Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Իրանական նոճի» մրցանակը առաջիկա հինգշաբթի օրը հատուկ հանդիսությամբ կհանձնվի Լորիս Ճգնավորյանին:

ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն «Իրանական նոճի» մրցանակի հանձնման երրորդ շրջանի հանդիսության ընթացքում հիշյալ մրցանակը հանձնվելու է իրանահայ անվանի երաժիշտ, դիրիժոր Լորիս ճգնավորյանին և շահնամեագետ ու համալսարանի դասախոս Սաջադ Այդանլուին:

81-ամյա Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բոռուջերդ քաղաքում: Երաժշտական ուսումը կատարելագործել է Վիեննայում ու Միշիգանում և հորինելով ավելի քան 75 երաժշտական ստեղծագործություններ, որպես ղեկավար հանդես է եկել աշխարհի ամենահայտնի բեմերում:

«Իրանական նոճի»-ն Իրանի մշակութային ժառանգության ոչ-պետական առաջին մրցանակն է, որ չորս տարի առաջ ստեղծվել է մշակութային ու համալսարանական ոչ-կառավարական կառույցների կողմից և իր մրցանակը հանձնում է 65-ից վեր և մինչև 40 տարեկան երկու անվանակարգերում:

«Ոսկե ծիրան» հոբելյանական միջազգային կինոփառատոն

 

«Ոսկե ծիրան» հոբելյանական միջազգային կինոփառատոնն այս տարի Հայաստան կբերի հանրահայտ կինոգործիչների, որոնց թվում են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:

Հյուրերի և հետահայաց ցուցադրությունների մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

«Ներկա կլինեն հյուրեր, որոնք մեկ անգամ չէ, որ եղել են Հայաստանում: Մեր երկիր կժամանեն ռեժիսորներ, որոնց հրավիրելու համար մենք երկար տարիներ ենք աշխատել, և, վերջապես, նրանցից դրական պատասխաններ ենք ստացել: Նշանակալի է հայտնի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկու ներկայությունը, որի կինոնկարների ետահայաց ցուցադրությունը կանցկացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մովսիսյանը: Նա հավելեց` կցուցադրվեն «Ակունքը», «Սև կարապ», «Մայր» ֆիլմերը:

Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցել վարպետության դասերի, ստանալ ֆիլմերի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Մովսիսյանը շեշտեց, որ հյուրերի շարքում է հեղինակային ֆիլմերի վարպետ Ջանֆրանկո Ռոզին, ով մի շարք փառատոնների դափնեկիր է: Կանցկացվի նաև նրա ժապավենների ետահայաց ցուցադրություն: Կներկայացվեն «Ծովի մակարդակից ցածր», «Մարդասպան. սենյակ 164», «Սրբազան օղակաձև ճանապարհը» կինոնկարները:

Փառատոնի շրջանակում կանցկացվի Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» և ամերիկյան կինոյի ներկայացուցիչ Շոն Բեյքերի «Ֆլորիդա նախագիծը» ֆիլմերի հայաստանյան պրեմիերաները:

Կիրականացվի հատուկ ծրագիր` նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65-ամյակին:

Հիշեցնենք, որ փառատոնի գլխավոր բաժնի ժյուռին գլխավորելու է իրանցի հանրահայտ կինոռեժիսոր, Օսկարի կրկնակի մրցանակակիր Ասղար Ֆարհադին:

Փառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում իրականացվող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին: «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

«Մինաս. Հին ու բոլորովին նոր»

 

Հայ կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչ, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Մինաս. Հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսում մեկտեղվել է հեղինակի տարբեր տարիների շուրջ 90 աշխատանք: Ցուցահանդեսը համակողմանիորեն բացահայտում է նկարչի գործունեությունն ամենատարբեր ոլորտներում՝ հաստոցային և մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են փաստավավերագրական նյութերով:

Հունիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսի փակ դիտմանը ներկա էին լրագրողներ և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:

«Սա չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում, Ազգային պատկերասրահի և անձամբ ինձ համար: Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի երկրորդ կեսի նկարչական ավանգարդիստական ոճը  համադրեց ազգային, տեղային գույներով: Նրա ստեղծագործություններում նկատելի է մեր հրաշալի նկարիչների ազդեցությունը: Նա մեր մեծագույն ստեղծագործողների արժանի շարունակողը դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը խոստովանեց, որ շատ հուզված է մեկ վայրում Մինասի այդքան շատ գործեր տեսնելով: Նա հիշեց, որ վերջին անգամ տասը տարի առաջ հոր 80-ամյա հոբելյանի առթիվ է նրա բազմազան աշխատանքները դիտել Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել նկարչի գործունեության տարբեր կողմերը:  Ներկայացվել են գործեր Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից»,-ասաց համադրող Հայկուհի Սահակյանը:

Ցուցադրության շրջանակում ներկայացվեց պատկերագիրք, որում զետեղված էին ցուցադրության մեջ ներառված բոլոր աշխատանքները և Մինասի հեղինակած հոդվածներն իր ընկերների մասին:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ՝ նա թատրոն ներխուժեց լայն ու խոր մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»: Այսպես է 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը բնութագրել Մինաս Ավետիսյանին: Բեմանկարչության առիթով ասված այս խոսքերը դիպուկ բնորոշում են Մինասի արվեստն ամբողջությամբ՝ նրա մտածողությունը, հախուռն գունազգացողությունը, ժանրերի ու թեմաների բազմազանությունը… Նկարիչ, որի անունն այսօր դարձել է 1960-ականների հայ կերպարվեստի խորհրդանիշ:

«Մատնաչափիկը»

 

Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հանրահայտ հեքիաթի հիման վրա Սամսոն Մովսեսյանի բեմադրած  համանուն ներկայացումը  մասնակցել է Ամերիկայի Վենիս քաղաքում անցկացված «AACT World Fest»-ին: Այն ստացել է ժյուրիի ամենաբարձր մրցանակը «Հազարավորների աշխատանք, որը կատարվել է 3 դերասանի կողմից» և «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամսոն Մովսեսյանն ասաց, որ փառատնն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: «Փառատոնին մասնակցում էին թատերախմբեր Գերմանիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Իտալիայից և այլ երկրներից: Տիկնիկային ժանրում միայն մենք ենք ներկայացում մատուցել»,-նշեց նա:

Ռեժիսորը հավելեց, որ առաջին անգամ էին «Մատնաչափիկը» մանկական ներկայացումը խաղում հասուն հանդիսատեսի առաջ: «Զարմանալի էր, բայց թատերասերները այն նույն հետաքրքրությամբ էին դիտում բեմադրությունը, որով երեխաներն են այն նայում»,-ընդգծեց բեմադրիչը:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ներկայացման ցուցադրությունից հետո քննարկումներ էին իրականացվում ժյուրիի անդամների հետ: «Մատնաչափիկը» դիտելուց հետո, վերջիններս խոստովանել են, որ հրաշքի մեջ են հայտնվել:

 

Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դասական արվեստի սիրահարներին կպարգևի բարձրակարգ համերգներ։ Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր օր հանդես կգա նոր համերգային ծրագրով։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանն ասում է, որ համերգային ծրագրերն ունեն յուրահատուկ կառուցվածք. դրանք ներառում են ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ գործեր, բացի այդ, համերգները կմեկնարկեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի և Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

«Խորհրդանշական է, որ «Արմենիա» փառատոնը բացվելու է Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմով։ Այս ստեղծագործությունը չի կատարվել շատ երկար տարիներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացել է գտնել սիմֆոնիկ պոեմի պարտիտուրը, թվայնացնել այն, եւ ավելի քան 30 տարիների դադարից հետո այն նորից կհնչի հայաստանյան բեմում»,- ասում է Սարգիս Բալբաբյանը։

«Արմենիա» փառատոնի նպատակներից է Հայաստան հրավիրել աշխարհում մեծ ճանաչում վայելող մենակատարների և հայ ունկնդրին հնարավորություն տալ հաղորդակից դառնալու նրանց արվեստին։ Այս տարի «Արմենիա» փառատոնին մասնակցելու են Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։

Փառատոնի շրջանակներում ևս մեկ անակնկալ է սպասվում ունկնդիրներին։ Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան. օտարազգի կոմպոզիտորն անդրադառնում է մեր էպոսին:

Սարգիս Բալբաբյանը նշում է, որ հրավիրված մենակատարները մեծ ճանաչում ունեն աշխարհում, և վերջիններիս Հայաստան բերել հնարավոր է դարձել կազմակերպիչների կողմից նրանց հետ ունեցած կապերի, համագործակցության և ծավալած աշխատանքի շնորհիվ։ Մենակատարները նախ մեծ հաճույքով համագործակցում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, առանձնացնում են նվագախմբի յուրահատուկ հնչողությունը և շատ դեպքերում շեշտում, որ այն տարբերվում է եվրոպական նվագախմբերի հնչողությունից։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

 

 

Jul 14, 2018 09:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ