• Գեղարվեստական հաղորդում (119)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ասղար Ֆարհադին գլխավորելու է Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ժյուրին: Կինոփառատոնում կցուցադրվեն չորս իրանական ֆիլմեր: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Սույն թվականի հուլիսին Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այս տարի կրկնակի օսկարակիր, իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադին գլխավորելու է  «Ոսկե ծիրան»  15-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ժյուրին:

Ասղար Ֆարհադին  2011 թվականին «Նադերի և  Սիմինի բաժանումը» օսկարակիր ֆիլմով  արժանացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակին: Այս տարի  Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» ֆիլմը, որը նկարահանվել է իսպաներեն լեզվով, կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Հեսամ Էսլամիի «20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմը կցուցադրվի վավերագրական ֆիլմերի բաժնում, իսկ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի պատրաստած  Իրան-Հայաստան համատեղ կինոարտադրություն «Եվա» և Իրան-Գերմանիա համատեղ կինոարտադրություն «Անստվեր» ֆիլմերը կցուցադրվեն փառատոնի համայնապատկեր բաժնում:

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով (2017, Ֆրանսիա):

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն  փակվելու է  Թերի Գիլիամի  «Դոն Կիխոտին սպանած մարդը»  (Իսպանիա/Բելգիա/Ֆրանսիա/Պորտուգալիա/Միացյալ Թագավորություն) ֆիլմով:

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել է շուրջ 27 ֆիլմ։

Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ  միջազգային փառատոն

 

2018 թվականի հունիսի  22-ից  կմեկնարկի  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ  միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Այս մասին հայտնում են փառատոնի լրատվական ծառայությունից։

Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում  տեղի կունենան  ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքային համալիրի տարածքում և քաղաք Գորիսում:

Այս տարի  հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր։

«Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրություն

 

Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 28-ից կգործի «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից:

Ցուցահանդեսի համադրող Հայկուշ Սահակյանը ասել է, որ այս ցուցահանդեսը շատերի համար բացահայտում կլինի, քանի որ արվեստասերներին ծանոթ են հիմնականում Մինասի գեղանկարչական աշխատանքները:

«Այդ իսկ պատճառով նկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված այս ցուցահանդեսն ընդգրկում է Մինասի գործունեության ամենատարբեր բնագավառները` գրաֆիկա, թատերական և կինոձևավորումներ, որոնցից շատերը երբևէ չեն ցուցադրվել: Այս առումով կարելի է ասել, որ ցուցահանդեսը շատերի համար բացահայտում կլինի»,- նշեց նա:

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: Մինասն աշխատել է նաև կինոյում, Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչն է։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։

 

Հունիսի 17-ին Երևանի «Երազ» գործարանի լքված տարածքում բացվելու է ցուցահանդես՝ «Երևան Արտ էքսպո»:

Ցուցահանդեսի համադրող Նարինե Իսաջանյանը, ով  20 տարի  բնակվում և գործում է Լոս Անջելեսում ասել է, որ արդեն երեք տարի կազմակերպում է Երևան էքսպո հենց այդ լքված գործարանի տարածքում:

«Ինչո՞ւ է այդ տարածքն ընտրվել: Իմ գաղափարն այն էր, որ կարողանանք օգտագործել այդ տարածքը, քանի որ ներսից արդեն ունի սառած հիշողություններ դեպի անցյալը, սառած հիշողություններ, որտեղ ինչ-որ ժամանակ արտադրություն է եղել, կյանք է եղել»,- նշեց Նարինեն:

Ցուցահանդեսում Հայաստանի արվեստագետների հետ մեկտեղ ներկայացվելու են նաև տարբեր երկրներից հրավիրված հեղինակներ:

Հիշեցնենք, որ նախքան այս ցուցահանդեսը, հունիսի  7-ից Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում գործում է «2018 Էքսպոյից առաջ» խորագրով խմբային ցուցահանդեսը, որին նույնպես բացի հայ արվեստագետներից, ներկայացած են նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրված հեղինակներ։

Ցուցադրության կոնցեպտն է «Ոչ ավանդական արվեստը»:

Ցուցահանդեսի համարդրողն ասաց, որ ընդհանուր առմամբ, «2018 Էքսպոյից առաջ»-ին մասնակցել է 44 հեղինակ (դրսից՝ 12 նկարիչ), որոնք կարող են մասնակցելու նաև «Արտ էքսպոյին»:

«Հունիսի 17-ին բացվող ցուցահանդեսում ներկայացվելու են դրսից բերված բոլոր աշխատանքներ: Այս տարի Ամերիկայից ինձ հետ բերել եմ 5 ստեղծագործող: Ինչ վերաբերում է այստեղի հեղինակներին, նրանք այսօր իրենց գործերը  Ժամանակակից արվեստի թանգարանից տուն  կտանեն, իսկ  հունիսի 17-ին  բացումից երկու ժամ առաջ կգան գործարանի տարածք՝ բերելով իրենց հետ իրենց գործերը: Ցուցահանդեսի ամբողջ նպատակը ոչ տրադիցիոնալ նկարչությունն է կամ ցուցադրությունը, այսինքն, երբ հեղինակը գալիս է տարածք, պետք է կարողանա  տեսնել իրեն այդ տարածքում, օգտագործել ինչ կա շրջապատում՝ փորձելով  գործերը դարձնել ինստալյացիոն արվեստ կամ ինստալյացիա»,- մանրամասնեց  ցուցադրության համադրողը՝ ընդգծելով, որ իր նպատակն է ցուցահանդեսին  մասնակցեն երիտասարդ ստեղծագործողները:

Նրա խոսքով, Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդ նկարիչներ, որոնց հետ հաճելի է աշխատել:

«Երանի ինչ ունեինք մենք  տարիներ առաջ՝ արվեստանոցներ, ստուդիոներ, շփումներ նկարիչների հետ, իրենք էլ ունենան այսօր: Այսօր նրանք շփման կարիք ունեն»,- հավելեց նկարչուհին:

Երվանդ Մանարյան

 

Օրեր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը:

Վիրահատությունից հետո դերասանի թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Դերասանի որդու՝ Քրիստ Մանարյանի ֆեյբուքյան էջից  տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն հիվանդանոցում այցելել է Երվանդ Մանարյանին:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանի Արաք քաղաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

Երվանդ Մանարյան

 

Հանրահայտ փողոցային նկարիչ Բենքսիի վրձնին պատկանող Trolley Hunters՝ «Կցասայլերի որսորդները» կտավը գողացել են Տորոնտոյում ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ առաջ:

Վեստի.ռու-ն, հղում անելով  CBS News-ին, գրում է, որ ոստիկանությունը տարածել է անվտանգության տեսախցիկների կադրերը, որտեղ արձանագրված են չարագործի գործողությունները, սակայն առայժմ նրան գտնել չի հաջողվել: Գողը նախկին ֆաբրիկայի շենք մտել է վաղ առավոտյան, դեմքը փակել է սև կտորով, երիտասարդն ընտրել է ամենամոտ տեղադրված կտավը, վերցրել ու արագ հեռացել: Գողացված նկարի գինն, ըստ փորձագետների, 45 հազար դոլար է: Անհայտ է, թե ով է նկարի տերը:

Ցուցահանդսին ընդհանուր առմամբ պետք է ներկայացվեր սթրիտ-արտի վարպետ Բենքսիի 80 աշխատանք՝ 35 միլիոն դոլար արժեքով: Մուտքի տոմսը 35 դոլար է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի Մարիա թագուհու ինստիտուտի ներկայացուցիչներն իբր գաղտնազերծել են Բենքսիի անձը, որի գրաֆիտիները անգլիական քաղաքների փողոցներում սկսել են հայտնվել 90-ականների սկզբից: Նրանց կարծիքով, Բենքսիննկարիչ Ռոբին Գանինգեմն է:

 

 

 

Պիտակ

Jul 14, 2018 09:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ