Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Ֆրեսկո» փառատոնին ցուցադրվելու է 28 ֆիլմ՝ 13 երկրից:

Հունիսի 22-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկեց «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնը կրում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագիրը: Մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից:

Փառատոնի շրջանակում հանդիսատեսները նաև հնարավորություն կունենան հանդիպել տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների և կինոգործիչների հետ: Միաժամանակ, Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:

Փառատոնն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:

Փառատոնի մրցութային բաժնում այս տարի Իրանից ներառված են Քազեմ Մոլայիի՝ «Քուփալ»-ը, որի գլխավոր դերում հանդես է եկել իրանահայ դերասան հանգուցյալ Լևոն Հաֆթվանը, Մեյսամ Բաբաիի՝ «Աղեղնավորը» և «Նետում»-ը, Սաաիդ Նաղավիանի՝ «Ավարտը», Մոհամմեդ Բախշիի՝ «Դու Վոլեյբո՞լ ես»-ը, Ահմադ Զայիրիի՝ «Սաադի ձիթապտղի ծառը» և Միրաբբաս Խոսրավինեժադի «Ֆորուզան»-ը:

Փառատոնն աշխատելու է մինչև հուլիսի 1-ը:

 

Հուլիսի 2-6-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն հինգ անմոռանալի համերգային երեկոներ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ և հետաքրքիր ռեպերտուարով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Երևան կժամանեն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ Նշենք, որ փառատոնի հյուրերը Հայաստանում ելույթ կունենան առաջին անգամ. կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ։ 

Աղբյուրը նշում է, որ փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, և այլ հեղինակների գործեր։

«Արմենիա» փառատոնը հյուրընկալելու է նաև ավելի քան 200 զբոսաշրջիկների, որոնք գալիս են Հայաստան՝ հենց այս փառատոնին մասնակցելու համար:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցները Հայաստանում անցկացվող դասընթացի արդյունքում ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի պահպանման իրենց փորձը կփոխանցեն սիրիացի փորձագետներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-27 անցկացվելիք դասընթացը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

«Մեծ պատիվ է վարել դասընթաց, որում Մատենադարանի մասնագետներն իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն սիրիացի մեր քույրերին ու եղբայրներին: Սիրիան հարուստ մշակութային ժառանգություն է տվել համաշխարհային քաղաքակրթությանը: Եվ հիմա այդ երկրի մշակույթը մեծ վտանգի առաջ է կանգնած: Հայերս շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի վնաս կարող են հասցնել բարբարոսները»,-ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման գործում մեծ փորձ ունի: Դեռ վաղուց ունեցել է խումբ, որի նպատակն էր իրականացրել հնագույն մագաղաթյա ձեռագրերի կոնսերվացում՝ բացառելով քիմիական միջոցների կիրառումը: Տասնամյակների ընթացքում փոքրիկ խումբը մեծացել է՝ դառնալով մի մեծ բաժին, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Բաժինը հագեցած է ժամանակակից սարքերով:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ մագաղաթագիր և տպագիր ժառանգության պահպանության հիմնական նախապայմանն այն միջավայրն է, որտեղ նրանք գտնվում են: Իսկ այդ միջավայրի բնականոն ու պատշաճ գործունեությունն ապահովում են մասնագետները: «Իսկ Մատենադարանի մասնագետներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գիտելիքների կիրառմանը»,-նշեց Մակունցը:

Մատենադարանի աշխատակիցների կողմից անցկացվող դասընթացին մասնակցելու է ժամանել 8 սիրիացի:

Դամասկոսի ձեռագրերի պահպանության կենտրոնի ներկայացուցիչ Էվելին Ջաբուրը նշեց՝ շատ ուրախ է, որ Սիրիայի հին փաստաթղթերը պահպանել սովորելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռված: «Այստեղ եկել ենք մեր գիտելիքներն ընդլայնելու համար: Շատ ուրախ եմ, որ հայ մասնագետներից պետք է սովորենք»,-ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այս ծրագիրը եզակի համարեց: Առաջին նախագիծն է, որի շրջանակում ընդունում և փորձի փոխանակում են կատարում սիրիացի մասնագետների հետ: «Սիրիական ճգնաժամի առաջին օրվանից Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում փորձում է օժանդակել բարեկամ ժողովրդին: Սիրիացի մասնագետների համար նախատեսված այս վերապատրաստման դասընթացը դրա ևս մեկ ապացույցն է»,-ասաց Հովակիմյանը:

«Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը» համատեղ կազմակերպվել է  «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի ու Ֆլանդրիայի կառավարությունների աջակցությունը ստացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

 

Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչությունն ավարտում է գողացված և Սիրիայի տարածքից հանված արտեֆակտերի ամբողջական ցուցակի կազմումը։ ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ, վարչության ղեկավար Մահմուդ Համուդը ասել է, որ ցուցակը տրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ինտերպոլին՝ դրանք որոնելու և արագորեն Սիրիա վերադարձնելու նպատակով։

Նա նշել է, որ շարունակում են համագործակցությունը համաշխարհային մշակութային ժառագության պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով պատերազմի տարիներին գողացված  արտեֆակտերը հետ վերադարձնել։

Մահմուդ Համուդը նշել է, որ ահաբեկիչները կարողացել է Սիրիայի տարածքից դուրս հանել երկրի մշակութային ժառանգության  բազմաթիվ նմուշներ։

 

Թուրք ուսումնասիրող Ումիթ Յուքսելը Թուրքիայում հրատարակվող մշակութային «Հայաթ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է Օսմանյան կայսրության տարիներին սուլթանական պալատում 23 տարի լուսանկարիչ աշխատած Ֆեբուս Էֆենդիի մասին, ով իրականում հայազգի Պողոս Թագուլյանն էր և անձամբ էր լուսանկարում սուլթաններին։

Ըստ Յուքսելի՝ թուրքական արխիվներում պահպանվել են Ֆեբուս Էֆենդիի հուշերը, որտեղ նա պատմել է, թե ինչպես ու ինչ դիրքով են սիրել լուսանկարվել օսմանցի առաջնորդները։

Հայազգի լուսանկարիչն իր հուշերում գրել է, որ սուլթան Աբդուլմեջիդն, օրինակ, շատ «կոկետ» էր և լուսանկարվելիս պարբերաբար հարցնում էր․ «Այսպե՞ս կանգնեմ, թե՞ այսպես»։ Իսկ ահա Աբդուլհամիդ Երկրորդն, ըստ հայ լուսանկարչի, մշտապես պահանջել է առավել լուրջ, խիստ կեցվածքով լուսանկարներ։

Իր հուշերում Ֆեբուս Էֆենդի նաև նկատել է, որ պալատական ոչ մի կին չէր լուսանկարվում և իրեն երբևէ նման խնդրով չեն կանչել։

«Միայն Էնվեր փաշան էր իր հարսանիքի ժամանակ կանչել», - գրել է հայազգի նշանավոր լուսանկարիչը։

Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը

 

Հռոմում առաջին անգամ հանրությանը ներկայացրել են իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը։ Այն նկարիչը ստեղծել է 19 տարեկանում։ Կերամիկական սալիկի վրա պատկերված էր Գաբրիել հրեշտակապետը։  Լեոնարդոյի արվեստն ուսումնասիրող արվեստաբանները ենթադրում են, որ  նկարիչն  իրեն է պատկերել։

Փորձագետները դժվարանում են այն գնահատել։

«Սա Լեոնարդոյի առաջին գեղարվեստական աշխատանքն է և այն անգին է»,- ասել են նրանք։

Ռիա Նովոստին գրում է, Վերածննդի ժամանակաշրջանի նկարչի արվեստով զբաղվող մասնագետներին դիմել են նշանավոր Ֆենիչե դի Ռավելլո ընտանիքի ժառանգները, ովքեր ստացել են  այդ աշխատանքը կտակով դեռ 19-րդ դարի վերջին։ Ենթադրվում է, որ դի Ռավելլո ընտանիքին իրենց ծառայության համար այն նվիրել է նեապոլիտանական թագուհի Իոաննա Արագոնացին։

Փորձագետները նշել են, որ սեփականատերը դեմ չի լինի այն վաճառել իտալական պետությանը։

«Մենք հույս ունենք, որ այն կմնա Իտալիայում։ Եթե պետությունը պատրաստ է այն ձեռք բերել, մենք պետք է գտնենք թանգարան, որտեղ այն կցուցադրվի... Մենք չենք կարող կորցնել այն, ինչպես կորցրել ենք Մոնա Լիզան»,- ասել է արվեստաբաններից մեկը։

Մոցարտ

 

Ֆրանսիական Ader Nordmann աճուրդային տունը չի կարողացել վաճառել  Մոցարտի եզակի ձեռագիրը։ Որևէ մեկը չի ցանկացել գնել 1786 թվականին գրված «Ֆիգարոյի  ամուսնությունը» օպերայի պարտիտուրի  մի մասը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  սպասվում էր, որ այն կվաճառվի 400-500 հազար եվրոյով։ Չնայած նրան, որ փորձագետները այդ լոտը գնահատել էին «հիանալի», որևէ մեկը չի ցանկացել դրա համար վճարել կես միլիոն եվրո։

Փորձագետն ասել է, որ Մոցարտի արվեստի գնահատողների համար այդ ձեռագիր չորս էջը մեծ նշանակություն ունեն, քանի որ հստակ ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնացել Մոցարտի ստեղծագործական գործունեությունը, ինչպիսի գաղափարներ է ունեցել օպերայի վերջին տեսարանի ստեղծման ժամանակ։

 

 

 

 

 

Jul 14, 2018 09:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ