Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Անահիտ Աբադի «Եվա»-ն ցուցադրվելու է Բուրգասի միջազգային 3-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Անահիտ Աբադի հեղինակած, Իրանի ու Հայաստանի համատեղ արտադրությունը համարվող «Եվա» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվելու է Սև ծովի տարածաշրջանի երկրների մշակույթի ու կինոյի ծանոթացմանը նվիրված Բուրգասի  միջազգային 3-րդ կինոփառատոնում:

Բուրգասի միջազգային 3-րդ կինոփառատոնը հուլիսի 20-ից 27-ը կայանալու է Սանտա Անաստազիա կղզում:

«Եվա»-ն օրերս շահեց երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնի լավագույն ֆիլմի ու լավագույն դերասանի մրցանակները:

«Եվա»-ն ավելի վաղ շահել է Կանադայում կազմակերպված «Նուռ» կինոփառատոնի հանդիսատեսի ընտրությամբ լավագույն ֆիլմի մրցանակը:

«Եվա»-ն մինչ այսօր ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում Մոնրեալի ու Միլ Վալիի միջազգային կինոփառատոների մրցութային բաժիններում, Ասիական ֆիլմերի, համաշխարհային փառատոնում, Բանգլորի կինոփառատոնում ու կանանց ֆիլմերի «Ֆիլմոր» փառատոնում:

 

 

Հուլիսի 10-ին, ավարտվեց իրանահայ երաժիշտ կոմպոզիտոր Ռազմիկ Օհանյանի նոր ստեղծագործության ձայնագրության աշխատանքները:

Իրանի հեռուստատեսության երաժշտական բաժնի պատվերով գրված մայեստո Ռազմիկ Օհանյանի «Իրան» ստեղծագործության բառերի հեղինակն է Ալիռեզա Ղազվեն, իսկ երգը կատարում է անվանի երգիչ Սալար Աղիլին:

Երաժշտական յուրահատուկ ոճով գրված «Իրան» ստեղծագործությունը նախատեսված է սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատար տենոր ձայնածավալի համար: Մայեստրոյի ստեղծագործության խորքում թաքնված է նրա ազգային-հոգևոր մտածողությունն ու երաժշտական հարուստ փորձը, որոնք էլ վճռորոշ նշանակություն են ունեցել նրա ստեղծագործության ամբողջացման գործում:

Մայեստրո Ռազմիկ Օհանյանը խոսելով «Իրան» ստեղծագործության ոգեշնչման աղբյուրների մասին ասում է. ««Իրան»-ը հիշեցնում է ազգանվեր իրանահայ երաժիշտներին ու արվեստագետներին, այդ թվում Ռուբիկ Գրիգորյանին, Համբարձում Գրիգորյանին, Լյուդվիգ Բազիլին, Արամայիս Աղամալյանին, Ելենա Ավետիսյանին եւ շատ ու շատ ուրիշների, որոնք քայլեցին ու անցան մեր պատմության էջերով, որոնց յուրաքանչյուրի կյանքը լի է ստեղծագործական փայլուն գործունեությամբ»:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց Երևանի «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերացանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:  

Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող  այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով,  այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20.000 հրատարակություն:

«Աբովյան» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

ՀՀ Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:

 

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում աշնանը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան, 2018 - Ժամանակակից արվեստի հնչյուններ» խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրությունը Երևանի 7 տարբեր վայրում կներկայացնի ավելի քան 50 միջազգային արվեստագետի աշխատանքները: Այս մասին հայտնում են Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

Ըստ աղբյուրի, ցուցահանդեսը կլինի առաջինը, որ կներառի ժամանակակից արվեստի տարբեր ասպեկտներ՝ նկարչություն, քանդակ, լուսանկարչություն, վիդեո արվեստ, ինստալյացիա և պերֆորմանս՝ երկխոսության սկիզբ դառնալով աշխարհի տարբեր ծայրերից եկած արտիստների համար: Վերջիններս, ի դեպ, տեղում կստեղծագործեն և տարբեր արվեստի հաստատությունների ուսանողների համար աշխատաժողովներ կանցկացնեն: Նախաձեռնության նպատակն է հնարավորինս ընդլայնվել և ցույց տալ դրա նշանակությունը մշակութային փոխանակման համատեքստում: Այս իսկ պատճառով ներգրավվել են քաղաքի ամենակարևոր մշակութային կենտրոնները, ինչպիսիք են Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Հայաստանի նկարիչների միությունը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը կհամադրեն «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որն անցկացվելու է ՀՀ նախագահի բարձր հովանու և Կանադայի կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere All’italiana (Ապրել իտալական ձևով) մշակույթի առաջխաղացման նախագծի և Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո: Նախագծին աջակցում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են իրանցի արվեստագետներ Սիրաք Մելքոնյանի, Սոնյկա Բալասանյանի, Շահրիար Ահմադիի, Սահանդ Հեսամիանի, Մոհսեն Վազիրի.Մողադամի և Նիքի Նոջումիի ստեղծագործությունները:

«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»

 

Երևանում գործող Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվելու է «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»։ Թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 26-ին կայանալիք համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին և մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին։

Համերգին մասնակցելու են «Երազանք» երգչախումբը (Էստոնիա),  «Աստղիկներ» երգչախումբը (ԱՄՆ), դաշնակահարուհի Սիոնա Առաքելյանը (Իրան),  Հայաստանից՝ սոպրան Լիլիթ Դավթյանը, դաշնակահարուհի Հասմիկ Հովսեփյանը,  «Հայ Մյուզիք» վոկալ անսամբլը, «Գառնի» վոկալը։ Ծրագրում հնչելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանը եզրափակել են ինքնատիպ համերգով:

Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) ելույթ են ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: Այս մասին  հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համերգային երեկոյին հնչել են հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղածագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը և Մոցարտը, համերգային երեկոյին ներկայացվել են առաջին անգամ:

Կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում՝ արտերկրի համերգներն չհաշված:

Սթենլի Կուբրիկ

 

Մեծ Բրիտանիայում Բանգորի համալսարանի դասախոս Ն. Աբրամսը հայտնաբերել է ամերիկացի ռեժիսոր  Սթենլի Կուբրիկի սցենարը, որը 60 տարի  համարվել է կորած։  The Guardian-ը գրում է, որ  Աբրամսի պատմելով, սցենարը գրված է ավստրիացի գրող Ստեֆան Ցվեյգի «Այրվող գաղտնիքը» գրքի հիման վրա, գրեթե ավարտված է և հնարավոր է էկրանավորվել։

«Այն ամբողջական սցենար է, կարող է էկրանավորվել ժամանակակից կինեմատոգրաֆիստների կողմից»,- ասել է նա։

Նշվում է, որ սցենարի վրա նշված է MGM ընկերության սցենարական բաժնի խորհրդանշանը։ Թե ինչ պատճառով ֆիլմը չի էկրանավորվել, անհայտ է, բայց նշվում է այնպիսի տարբերականեր, ինչպիսին Կուբրիկի կողմից  պայմանագրի պայմանների խախտում կամ սյուժեի վերաբերյալ ոչ բարձր կարծիք։

«Աստղային պատերազմներ»

 

The Hollywood Reporter ամսագիրը հրապարակել է կինեմատոգրաֆի պատմության մեջ 25 լավագույն չարագործների ցանկը:

Առաջին տեղում «Աստղային պատերազմներից» Դարտ Վեյդերն է: Երկրորդում՝ «Գառների լռությունը» ֆիլմից դոկտոր Հանիբալ Լեկտերը: Եռյալը եզրափակում է «Օզ երկրի կախարդը» ֆիլմից Արևմուտքի չար վհուկը:

Չորրորդ հորիզոնականում է «Սև ասպետը» ֆիլմի Ջոկերը, հինգերորդում՝ բուժքույր Միլդրեդ Ռետչեդը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմից:

 

Իտալացի ոստիկանները վերադարձրել են անցյալ տարվա ապրիլին գողացված կտավները: Խոսքը Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սուրբ ընտանիքը և Սուրբ Աննան» և Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Աղջիկները մարգագետնում» կտավների մասին է:

Հունիսի կեսերին իրավապահները հինգ կասկածյալի էին ձերբակալել երկու կտավի կողոպուտի գործով: Կողոպտիչները կապի էին դուրս եկել արվեստի գործերի երկու վաճառականի հետ, սակայն ավելի ուշ անհետացել էին:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործները մտադիր էին կրկին վաճառքի հանել կտավները, սակայն չեն հասցրել: Կարաբիներները նշել են, որ կտավների իսկությունը դեռևս պետք է պարզվի:

Ավազակախմբի անդամներից երեքը, որոնց թվում իտալացիներից բացի Խորվաթիայի քաղաքացի կա, կալանքի տակ են առնվել:

 

 

 

Պիտակ

Aug 06, 2018 12:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ