Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին պարսից պոեզիան պատմության ընթացքում պարկեշտ ու սիրված բնութագրելով, ընդգծեց. «Ջանք գործադրեք, որպեսզի պարսից պոեզիայի այս պարկեշտություն ու մաքրությունը պահպանվի»:

Աշխարհի շիաների  երկրորդ առաջնորդ Էմամ Հասան Մոջթաբայի բարեբաստիկ ծննդյան տոնին պարսից լեզվի ու գրականության մի խումբ վարպետներ ու բանաստեղծներ հանդիպեցին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեուն:

Հեղափոխության մեծարգո առաջնորդի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, այս հանդիպման ժամանակ ՆՎ Այաթոլլահ Խամենեին արդարության, դիմադրության ու բարոյասիրական հարցերի կապակցությամբ երկխոսության հնարավորություն ստեղծելը բանաստեղծների առաքելություններից համարելով, հավելեց. «Պարսից պոեզիան լի է իմաստնությամբ ու բարոյականությամբ և մտքի ու հույսի արտադրման ու խորացման ուղղությամբ դերակատար է եղել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով պոեզիան ապակողմնորոշելու և այն գաղափարական դաշտում՝ մակերեսայնության, գործնական դաշտում՝ զեխության,  քաղաքականության դաշտում՝ պարտվողականության, իսկ թշնամուն դիմակայելու հարցում՝ անտարբերության կողմն առաջնորդելու համար թշնամիների ջանքերին ու ներդրումներին, ընդգծեց. «Նման ջանքերի դիմաց պոեզիայում պիտի ցայտուն դառնա իմաստնությունը, լրջությունը, ջանասիրությունը, աշխատանքում կարգապահությունը, գաղափարներում խորաթափանցությունը, ինքնության ամրապնդումն ու նաև թշնամու դիմաց սխրագործությունը»:

 

Իրանի իսլամական Ազադ համալսարանի ուսանողները արժանացան 2017 թ. ամերիկյան ճարտարապետության կոչմանը:

Իսլամական Ազադ համալսարանի ճարտարապետության ասպիրանտներ, Հոսեյն Մորադին և Ահմադ Իզադին, ճարտարապետական դիզայնի մրցույթում (IDA)  ներկայացնելով երկու նոր նախագծեր արժանացան 2017 թ. ամերիկյան ճարտարապետության միջազգային մրցության կոչմանը:

Մրցությունների ժյուրին բաղկացած է դիզայներներից, ճարտարապետներից, արվեստագետներից, խմբագիրներից, մշակութային ռեժիսորներից և արդյունաբերական դիզայներներից:

«Զոնա»

 

Իրանցի ռեժիսոր Ալի Արքյանի «Զոնա» կարժամետրտաժ ֆիլմը առաջադրվել է ԱՄՆ-ի «Top Indie Film Awards 2018» լավագույն գաղափար անվանակարգում:

Սցենարիստ ու ռեժիսոր Թուֆան Նահան Ղոդրաթիի  «Զոնա» կարճամետրաժ ֆիլմը մի մարդու կյանքի պատմություն է, ով հղիության հանգած հարաբերության համար մի կնոջ բողոքի պատճառով դատարան է բերվում, ինչը պատճառ է դառնում, որպեսզի բացահայտվի այդ մարդու կյանքի ավելի մեծ գաղտնիքը:

Աելի վաղ «Զոնա» կարճամետրաժ ֆիլմը տարբեր փառատոններում արժանացել էր մրցանակների՝ լավագույն ռեժիսորություն, նկարահանում և մոնտաժ անվանակարգերում:

Ալի Արքյանի մյուս գործերից կարելի է հիշել «Այս հիշատակը» և «Բոլոր այն տարիները» վավերագրական ֆիլմերը:

Սեթարե էսքանադրի

 

Իրանցի դերասանուհի Սեթարե էսքանադրին արժանացել է Կանադայի Red line կինոփառատոնի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Կոմիկալ» ֆիլմում իր դերի համար:

Սեթարե Էսքանդարիի կողքին այդ մրցանակի համար մրցում էին Էլի Թրիենգոն Ավստրիայից և Բլանկա Վիվանկոսը ԱՄՆ-ից:

Կանադայի Red line կինոփառատոնում ամեն ամիս մրցում են տարբեր ֆիլմեր: Փառատոնի տարբեր բաժիններում, այլ երկրների, այդ թվում՝ Դանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և Նոր Զելանդիայի ֆիլմերի կողքին ներկայացվել են նաև իրանական ֆիլմեր:

 

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:

Վարչապետի պաշտոնական էջի փոխանցմամբ, ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը դիտել է նաև Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Այնուհետև հանրապետության վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության:

ՅՈՒՆԵՍԿՕ

 

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-31-ը ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:

Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:

Հայաստանը հանդիսանում է վերոնշյալ Կոմիտեի անդամ 2017 թ.-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։

Կոմիտեն ստեղծվել է 1978թ.` Կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի` Կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:

Կոմիտեի կարևոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով:

 

Երևանում հունիսի 2-5-ը անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ:

Փառատոնին այս անգամ մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իրանի, Վրաստանի 4 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը նշեց, որ փառատոնը երաժշտական տոն է դարձել պատանիների համար, այն մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարողական վարպետությունը ներկայացնելու առումով:

«Այս տարի բավական թվով երեխաներ ունենք արտերկրից: Այս փառատոնը կարևոր է նոր տաղանդների բացահայտման առումով, իսկ մենք այդ ներուժն ունենք: Փառատոնի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մասնակից բազմաթիվ պատանիներ այսօր համաշխարհային բեմերում են: Մենք ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր համերգային շրջագայության ժամանակ ԱՄՆ կոնգրեսում հուզել են ներկաներին, ունենք մասնակիցներ, ովքեր միջազգային կարևորագույն մրցույթների հաղթողներ են: Դա հպարտություն է»,-ասաց Սիլվա Մեքինյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվող 4 համերգից երեքը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ եզրափակիչ համերգը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մասնակիցների համար կազմակերպվեցին ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, այցելություն Հայաստանի թանգարաններ և պատմամշակութային վայրեր: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։

 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, դասախոս Նոնա Ոսկանյանը նշեց, որ այս տարվա համերգը նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

«Մեր մասնակիցների թվում այս տարի շատ են հայ երաժիշտները: Մասնակիցները նվագում են տարբեր գործիքներ՝ ակադեմիական, ժողովրդական: Մենանվագ կատարումներում ընտրված են ամենատարբեր կոմպոզիտորների  ստեղծագործություններ: Լավագույններն արդեն կնվագեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,-ասաց Նոնա Ոսկանյանն՝ ընդգծելով, որ կան պատանիներ, ովքեր մի քանի անգամ են մասնակցում:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգայինմրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի խոսքով՝ այս փառատոնը լավ փորձառություն է ապագա երաժիշտների համար:

«Ընդհանրապես այս փառատոնային մթնոլորտը, շփումները, նոր կապերը շատ կարևոր են մասնակիցների համար: Մասնագետները հանդես են գալիս զուգերգերով, կատարումներով, իսկ ահա նվագախմբով ելույթ ունենալն ընդհանրապես մեծագույն փորձառություն է»,-ասաց Հարություն Արզումանյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) աջակցությամբ:

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոն

 

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, որոնք աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը կանցկացվի հունիսի 12-15-ը Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում:

Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, տնօրենը և պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը:

 

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնական Ռիչարդ Ռամչերնը ֆիլմ է ստեղծել, որը փոխում է իր սյուժեն՝ հարմարվելով հանդիսատեսի արտահայտած հետաքրքրությանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմի իրադարձությունների զարգացումները կառավարում է ծրագիրը, որ հատուկ սարքավորումների միջոցով գլխուղեղի ակտիվությունը վերլուծող ազդանշաններ է ստանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ The Moment կոչվող ֆիլմի տևողությունը 27 րոպե է: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հակաուտոպիական ապագայում, որտեղ արհեստական բանականությունը դառնում է մարդկության համար գլխավոր վտանգը

Ռամչերնի խոսքով՝ սարքավորումը կարդում է գլխուղեղի նեյրոնների իմպուլսների առաջացրած էլեկտրական ազդանշանները:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 7-ին` Շեֆֆիլդի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում: Այնուհետև ֆիլմը շարժական կինոթատրոններով «կճանապարհորդի» Մեծ Բրիտանիայով՝ թույլ տալով հանդիսատեսին դիտել և կառավարել սյուժեն:

 

 

 

Jun 16, 2018 01:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ