Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին

Կրկնակի օսկարակիր, Բեռլինի ՄԿՓ-ի բազմակի մրցանակակից Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ժյուրին: Այս մասին տեղեկանում ենք կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 8-ին և կամփոփվի հուլիսի 15-ին։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

 

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Ֆեկսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել է իրեն խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է:

«Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»,- գրել է նախարարը:

Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը:

Համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան:

Մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

 

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ ևպրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը Հայաստանում է.առիթը նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիրն է: Հունիսի 10-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հունիսի 11-15-ը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվեն Ռոբեր Գեդիգյանի կինոնկարները: Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը բացվեց հունիսի 10-ին նրա «Կիլիմանջարոյի ձյուները» կինոնկարով:

Ռոբեր Գեդիգյանը ցուցադրությունից առաջ նշեց, որ շատ գոհ է, որ գտնվում է Հայաստանում: «1,5 ամիս է՝ խոսվում է այստեղի իրադարձությունների մասին: Թերթերը գրում են, որ երիտասարդները պարում են, երգում փողոցներում, ծնողները, տատիկները, պապիկները նույնպես ուրախանում են նրանց հետ: Բոլորն ուրախ են և երջանիկ, քանի որ մի նոր դարաշրջան է բացվում հայ ժողովրդի համար: Մենք էլ մեծ հույս ունենք ու վստահություն: Հույս ունեմ, որ այն հարցերը, որոնք վեր են հանվում իմ ֆիլմերում, ձեզ էլ մտածելու առիթ կտան, կօգնեն հաղթահարել ձեր առջև ծագած դժվարությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ռեժիսորը:

Գեդիգյանի մուսան և կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդն ամուսնու հետ նույնպես Հայաստանում է: «Ինձ համար գերագույն հաճույք է այստեղ գտնվելը: Տարօրինակ է, բայց զգացում ունեմ, որ իմ տուն եմ եկել: Ինձ թվում է՝ ինչ-որ բան փոխվել է: Այս անգամ եկել եմ, որ ձեզնից ինչ-որ բան սովորեմ, որովհետև 1,5 ամիս առաջ դուք արել եք արտակարգ բան: Երբեք չմոռանաք, թե ինչի համար էիք դուրս եկել փողոց և հուսով եմ, որ ինձ էլ մի բան կսովորեցնեք»,- ասաց Արիան Ասկարիդը:

Կինոռեժիսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Գեդիգյանը ֆրանսիական կինոյի այն ստեղծողներից է, ովքեր շատ կարևոր խնդիրների մասին գեղարվեստական խաղարկային ֆիլմեր են անում: Եվ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը հանդիսատեսին հնարավորություն կտա անդրադառնալու ռեժիսորի մեծ արվեստին:

Նշենք, որ 2018 թվականին Ռոբեր Գեդիգյանն ընդգրկվել է Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, իսկ 2015-ին գլխավորել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիգյանն արդեն երեք տասնամյակից ավելի ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն:  Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային:

 

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով նախատեսվում է ստեղծել «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ դրանց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում:

«Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը և 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը: Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը: 

Պրոդյուսեր Դանիել Բըրդը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրել է հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը

 

Պրոդյուսեր Դանիել Բըրդը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրել է հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը, որը կազմված է երեք փուլից: Ծրագրի առաջին փուլը (2018-2019) ներառում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  Դանիել Բըրդի ներկայացմամբ՝ վերականգնված ֆիլմերի բոլոր իրավունքները պատկանում են հայկական կողմին: Ֆիլմի վերականգնումը պետք է սկսվի հունիսին, որպեսզի ֆիլմը ժամանակին ներկայացվի ԱՄՆ-ի Telluride փառատոնի բացման հանդիսությանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր հերթին նախատեսում է վերականգնված ժապավենն ուղարկել Լիոնում կայանալիք Լումիեր եղբայրների անվան փառատոն։

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի սքանավորման ու վերականգնման աշխատանքներից հետո լեհական «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում սքանավորվելու և վերականգնվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ Նովա) ֆիլմի հում նյութը, որը վերջնական մոնտաժից հետո, դուրս է մնացել ֆիլմից։

Վերականգնված հատվածներից, միջազգային համագործակցությամբ, մտադրություն կա ստեղծել «Անհայտ Փարաջանովը» աշխատանքային վերնագրով փաստագրական ֆիլմ։ Նախատեսում են այն 2019 թվականին ցուցադրել Ռոտերդամի և Վենետիկի փառատոներում։

Ծրագրի երկրորդ փուլում՝ 2020-2024 թվականների ընթացքում, բրիտանացի պրոդյուսերը նախատեսում է սքանավորել և ամբողջովին վերականգնել Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, առաջին հերթին՝ «Պեպոն», որը 2019-ին նախատեսում է ներկայացնել Կաննի փառատոնում։

Դանիել Բըրդն առաջարկել է սքանավորել և վերականգնել հայ դասական 10-12 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարելու է ազգային և միջազգային ժյուրին։ Նախատեսվում է այդ ֆիլմերը թողարկել DVD-կրիչով:

Ծրագրի 3-րդ փուլում «Ֆիքսաֆիլմի» մասնագետներն անցկացնելու են սեմինարներ՝ պատրաստելով արհեստավարժ մասնագետներ Երևանում վերականգնողական անկախ ստուդիա ստեղծելու նպատակով:

Նախարար Մակունցը ողջունել է ծրագրի իրականացումը՝ խոստանալով օժանդակել հնարավոր բոլոր միջոցներով:

«Սուպերմեն»

 

Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ 1978 թվականին թողարկված «Սուպերմեն» ֆիլմը Մեծ Բրիտանիայում ճանաչվել Է կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն գերհերոսական ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է The Independent-ը:

Ռեժիսոր Ռիչարդ Դոների կողմից նկարահանված կինոնկարը պատմում Է Սուպերմենի կայացման եւ հանցագործ աշխարհի հանճար Լեքս Լյութորի հետ նրա դիմակայության պատմությունը: Ժապավենը «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «Լավագույն հնչունավորում», «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն երաժշտություն» կատեգորիաներում:

Երկրորդ տեղում Քրիստոֆեր Նոլանի «Թուխ ասպետը» ֆիլմն Է՝ Քրիստիան Բեյլի եւ Հիթ Լեջերի մասնակցությամբ: Կինոնկարը, որը նվիրված Է Ջոքերի դեմ Բեթմենի պայքարին, թողարկվել Է 2008 թվականին: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է «Դեդփուլը»՝ գլխավոր դերում Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ, որի ռելիզը կայացել Է 2016 թվականին:

Թոփ-5-ում տեղ են գտել նաեւ 1989 թվականի «Բեթմենը»՝ Թիմ Բերթոնի հեղինակությամբ, եւ 2002 թվականին թողարկված «Սարդ մարդը»՝ Թոբի Մագուայրի, Ուիլեմ Դեֆոյի, Ջեյմս Ֆրանկոյի եւ Քրիսթեն Դանսթի մասնակցությամբ:

«Ձկնորսական ցանցեր նորոգող կանայք»

 

Նկարիչ Վինսենթ վան Գոգի՝ ստեղծագործական վաղ շրջանում արված կտավներից մեկը 7 մլն եվրոյով վաճառվել է Փարիզում կայացած աճուրդի ժամանակ:

Ինչպես հայտնում է BBC-ն, «Ձկնորսական ցանցեր նորոգող կանայք» կտավը, որը պատկերում է աշխատող գեղջկուհիների, նկարվել է 1882թ., երբ Վան Գոգը 29 տարեկան էր: Մասնագետներն այն ակնկալում էին վաճառել 3-5 մլն եվրոյով:

Աղբյուրը մանրամասնում է, որ կտավը գնվել է ամերիկացի հավաքորդի կողմից:

Ի դեպ, սա վերջին 20 տարվա մեջ Վան Գոգի՝ Ֆրանսիայում աճուրդի հանված առաջին կտավն էր:

«Կտավն այսքան բարձր գնով է վաճառվել, քանի որ Վան Գոգի աշխատանքները հազվադեպ են հայտնվում աճուրդում: Դրանք կարելի է գտնել միայն մասնավոր հավաքածուներում կամ թանգարաններում»,-նշել է աճուրդավար Ֆրանսիս Բրիեստը:

 

 

 

Jun 16, 2018 02:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ