• Ճանաչենք իսլամը (196)

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Բարզախ»-ի կամ Քավարանի մասին զրույցը:

Ինչպես ասացինք մարդու մահը անվիճելի ու անհերքելի իրականություն է: Հետևաբար զգոն ու հեռատես մարդիկ մշտապես  իրենց առջև նկատում են «Պատրաստվիր մեկնելու համար» զգուշացումը: Նրանք ոչ տարվում են եսապաշտությամբ ու եսասիրությամբ, ոչ չափից ավելի կապվածություն են ստեղծում աշխարհի հետ և ոչ էլ կորցնում են առիթները: Նրանք ճամբորդների նման են, ովքեր գիտեն, որ իրենց ուղևորությունը շարունակվում է և չպիտի անտեսեն հետագա հանգրվանները:

Հազրաթ Ալին մահվան ժամը մոտիկ լինելու մասին ասում է. «Կարող է պատահել ընդառաջ գնա մի օրվա, սակայն դա ավարտին չհասցնի ու թիկունքում չթողնի և կարող է պատահել որ գիշերվա սկզբին բոլորը նրան նախանձեն ու գիշերվա ավարտին սգան նրա մահը»:

Մահից հետո մարդու հոգին փոխադրվում է մեկ այլ աշխարհ: Դա այն պահն է, երբ հոգին խզում է մարմնի հետ իր կապը և առանձնացվում է նրանից, որպեսզի իր գոյությունը շարունակի Քավարան կոչվող մեկ այլ աշխարհում: Քավարանն այս աշխարհից մեկնելուց հետո մարդու առաջին հանգրվանն է:

Մինչև այն պահը երբ այս աշխարհում է գտնվում մարդը չի կարող ըմբռնել հետ մահու աշխարհի հետ կապված իրականությունները և պարզ պատկերացում կազմել այդ աշխարհի մասին, քանի որ այդ աշխարհի յուրահատկությունները դուրս են գտնվում մարդու գիտակցության ու ընկալման սահմաններից: Բայց մարդը Քավարան մուտք գործելուց հետո առավել գիտակցության տեր է դառնում ու շատ հարցեր պարզվում են նրա համար:

Իսլամի մեծ  մարգարեն ասում է. «Մարդիկ քնի մեջ են: Երբ մեկնում են այս աշխարհից՝ զարթնում են»: Այսինքն մահով վերանում են այն քողն ու խոչընդոտները, որոնք մարդուն արգելում են ըմբռնել ոչ-նյութեղեն աշխարհի իրականությունները:

Այս կապակցությամբ Էմամ Ալին ասում է. «Աշխարհի մարդիկ ննջած հեծյալների նման են, որոնք կարավանը շարժվում է ու նրանք տեղ հասնելուց հետո զարթնում են»:

Ամեն դեպքում մարդը Քավարան մտնելուց հետո հանդիպում է նոր հարցերի ու նոր աշխարհի և ամեն ինչ փոխվում է: Իհարկե հավատացյալ ու մաքրակենցաղ մարդիկ, երբ քավարանում նկատում են իրենց երջանկությունն ու բախտավորությունը և վայելում են դրախտային անսահման շնորհներն ասում են, որ երանի դեռ աշխարհում գտնվող մարդկանց իրազեկենք Քավարանում մեր վիճակի մասին:

Ղուրանը «Յասին» սուրայում անդրադառնում է այն մարդկանց ճակատագրին ովքեր հավատքի շնորհիվ փրկվեցին և մտան դրախտ: Պատմությունը հետևյալն է, որ առաքյալները պարտականություն են ստանում Անտիոքի ժողովրդին միաստվածության հրավիրել: Բայց քաղաքի ժողովուրդը մերժում են Աստծո առաքյալներին: Այդ միջոցին պատմության մեջ է մտնում հավատավոր մի մարդ: Նա ավելի վաղ համոզվել է Արարչի առաքյալների ուսուցումների ճշմարտացիության մասին և իր հավատքի հարցում ամուր է: Բազմաթիվ մեկնաբաններ նրա անունը Հաբիբ Նաջար են հիշատակել:

Երբ նա լուր է ստանում, որ քաղաքի կենտրոնում ժողովուրդն ընդվզել է Աստծո մարգարեների դեմ լռությունը հարմար չի տեսնում: Շտապ կերպով իրեն հեռավոր մի կետից հասցնում է քաղաքի կենտրոնը և հզոր ու տրամաբանական ելույթ ունենալով այդ ժողովրդին կոչ է անում հետևել Աստծո առաքյալներին: Նա համառ հավատուրացների ու անհավատների դիմաց արիաբար պաշտպանում է Աստծո առաքյալներին:

Թեև այդ ճանապարհին նա որևէ աջակից չուներ ու միայնակ էր, այդուհանդերձ հավատքն այնպես էր բոցավառվել նրա հոգում, որ առանց նկատելու միաստվածության ճանապարհին պայքարողների հանդեպ իր աջակցության հետևանքները ասպարեզ է իջնում: Նա պարզ տրամաբանությամբ ընդգծում է միակն Աստծուն պաշտելու անհրաժեշտությունը և ասում է. «Ինչո՞ւ չպաշտեմ նրան ով արարել է ինձ և բոլորս դեպի նա ենք վերադարձվելու»:

Այս հավատավոր ու վճռակամ մարդը մարդկանց ներկայությամբ իր պատճառները ներկայացնելով հայտարարեց. «Ես հավատում եմ ձեր Արարչին և ընդունել եմ այս առաքյալների հրավերը, ուրեմն լսեք ինձ ու հավատք բերեք»: Հաճելի կետեր ու պարզ տրամաբանություն պարունակող նրա խոսքը ոչ միայն չազդեց խավարով պատված հոգիների վրա, այլև նրանց մեջ բոցավառվեց թշնամության կրակը: Հետևաբար դաժանորեն նահատակեցին այդ մարդուն: Ղուրանը շարունակելով գրում է. «Նրան ասվեց «Դրախտ մտիր»: Ասաց.««Երանի իմ ժողովուրդն իմանար, որ իմ Արարիչն ինձ ողորմեց և դասեց արժանավորների շարքը»

Ղուրանը հստակ ակնարկ չի կատարում այդ ըմբոստ ժողովրդի հակազդեցությանը, բայց Ղուրանի ոճից այնպես է հասկացվում, որ նրանք նրան նահատակում են: Ղուրանն անդրադառնում է նահատակությանը հաջորդած դեպքերին և ասում է. «Նրան ասվեց դրախտ մտիր»: Ղուրանն այս նուրբ փոխաբերությամբ նրա նահատակությանն ակնարկելու փոխարեն խոսում է նրա դրախտ գնալու մասին: Սա վկայում է, որ հավատացյալ մարդը նահատակությունից անմիջապես հետո դրախտ է մտնում: Անկասկած այստեղ դրախտ ասելով պիտի հասկանալ քավարանային դրախտը:

Այո, այդ մեծ մարդու մաքուր հոգին հանգչում է Աստծո անսահման արքայության մեջ և արժանի է դառնում դրախտային շնորհներին: Նա նկատելով իր հանդեպ Աստծո բարությունը միայն մի փափագ է հայտնում և դա այն է, որ «Երանի իմ ժողովուրդն իմանար, որ իմ Արարիչն ինձ ողորմեց և դասեց արժանավորների շարքը»: Նկատի առնելով այս մեծ մարդու փափագը, որ ցանկանում է իր ժողովուրդը տեսնի կուլիսները և Աստծո անսահման շնորհներն ու պարգևները կարելի է հասկանալ, որ մարդը մահից հետո գիտակցության տեր է և իղձեր է ունենում, այլ խոսքով մի տեսակ քավարանային կյանք է ունենում:

Վկայությունների համաձայն Քավարանում մարդու տեսքն ու կերպարանքը նմանում է այս աշխարհում նրա կերպարանքին: Այդ պատճառով էլ հավատացյալները Քավարանում միմյանց ճանաչում, հանդիպում ու զրուցում են: Նրանք նկատի առնելով իրենց դիրքն աշխարհում որոշ իրադարձությունների ականատես են լինում:

Մյուս կետն այն է, որ Քավարանում մաքուր ու արժանավոր մարդիկ իրենց հոգևոր դիրքի ու աստիճանի համաձայն հայտնվում են իրենց համախոհների կողքին, իսկ հավատուրացները, չարագործներն ու վատահամբավները դասվում են իրենց նմանների շարքը:

Այն մասին որ Քավարանում մեռելները միմյանց ճանաչում, զրուցում ու նիստ ու կաց են անում, Էմամ Ալիի աջակիցներից համարվող Հաբբա Օռանին հետաքրքիր պատմություն է պատմում: Նա ասում է. «Մի օր Հազրաթ Ալիի հետ դուրս եկանք Քուֆեից ու գնացինք «Վադի-ալ-Սալամ» գերեզմանատունը: Հազրաթ Ալին այդտեղ կանգ առավ, ճիշտ այն մարդու նման, որ զրուցելու համար կանգնում է մի շարք մարդկանց առաջ: Ես էլ այնքան կանգնեցի, որ մի առ ժամանակ անց հոգնածություն զգալով նստեցի: Քիչ հետո կրկին հոգնեցի ու այս անգամ կանգնեցի: Մի քանի անգամ նստելուց ու կանգնելուց հետո իմ թիկնոցը տարա նրա  մոտ ու ասացի, որ երկար ժամանակ կանգնած մնալով հոգնած պիտի լինես, մի փոքր հանգստացիր: Հետո իմ թիկնոցը փռեցի գետնի վրա, որ Հազրաթ Ալին դրա վրա նստի: Ալին ասաց. «ով Հաբբա, այս կանգնելը չի հոգնեցնում, քանի որ դրա  ընթացքում զրուցում ու շփվում ես հավատացյալի հետ»: Ասացի. «Արդյոք նրանք էլ այդպիսին են և շփվում ու զրուցում են միմյանց հետ»: Հազրաթ Ալին ասաց. «Այո, եթե վերցվի քո աչքերի դիմաց քաշված քողը կնկատես, որ հավատացյալների հոգիները իրար շուրջ համախմբված զրուցում են»: Հարցրեցի. «Սրանք հոգի են, թե՝ մարմին»: Պատասխանեց. «Որևէ հավատացյալի հոգին աշխարհի որևէ անկյունում չի մահանում և նրա հոգուն ասվում է, որ «Վադի-ալ-Սալամ» գնա և դա դրախտի մեկ հատվածն է»:

Շիաների ու սունիների հայտնի գրքերում բազմաթիվ վկայություններ կան, որոնք տարբեր մեկնաբանություններ են կատարում Քավարանի ու անդրշիրիմյան կյանքի մասին: «Նահջ-օլ-Բալաղա»-ու կարդում ենք, որ Ալին «Սաֆեյն»-ի պատերազմից վերադառնալով երբ մոտենում է Քուֆե քաղաքից դուրս գտնվող գերեզմանատանը դիմում է շիրիմներին ու ասում է. «Ով սարսափելի տների, թափուր վայրերի ու մութ շիրիմների բնակիչներ, ով հողի բնակիչներ, ով օտարներ, ով միայնակներ, ով սարսափահարներ, դուք այս ճանապարհին մեզանից առաջ անցաք և մենք էլ միանալու ենք ձեզ: Եթե աշխարհի մասին հարցնեք ձեզ կասեմ, որ ձեր տներում ուրիշներն են բնակվում, ձեր կանայք ամուսնացել են ուրիշների հետ և ձեր ունեցվածքը բաժանվել է: Սրանք մեզ մոտ եղած լուրերն են: Ձեր կողմում ի՞նչ լուրեր կան»: Ապա դառնում է իր աջակիցներին ու ասում է. «Եթե  նրանց թույլատրվեր, որ խոսեն անկասկած ձեզ կասեին, որ այս ճանապարհի լավագույն պաշարը, պահեցողությունն է»:

Հազրաթ Ալիի այս արտահայտությունները վկայում են այն իրողության մասին, որ մարդը մահից հետո գիտակցում ու ըմբռնում է և եթե խոսելու թույլտվություն ունենա կարող է նաև ձեզ հետ խոսել:

   

 

 

Jul 03, 2018 20:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ