• Մի գավաթ անդորր - 108 - Սխալ պատկերացումներ սթրեսի մասին.

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Կան որոշ պատկերացումներ, որոնք մեզ խանգարում են հաղթահարել առկա սթրեսները: Դրանք թյուր պատկերացումներ և առասպելներ են, որոնք խանգարում են մեր սթրեսների հաղթահարմանը: Որո՞նք են այդ պատկերացումները.

Մենք հաճախ կարծում ենք, որ սթրեսի ենթակա են թույլ մարդիկ և ուժեղ մարդիկ կարող են սթրեսը հաղթահարել, որովհետև ավելի սթրեսակայուն են ու դիմացկուն: Մենք ուժեղ ենք կոչում այն մարդկանց, ովքեր մեծ նպատակներ են դնում, ձգտում են հաղթահարել բոլոր խնդիրները, ովքեր չեն վախենում, լուրջ պայքարի մեջ են նետվում, համարձակորեն փորձում են հաղթահարել խնդիրները: Իրականում ուժեղ մարդիկ իրենք իրենց կյանքի բնույթով և ձևով հրահրում են սթրեսային իրավիճակներ: Արդյունքում ստացվում է, որ ուժեղ մարդիկ շատ ավելի շատ են լինում սթրեսային իրավիճակներում, ավելի շատ են սթրես ապրում, քան թույլ մարդիկ, ովքեր չեն ուզում դժվարություններ հաղթահարել, չեն ձգոտւմ առաջ գնալ, զարգանալ, խոշոր քայլեր անել:

Օրինակ՝ պատկերացում կա, որ ուժեղ սթրեսները մենք միշտ կարող ենք զգալ և ինչ-որ կերպ դրան արձագանքել: Սակայն սա քիչ կապ ունի իրականության հետ, որովհետև կան սթրեսներ, որոնք մենք չենք նկատում և դրանց ազդեցությունը կամ հետևանքները նկատում ենք միայն այն ժամանակ, երբ սթրեսային ազդեցությունն արդեն նվազել է և չկա:

Լինում են իրավիճակներ, երբ մենք սկսում ենք շատ ակտիվ գործունեություն ծավալել, ինչ-որ բաներ ենք նախաձեռնում, գործողություններ ենք իրականացնում իրավիճակը կառավարելու համար և այդ ընթացքում չենք նկատում, որ մենք բարձր լարվածության և սթրեսային իրավիճակի մեջ ենք: Անցնում է որոշ ժամանակ և մեր ինքնազգացողության կամ տրամադրության մեջ ինչ-որ բացասական երևույթներ ենք սկսում նկատել: Լարված աշխատանքային շրջաններից հետո, շատ բուռն փոփոխությունների շրջաններից հետո՝ ամուսնություն, տեղափոխություն, նոր աշխատանք, երբ առաջին փուլի ակտիվությունն անցնում է, մենք զգում ենք որոշակի ուժերի կորուստ, տրամադրության անկում, դեպրեսիվ հոգեվիճակ: Սովորաբար, այս իրավիճակը մենք կապում ենք ոչ թե նախորդող փուլի հետ, այլ՝ ներկա իրադրության հետ:

Պարզվում է, որ երկարատև սթրեսային իրավիճակներից որոշ ժամանակ հետո, երբ կարծես օրգանիզմը հանգստանում է և թուլանում է, այդ ընթացքում ի հայտ են գալիս սթրեսի հետևանքները թե՛ հուզական, թե՛ ֆիզիոլոգիական ոլորտներում:

 

 

Սթրեսի և լարվածության քայքայիչ ազդեցությունը. մտածե՛ք հետևանքների մասին

Այսօր դժվար է սթրեսից խուսափել, այն սպառնում է մեզ ամեն քայլափոխի և թաքնվում տարբեր դիմակների տակ: Սակայն գիտե՞ք արդյոք, որ սթրեսը քայքայիչ ազդեցություն ունի առողջության վրա: Երբ դժվարությունները անհաղթահարելի են դառնում,սթրեսը մարմնական դրսևորումներ է ձեռք բերում: Երբեմն չեք էլ կասկածում, որ Ձեզ հետ կատարվողը հենց սթրես է:

Փսխում

Սթրեսն ու լարվածությունը կարող են առաջացնել փսխում և այսպես կոչված ցիկլային փսխման համախտանիշ, երբ սրտխառնոցն ու փսխումը մարդու մոտ առաջանում են օրվա միևնույն ժամին: Այս վիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ հանգստանալ, շատ ջուր խմել, սթրեսի դեմ պայքարելու ձևեր գտնել,օրինակ մեդիտացիայով զբաղվել:

Մազաթափություն

Մազաթափության բավական շատ պատճառներ կան. ժառանգականությունից մինչև դեղորայք: Սթրեսը նույնպես մազաթափության հաճախ պատճառներից է, այս դեպքում այն կարող է դրսևորվել այսպես կոչված օջախային ալոպեցիայի միջոցով: Կա մազաթափության ավելի վախեցնող տեսակ՝ տելոգեն ալոպեցիա, երբ պացիենտը հանկարծակի կորցնում է մազերի 70%-ը: Սա դժվար է բացատրել որևէ սթրեսային իրավիճակով, քանի որ այն կարող է հայտնվել սթրեսային իրավիճակից մի քանի ամիս անց:Խնդիրը սթրեսային գործոնի ազդեցության դադարից հետո անհետանում է:  

Քթային արյունահոսություն

Տարբեր կարծիքներ կան այս խնդրի շուրջ: Տեսակետներից մեկի համաձայն՝ սթրեսի հետևանքով բարձրացած զարկերակային ճնշումը կարող է պատճառ դառնալ քթային արյունահոսության :

Մոռացկոտություն

Քրոնիկ սթրեսը կորտիզոլի ազդեցության հետևանքով քայքայում է հիպոկամպը' ուղեղի հատվածը, որը պատասխանատու է կարճատև հիշողության համար: Այդպիսով քրոնիկ սթրեսը ազդում է ուղեղի հիշողության ֆունկցիային: Հիշողությունը վերականգնելու համար փորձեք ազատվել սթրեսից և մտավոր վարժություններ կատարեք հիշողությունը մարզելու համար:

Թուլացած իմունիտետ

Սթրեսի ամենաակնհայտ ազդեցություններից մեկը իմունիտետի թուլացումն է, ինչը տեղի է ունենում երկու պատճառով. նախ, սթրեսը խթանում է կատեխոլամինների արտադրությունը, որոնք իմուն համակարգի կարգավորմանը մասնակցող հորմոններ են: Նրանց անընդհատ արտազատումը բացասական է ազդում իմունիտետին: երկրորդ' սթրեսն ազդում է թիմուսին, որտեղ տեղի է ունենում արյան սպիտակ բջիջների հասունացումը:

Արտահայտված քրտնարտադրություն

Բոլորին հայտնի է որ սթրեսի ժամանակ քրտնարտադրությունը խթանվում է սակայն որոշ մարդիկ սկսում են տառապել հիպերհիդրոզից (գերքրտնարտադրություն): Սա միայն էսթետիկ խնդիր չէ: Գերքրտնարտադրությունը շրջապատի մարդկանց համար կարող է ազդանշան լինել որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից: ինչպես նաև քրտինքը սնկերի և բակտերիաների զարգացման համար հրաշալի միջավայր է: Հետևաբար այս խնդրի առկայության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

 

 

 

 

Պիտակ

Jun 28, 2018 13:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ