Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հեսամ Էսլամի պատրաստած «20-րդ շրջանի կասկածյալները» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանի «Ոսկե Ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմեր»-ի մրցութային բաժնում:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն «Ոսկե Ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնը հուլիսի 8-ից 15-ը տեղի կունենա կունենա Երևանում, որի ընթացքում կցուցադրվի Իրանի Վավերագրական ու փորձառական կինոյի տարածման կենտրոնում արտադրված Հեսամ Էսլամիի «20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմը:

«Ոսկե Ծիրան» միջազգային 15-րդ փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային բաժնում ցուցադրվելու են Իտալիայում, Իրանում, Թուրքիայում, Բրազիլիայում, Նիդերլանդներում, Խորվատիայում և ... արտադրված 13 ֆիլմեր:

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» միջազգային 15-րդ փառատոնի «Հայկական Համայնապատկեր» բաժնում ցուցադրվելու են իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրամուտի բեռնատարը» գեղարվեստական ֆիլմերը:

Փառատոնի «Խաղարկային ֆիլմեր»-ի բաժնի ժյուրին գլխավորելու է իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր և կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադին:

Առնո Բաբաջանյանի մոմե արձանը

 

Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մոմե արձանն ու անձնական հավաքածուի մաս կազմող լուսանկարների ցուցանմուշները մեկ օրով զարդարել էին Հայաստանի Ազգային ժողովի նախասրահներից մեկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էր կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, ում խոսքով՝ իր համար մեծ պատիվ ու հպարտություն է նման միջոցառման անցկացումը հայրենի երկրի խորհրդարանում: «Ինձ համար մեծ պատիվ է, մեծ ուրախություն, որ մենք այսօր այս ցուցահանդեսին մասնակցում ենք Հայաստանի խորհրդարանում: Ինձ համար մեծ պատիվ է, որովհետև հայրս շատ էր սիրում իր հայրենիքը, Հայաստանը, հայ ժողովրդին ու, մանավանդ, Երևանը, որտեղ ծնվել է»,-ասաց Արա Բաբաջանյանը:

Կոմպոզիտորի որդին հիշում է՝ երբ իր հայրիկին լրագրողները հարցնում էին՝ որտե՞ղ եք բնակվում, նա պատասխանում էր. «Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Հայաստանում»: Դրա համար այսօր ինձ համար մեծ տոն է, որ այս ցուցահանդեսն այստեղ է անցնում»,-ընդգծեց մեծանուն հայի որդին։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի»հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ նկատեց, որ մոմե արձանը, որը շատերին է զարմացրել իր բնականությամբ, ԱԺ ցուցահանդեսի ավարտից հետո կտեղափոխվի կոմպոզիտորի անունը կրող համերգասրահ, որտեղ ամեն օր աշխատանքային ժամերին կհնչի Բաբաջանյանի երաժշտությունը: «Այդպիսով, յուրօրինակ մշակութային դաշտ կստեղծվի՝ Առնո Բաբաջանյանի ներկայությունն ու մեղմ հնչող երաժշտությունը»,-ասաց Գագիկ Մանասյանը:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Երևանում Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում նախատեսվում է բացել նրա թանգարանը, որտեղ էլ կտեղափոխվեն ցուցանմուշները։

Գագիկ Մանասյանը տեղեկացրեց նաև, որ 2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակը, որին ընդառաջ էլ մի շարք միջոցառումներ են անցկացվում Հայաստանում ու Ռուսաստանում:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի  Նադեժդա Սարգսյան

 

Հուլիսի 2-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի  Նադեժդա Սարգսյանը:

Նադեժդա  Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին։ 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից:

«Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից մինչև Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

 

Երևանի մետրոպոլիտենի երեք կայարաններում հուլիսի 4-10-ը ներկայացվեց «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից մինչև Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն նվիրված էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի 20 և Երևանի 2800-ամյա հոբելյաններին: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը` «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ համատեղ, ինչպես նաև «Արմինֆո» գործակալության տեղեկատվական աջակցությամբ:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, իսկ լուսանկարները մինչև հուլիսի 10-ը ցուցադրվեցին նաև «Հանրապետության հրապարակ» և «Մարշալ Բաղրամյան» կայարաններում:

«Էկո-Երևան 2800»

 

Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Էկո-Երևան 2800» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել էին արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։

Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։ Ելույթով հանդես է եկել նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ով կարևորել է արվեստի գործերի միջոցով Երևանի էկոլոգիական խնդիրների վերհանումը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն են հայտնել Բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։

Ցուցահանդեսը գործել է մինչև հուլիսի 8-ը, որի ժամանակ ցուցադրվել են հայտնի արվեստագետների, երիտասարդ նկարիչների ու լուսանկարիչների՝ Երևանի կանաչ գույները ինչպես նաև բնապահպանական խնդիրները ներկայացնող գործեր։

 

Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ չի շնորհելու, բայց մշակույթի շվեդ մի խումբ  գործիչներ որոշել են, այնուամենայնիվ, մրցանակ շնորհել լավագույն գրողին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Մրցանակի շնորհումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսին ակադեմիայի անդամներից մեկի ամուսնու շուրջ ծագած վեճի պատճառով։ Ժանա-Կլոդա-Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ։ Նա ամեն ինչ հերքում էր, բայց և այնպես Ակադեմիայի մի քանի ցմահ անդամներ հեռացել են, որոշվել է այս տարի  մրցանակ չշնորհել։

Իրենց հերթին, հարյուր շվեդ դերասան, գրող, լրագրող և մշակույթի ոլորտի այլ գործիչներ ձևավորել են Նոր ակադեմիա, որը կշնորհի գրականության ոլորտում մրցանակ աշնանը, երբ  պետք է հանձնեին նաև Նոբելյան մրցանակը։

«Մենք հիմնել են Նոր ակադեմիա, որպեսզի մարդկանց հիշեցնենք. գրականությունը և ընդհանուր առմամբ  մշակույթը պետք է նպաստեն ժողովրդավարությանը, թափանցիկությանը,  հարգանքին, առանց շովինիզմի և սեքսիզմի»,- ասել են  նոր ակադեմիայի անդամները։

Այժմ Նոր ակադեմիան արդեն սկսել է հայտեր ընդունել հրատարակիչներից։

Grammy մրցանակ

 

ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան որոշել Է Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում հինգից ավելացնել մինչեւ ութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է Billboard հանդեսը:

Նրա տվյալներով՝ նորամուծությունը կվերաբերի հանգուցային անվանակարգերին, որոնք կազմում են այսպես կոչված «մեծ քառյակը»՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» եւ «Լավագույն նոր կատարում»: Ինչպես նշում Է Billboard-ը, խոսքը վերաբերում Է գրեթե 60 տարի առաջ մրցանակի հիմնադրման պահից ի վեր դրա շնորհման կարգում առավել նշանակալի փոփոխություններից մեկին: Մինչ այդ, հիմնական կատեգորիաներում անվանակարգորդների թիվը միշտ սահմանափակվում Էր հինգով: Նոր կանոններն ուժի մեջ են մտնում անհապաղ, եւ արդեն հաջորդ՝ թվով 61-րդ արարողությանը, «մեծ քառյակի» կատեգորիաներից յուրաքանչյուրում կլինեն հաղթանակի ութական հավակնորդներ:

«Դա ավելի մեծ հնարավորություն կտա այդ կարեւոր կատեգորիաների շրջանակներում լայն ճանաչման համար եւ ավելի մեծ ճկունություն կընձեռի մեր քվեարկող անդամներին, երբ նրանց հարկ կլինի հաճախ դժվարին որոշումներ ընդունել տարվա ընթացքում երաժշտական ինդուստրիայի լավագույններից լավագույններին պարգեւատրելու վերաբերյալ»,-նշվում Է Ակադեմիայի նախագահ Նիլ Փորթնոուի՝ հանդեսին տրամադրված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան հիմնադրվել Է 1957 թվականին, իսկ Grammy-ի հանձնման առաջին արարողությունը կայացել Է 1959 թվականի մայիսի 4-ին: Արձանիկների առաջին տերերի թվում Էին Էլլա Ֆիցջերալդը եւ Ֆրենք Սինատրան: Grammy-ի հանձնման 61-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) 2019 թվականի փետրվարին: Անվանակարգորդները կհայտարարվեն 2018 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ֆրանսիացի կայսր Նապոլեոն I Բոնապարտի և նրա ընտանիքի անդամների մանրանկարչական դիմանկարները վաճառվել են Sotheby's աճուրդային տանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աճուրդը  կայացել է հուլիսի 4-ին։ Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, մանրանկարներն իրենց տեսակով ընտանեկան ալբոմներ են, ներկայացված է Նապոլեոնի հայրը, մայրը, եղբայրները, քույրերը, այլ հարազատներ։

Աճուրդում ներկայացվել է 44 լոտ, որոնք պատկանում են Նապոլեոնի ժառանգներին:

Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, Նապոլեոնի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի նվազել։

«Նա զարմանալի մարդ էր, ով եկավ Ֆրանսիա որպես ներգաղթյալ, դարձավ կայսր, իսկ նրա հիմնադրած դինաստիան տարածվեց ամբողջ Եվրոպայով»,- ասել է նա։

 

 

Պիտակ

Jul 14, 2018 10:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ