• Գեղարվեստական հաղորդում (123)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում, ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրների անունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:

Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:

Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:

Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:

Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին:

Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

«Տխրում եմ, որ փառատոնն ավարտվում է: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին` Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին փառատոնի կայացման գործում մեծ ավանդի համար: Հոբելյանական փառատոնին ներկա են կինեմատոգրաֆիստներ, որոնք մրցանակներ են ստացել հեղինակավոր կինոփառատոներում»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Փարաջանովյան թալերներ հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ  Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին:

Վերջինս ասաց, որ իր համար այդ մրցանակը հատկապես նշանակալի է, քանի որ կրում է Սերգեյ Փարաջանովի անունը: «14-15 տարեկանում էի դիտում նրա ֆիլմերը և չէի ընկալում դրանք, քանի որ Փարաջանովի արվեստը բարդ է: Սակայն շատ եմ սիրում նրա գործերը»,-խոստովանեց ռեժիսորը և շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` շեշտելով, որ հրաշալի ժամանակ է անցկացրել այս ընթացքում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութայինիրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացմանհիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկեծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր ՀարությունԽաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստականտնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

«Մայրամուտի բեռնատարը»

 

Իրանցի ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարիի «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Հայաստանում: Իրանի և Գերմանիայի համատեղ արտադրած կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է: Այն Հայաստան է բերել ֆիլմի պրոդյուսերը՝ Նորիկ Քեշիշյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Ոսկե ծիրան» փառատոնին, որ առիթ տվեցին ֆիլմն այստեղ ցուցադրել: «Ոսկե ծիրան»-ը շատ մեծ դեր է ունեցել ֆիլմի ռեժիսորի կյանքում: 2006 թ. Աբուֆազլ Սաֆարին իր առաջին ֆիլմը փառատոնին ներկայացրեց, և այստեղ ծանոթացանք իր հետ, կամաց-կամաց սկսեցինք իրար հետ աշխատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նորիկ Քեշիշյանը:

Ֆիլմի հերոս իրանցի ընտանիքը երկար տարիներ ճամբար է պահում անապատի սիրահարների համար: Գործն աստիճանաբար մարում է, երբ Արաշը, ամենափոքր որդին, նոր գաղափար է ունենում: Ֆեյսբուքի հմուտ օգտագործմամբ նա դեպի ճամբար նոր հյուրեր է գրավում` խոստանալով տրամադրել աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտը: Գործը կրկին ծաղկում է: Սակայն շուտով այլ խնդիրներ են առաջանում…

Պրոդյուսերը փաստում է՝ այս պատմությունը իրական չէ: Սակայն այն կարող էր ցանկացած վայրում էլ պատահել: Չէ՞ որ, ըստ Նորիկ Քեշիշյանի, ցանկացած մարդու փափագն է կարողանալ ազատության մեջ ապրել, հեռու լինել առօրյա սթրեսներից: Ֆիլմն Իրանում դեռ չի ցուցադրվել, համաշխարհային պրեմիերան հենց  «Ոսկե ծիրան» -ում է տեղի ունեցել: Ըստ Նորիկ Քեշիշյանի՝  այն ներկայացվել է այլ փառատոնների, հաջորդը Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնն է:

Ի դեպ, հայ կինոպրոդյուսերը դեմ չի լինի աշխատել նաև հայ կինոգործիչների հետ: «Իմ ցանկությունն է, որ կարողանամ Հայաստանի հետ մի նախագիծ անել: Մինչև հիմա հաջող սցենար չեմ ստացել, առիթ չի եղել: Բայց եթե առիթ լինի՝ սիրով»,-հավելեց Նորիկ Քեշիշյանը:

3

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացրել է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:

Նախարարությունը տեղեկացրել է, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:

Էդվարդ Միլիտոնյան

 

Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը տեղի ունեցավ հուլիսի 11-ին:  Համագումարի օրակարգում Հայաստանի գրողների միության նոր նախագահի ընտրությունն էր, որի ընթացքում բաց քվեարկությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Մինչ համագումարը սկսելը Միլիտոնյանը ներկայացրեց միության 4 տարիների կատարած աշխատանքը: Նա, մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության, նախագահության եւ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա եւ ամփոփվել է «Գրական թերթում»:

«Բոլոր ուղղություններով աշխատանքներ ենք տարել, որոնք պարբերաբար լուսաբանվել են նաեւ լրատվամիջոցներում: Այս ընթացքում վերանորոգվել է միության շենքի առաջին հարկը: Տեխնիկապես վերազինվել է դահլիճը: Վերանորոգվեց նաեւ Սեւանի հանգստյանը տունը, որը գտնվում էր խարխուլ վիճակում: Այսօր մեր հաշվեհամարին ունենք 5 միլիոն դրամից ավել գումար, որը գոյացել է ամենամյա մարաթոների միջոցով: Մոտ 10 մլն 500 հազար դրամ գումար մեր բարերարները նվիրել էին հիմնադրամի ֆոնդին:  40-ից ավելի գրողների աջակցել ենք բուժօգնություն ստանալ: Բազմաթիվ գրողների ուղարկել ենք գործուղումների: Մենք աշխատել ենք նաեւ համայնքներում: Միայն Հովհաննես Թումանյանի Թբիլիսի տան նորոգումն ու բացումը կարծում եմ հրաշալի նախաձեռնություն էր, որ սկսվել էր դեռեւս ՀԳՄ նախորդ նախագահի` Լեւոն Անանյանի օրոք: Մեր տնտեսությունը զարգացել է: Այնպես ենք անում, որ կարողանանք ինքներս լուծել մեր բոլոր հարցերը: Հաշվետու տարվա ընթացքում շուրջ 700 միջոցառում է անցկացվել: Շարունակելու ենք լավ ավանդույթները պահպանել: Նոր ծրագրեր էլ կան: Օրինակ նախաձեռնել ենք ամենամյա միջազգային գրական փառատոն անցկացնել: Այն կնպաստի ժամանակակից գրականության տարածմանը»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Գրողների միության անցած 4 տարիների աշխատանքը Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը բավարար գնահատեց: Նրա ձեւակերպմամբ` հայ գրական ընտանիքի մի փոքրիկ մասը ապրում եւ ստեղծագործում է ԼՂ-ում եւ այն համագործակցությունը, որ ստեղծվել է իրենց եւ ՀԳՄ կառույցի միջեւ` արդեն տվել է իր դրական արդյունքները:

«Մեծագույն առաջընթաց է, որ այսօր մենք ունենք միասնական հայ գրականություն եւ, որ այլեւս չեն տարանջատում Սփյուռքն ու ԼՂ-ը»,- իր ելույթում նկատեց գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: 

Միլիտոնյանը ՀԳՄ նախագահն է 2013 թվականից։

«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը

 

Հուլիսի 13-ին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը։

Կենտրոնից տեղեկացնում են, որ ցուցադրության շրջանակներում Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ներկայացվելու են տասնմեկ հայ արվեստագետի շուրջ հիսուն աշխատանք. Ալբերտ Հակոբյան, Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Գևորգ Քասաբյան, Էդիկ Պողոսյան, Լեո Լեո Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Համլետ Հովսեփյան, Մոկո Խաչատրյան, Յուրա Հարությունյան, Վահան Ռումելյան:

«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փորձ է՝ ներկայացնելու այսօր Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը, որը շատ ավելի ընդարձակ է, քան այս ցուցադրության սահմաններն են: Ընտրված տասնմեկ արվեստագետները պատկերավոր կերպով ներկայացնում են՝ որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ թե ձևով, թե գեղագիտությամբ, թե տեխնիկայով:

«Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կամ առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը կամ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար: Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրահատուկ անդրադարձ է կատարվում հայ ժամանակակից աբստրակտ արվեստին»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. հուլիսի 14-ից մինչև  սեպտեմբերի 16-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

 

Կիևը պատրաստվում է նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից ինտելեկտուալ ապրանքների նկատմամբ: Ուկրաինայի պետական հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ հնարավոր է արգելանքի տակ հայտնվեն 12 հրատարակիչներ և վեբ-կայքեր։ Գերատեսչության կարծիքով, դրանք «հակաուկրաինական գրականություն» են թողարկում։

Հանձնաժողովը դեռևս ամբողջական ցուցակ չի հրապարակել։ Պարզվում է, որ վնասակար է, օրինակ, Զախար Պրիլեպինի, Էդուարդ Լիմոնովի և Ալեքսանդր Դուգինի գրքերը։ Ցուցակն արդեն ուղարկվել է անվտանգության մարմիններ։

 

Հույն և գերմանացի  հնագետները Հունաստանում՝ Օլիմպիայում, հայտնաբերել են կավե ցուցանակ,  որի վրա «Ոդիսականից» մի հատված է  փորագրված։ Դա, հավանաբար, պոեմի ամենահին հայտնի մասերից է։  Այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի և սպորտինախարարությունը։

Ներկայացված է պոեմի 14-րդ երգից 13 տող։ Դրանում Ոդիսևսն տասնամյա դեգերումներից  հետո արդեն վերադարձել է Իթաքե, զրուցում է իր ընկերոջ հետ։  Ցուցանակի հստակ տարիքը հայտնի չէ։ Նախնական տվյալներով, այն պատրաստվել է  մ.թ. 3-րդ դարից ոչ ուշ։ 

Հազիվ թե նոր գտածոն իր տարիքով համարվի ռեկորդային, բայց նման հնագույն արտեֆակտեր բավականին քիչ են,  և դրանց վրա պահպանված հատվածները շատ կարճ։ Այդ իսկ պատճառով հնագույն տեքստի  յուրաքանչյուր հատված արժեքավոր է։ Պատմաբաններին այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Նախարարությունից  նշել են, որ  գտածոն կարևոր հնագիտական, գրական և պատմական հուշարձաններից մեկն է։

Վեպն ամբողջությամբ 12109 տող է։ Պատմաբանների կարծիքով, այն գրվել է մ.թ.ա 8-7 –րդ դարերում։

 

 

 

 

Aug 06, 2018 12:29 Asia/Yerevan
Մեկնաբանություններ