պաշտպանությամբ հանդես գալ:

Պոլանսկուն Ակադեմիայից հանել են անցյալ շաբաթ՝ կապված բռնաբարության մեղադրանքի հետ: Համանման որոշում է ընդունվել կոմիկ Բիլ Քոսբիի վերաբերյալ, ով մեղադրվում է սեռական բռնության մեջ:

«Ընթերցող Ֆելիքս Պիսսարոն»

 

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Ժակոբ Աբրամ Կամիլ Պիսսարոյի (1830 – 1903) «Ընթերցող Ֆելիքս Պիսսարոն» ամենաթանկ լոտն Է դարձել Փեգի եւ Դեւիդ Ռոքֆելլերների ընտանիքի գեղարվեստական հավաքածուի՝ մայիսի 10-ին Christie՚s-ի կողմից կազմակերպված աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Christie՚s աճուրդային տան կայքում զետեղված նյութերի համաձայն՝ Պիսսարոյի կողմից իր որդու՝ 1893 թվականին նկարված դիմանկարը՝ գիրքը ձեռքին, աճուրդում վաճառվել Է 3,012 միլիոն դոլարով՝ 900 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար սկզբնական գնահատման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Պիտակ

Մայիս 31, 2018 06:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ