Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանական «Երեք դեմք» և իտալական «Ուրախ ինչպես Լազարո» ֆիլմերը կիսել են Կաննի կինոփոռատոնի լավագույն սցենարի մրցանակը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ «Երեք դեմք» ֆիլմի մրցանակը հոր անունից ստացել է Ջաաֆար Փանահիի դուստրը:

Շաբաթ երեկոյան ընթերցվել է Փանահիի պատգամը, որտեղ ռեժիսորը հարգել է իրանցի ռեժիսոր ՝ Աբբաս Քիառոստամիի հիշատակը:

Ավելի վաղ 1995 թվականին Փանահին շահել էր փառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը՝ «Սպիտակ փուչիկը» ֆիլմի համար:

Այս տարվա ոսկե արմավենի մրցանակին է արժանացել ճապոնացի ռեժիսոր ՝ Հիրոկազո Կուրեիդան ՝ «Գողեր» ֆիլմի համար:

Կաննի կինոփառատոնը մեկնարկել է 2018 թվականի մայիսի 8-ին և ավարտվել է մայիսի 19-ին:

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»

 

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսի հիմքում ընկած է պատմական հարստությունը նորովի ներկայացնելու  գաղափարը: Ցուցադրության մեջ ներառված են Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի  հերոսների մասին կենսագրական կարևոր փաստեր, անձնական իրեր:  Ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դարձնում օգտագործված լուսային, ձայնային, վիզուալ և այլ  էֆեկտները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշեց, որ 20-րդ դարն աշխարհի պատմության մեջ լի էր բեկումնային իրադարձություններով. հեղափոխություններ, աշխարհամարտեր, գաղութացած ժողովուրդների ազատագրում, գիտատեխնիկական նվաճումներ և այլն: Նա շեշտեց, որ այդ ամենի միջով անցել է նաև հայ ժողովուրդը:

«Տեղի են ունեցել կարևորագույն իրադարձություններ՝ հաղթանակներ, մասնավորապես 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ մենք կարողացանք վերանվաճել այն անկախությունը, ազատությունը, պետական  ինքնիշխանությունը, որ դարեր շարունակ փափագել էինք, երազել»,-ասաց Մակունցը:

Նախարարը փաստեց, որ կարևոր է նաև օրվա խորհուրդն այն առումով, որ մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան օրն է և հայ ժողովրդի վերածնունդը: «Մենք մեր սերունդներին ենք փոխանցում անկախության, պետականություն և ինքնիշխանության կարևոր գաղափարը»,-ասաց նա՝ մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին:

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Զախարյանը ասաց, որ  կարևոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին: «Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան բաժանված է երեք սրահի: Կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում: Կապույտ սրահում ցուցադրված  է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի և տնտեսության զարգացումը»,-ներկայացրեց նա:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում: Ներկայացված են թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարևոր նշանակություն են ունեցել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան

 

Մայիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ է ընդունել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և մաեստրո Սմբատյանին։ Համերգային ծրագրում հնչել են Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ՝ հանդես են եկել դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական շրջագայությունները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մեկնարկել են մայիսի 19-ին Վալետայից ։ 

Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկի

 

Լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։

Ինչպես տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։ Մաեստրո Պենդերեցկին, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է. «Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է գրավելու։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Յոթ օրերի ընթացքում ժյուրին ինը երկրներ ներկայացնող 16 թավջութակահարներից կորոշի լավագույնին։ Մրցույթի ժյուրին նախագահում է մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։

1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։

«Ազգային երգարան. 365 երգ»

 

Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ. լույս է տեսել «Ազգային երգարան. 365 երգ» ժողովածուն:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ երգարանը ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն:

Հեղինակն արդեն 27 երգարանների կազմող, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն է, ով վստահ է, որ տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի, և հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն:

«Բազմաթիվ տարիներ զբաղվելով հայ երգով՝ հասկանում ես, թե ինչքան կարևոր է այն հայ մարդու համար: Հայ երգը մարդկանց սրտերն իրար կապող կամուրջ է, կամուրջ, որը կապում է տարբեր սերունդների: Մենք այդ երգերի միջով իմանում ենք հայ մարդու, նրա կենցաղի մասին: Այս գործը շարունակվելու է, մենք անընդհատ մատուցելու ենք ձեզ ճշմարիտ հայ երգը»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշել է Սամվել Հարոյանը:

Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը շնորհավորեց ներկաներին գրքի հրատարակման առթիվ: «Մեզ, իրոք, պետք էր ազգային երգարան, որը երբեք չի հարատարկվել: Երգարանը պետք է լիներ գեղեցիկ, հարմար: Թող բոլորիս տանը լինի այս երգարանը, և թող բոլորը երգեն այս երգերը»,-նշել է նա:

Ֆիլիպ Ռոթ

 

85 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը:

Ըստ աղբյուրի, վերջին տարիներին Ռոթն ապրում էր  Նյու Յորքի և Կոննեկտիկուտի նահանգներում:

Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն է: Գրել է 20-ից ավելի վեպեր, որոնց թվում են «Պորտնոյի ցավը», «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը»:

Գրողը Միջազգային Բուքերյան մրցանակի, Պուլիտցերյան մրցանակի, ինչպես նաև  Կաֆկայի գրական մրցանակի դափնեկիր է: 

 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը,  ամերիկյան Netflix ծառայության հետ պայմանագիր են ստորագրել: Ըստ նախնական տեղեկությունների՝  քաղաքական գործիչը կնոջ հետ  վավերագրական ֆիլմերի և սերիալների  պլատֆորմ կստեղծեն:

Ընկերությունից հայտնել են, որ Բարաք Օբաման և Միշել Օբաման Netflix-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, ֆիլմեր և սերիալներ կստեղծեն:

«Դրանց թվում կլինեն ինչպես գեղարվեստական  ֆիլմեր և սերիալներ, այնպես էլ՝  հատուկ նախագծեր»,- նշել են ընկերությունից:

«Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը»

 

Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երեք տեղով վնասված են գտել  ռուս հայտնի  նկարիչ Իլյա Ռեպինի՝ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» նկարը: Կտավը վնասվել է այն հատվածում, որտեղ պատկերված է արքայազնը: Կոտրված ապակին վնասել է շրջանակը:

Բարեբախտաբար  չեն վնասվել ամենաարժեքավոր հատվածները՝ արքայի ու նրա որդու դեմքի ու ձեռքերի մասը:

Ըստ աղբյուրի, նկարի վրա մետաղի կտորով մի տղամարդ է հարձակվել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել չարագործին, նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Մշակութային ժառանգության ոչնչացման կամ վնասման հատկանիշներով:

Հանցագործության միտումները հայտնի չեն, նրան սպառնում է տուգանք կամ էլ մինչև վեց տարվա ազատազրկում:

Հեղինակը կտավը վրձնել է 1883-ից 1885 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են՝ 99.5 × 254 սմ։ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» կտավը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» անունով:

Այստեղ նկարիչն անմահացրել է այն դրվագը, որտեղ Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին: Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը: Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից:

Նկարի ստեղծման մասին Իլյա Ռեպինն այսպես է նկարագրում. «Նկարում էի մի շնչով, տառապում էի, կրկին ու կրկին վերապրում, նորից ուղղում արդեն նկարված հատվածները, հիվանդագին կերպով թաքցնում էի ուժերս, կրկին նահանջում ու գնում հարձակման: Ինձ երբեմն րոպեական սարսափն էր պատում: Ես հետ էի շրջվում նկարից, թաքցնում էի այն: Իմ բարեկամների մոտ կտավը նույն տպավորություններն էր թողնում: Բայց ինչ-որ բան ինձ ձգում էր դեպի այդ կտավը և ես կրկին սկսում էի աշխատել»:

 

 

Պիտակ

Jun 16, 2018 01:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ