Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Հայացք» իրանական ֆիլմը Մեքսիկայի Գուանախուատո կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել:

ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ֆարնուշ Սամադիի «Հայացք» ֆիլմը Գուանախուատո կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի պատվոգրին է արժանացել: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և Չիլիի համատեղ արտադրության Ալիռեզա Խաթամիի «Մոռացության նշաններ» ֆիլմն արժանացել է Մեքսիկայի Գուանխուատո կինոփառատոնի լավագույն երկարամետրաժ ֆիլմ մրցանակին:

Հիշյալ ֆիլմը նախորդ տարի Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Միջազգային քննադատների ասոցիացիայի լավագույն ֆիլմ և հորիզոններ բաժնի լավագույն սցենար մրցանակներին:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Կինոյի տուն: Արմեն Սարգսյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ շրջեց Կինոյի տան ամբողջ տարածքում, ծանոթացավ այդտեղ հետագայում կառուցվելիք կինոթանգարանին վերաբերող ծրագրերին և Կինոյի տան բուխարու սրահի պատին, որտեղ ստորագրել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը, Էմիր Կուստուրիցան և այլք, թողեց իր ստորագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահը պատին գրեց. «Մեծ սպասելիքներով` մեծ արվեստի»:

«1980-ականների վերջին եմ եղել Կինոյի տանը: Եթե ցանկանում էիր Երևանում ֆիլմ դիտել, շատ տարօրինակ վայրերում էր հնարավոր դա անել. մեկը ԱԱԾ-ի ակումբն էր: Այնտեղ էին ցուցադրվում արևմտյան կինոնկարներ, և երբեմն դժվար էր լինում տոմս գտնել: Այդպիսի վայր էր նաև Կինոյի տունը, որտեղ ներկայացվում էին ժամանակակից և’ իտալական, և’ ֆրանսիական, երբեմն նաև ամերիկյան ֆիլմեր»,- նշեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելեց, որ 1960-70-ական թվականներին հայկական կինոարվեստը զարթոնք էր ապրում, և Խորհրդային Միության տարիներին հայ կինոն փայլուն օրինակներ ունեցավ, որոնք դասական են և մինչ օրս  կարելի է դրանք նորից ու նորից դիտել. խոսքը ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստավավերագրական կինոժապավենների մասին է:

«Ինձ համար այս շրջայցը հիշողություն էր: Կարծում եմ` ամեն բան վերականգնվելու է: Երբ Հարություն Խաչատրյանը ինձ էր ներկայացնում իր ծրագրերը, մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ վայր է լինելու սա: Ամեն ինչ պետք է անել, որ որքան հնարավոր է շուտ Կինոյի տունը դառնա իսկապես տուն բոլոր երևանցիների, բոլոր հայերի և, առհասարակ, մեր հյուրերի համար: Կինոարվեստը չի մեռնում. hակառակը` այն ամեն տարի նոր տեխնոլոգիաների հետ, նոր մտքերի, նոր աշխարհի հետ փոխվում է և դառնում ավելի ու ավելի կարևոր»,- ընդգծեց նախագահը և հաջողություն մաղթեց Կինեմատոգրաֆիստների միությանը:

Կինոյի տունը կառուցվել է  1975 թվականին: Նույն տարում բացվել է դրա մեծ դահլիճը: Այդ տարիներին դահլիճին մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները:

 

 

Էրմիտաժում ՀՀ վարչապետ ու ռուս մշակութային գործիչների հանդիպման ժամանակ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը խնդրել է Փաշինյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել հայ վավերագրության զարգացման վրա։

Ռուս ռեժիսորի խոսքով` հայ կիենմատոգրաֆիան զարգացման մեծ ներուժ ունի,  և նա, որպես հայկական մշակույթին ծանոթ մարդ, խնդրում է Փաշինյանին պետական աջակցություն ցուցաբերել այդ ոլորտին։ Նրա խոսքով` պետք է մասնավորապես մեծ ուշադրություն դարձնել «Ոսկե ծիրան» փառատոնին։

Սոկուրովը խոստովանել է  նաև, որ ուշադիր ու սրտատրոփ հետևում էր այս մայիս–ապրիլի Հայաստանի իրադարձություններին։

«Մենք մտահոգ էինք Հայաստանի համար, ուզում էինք, որ ամեն ինչ խաղաղ ու բարեհաջող ավարտվի, առանց արյան։ Այդպես էլ եղավ, կեցցեք։ Մենք հիանում ենք ձեզնով», –ասաց նա Փաշինյանին։

Վերջինս վստահեցրեց, որ կինեմատոգրաֆիան երբեք դուրս չի մնա Հայաստանի  իշխանությունների տեսադաշտից և որ նա այս տարի անձամբ  մասնակցել է  «Ոսկե ծիրանի» բացմանը։

 

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հաջորդ տարի կնշի հիմնադրման 55-րդ հոբելյանական տարեդարձը, որին թանգարանի աշխատակիցներն արդեն այս տարվանից են նախապատրաստվում: Զրույցի ընթացքում թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը շեշտել է՝ թանգարանի հիմնադրման հոբելյանն ամենատարբեր ձեռնարկներով կնշվի, բայց ամենակարևորը՝ այն կնշանավորվի Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր, շատ ուշագրավ հրատարակություններով:

Թանգարանի հրատարակչական բաժինն, ի թիվս այլ գրքերի, այս կապակցությամբ պատրաստվում է ընթերցողին ներկայացնել մեծ պոետի՝ Արևելքին նվիրված ստեղծագործությունների առանձին ժողովածուն: «Համապարփակ գիրք է, «Տաղարանը» կա դրա մեջ, Դիստիքոսները կան․․․ ուզում ենք դա նաև թարգմանել տալ անգլերեն»,- ասաց Անահիտ Ասատրյանը:

Ինչ վերաբերում է ամառային այս շոգ օրերին թանգարան այցելություններին, ապա տնօրենի խոսքով՝ ամեն տարի ամռանը նվազում է տեղացի այցելուների թիվը, բայց փոխարենն այս շրջանում ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում թանգարան․ «Այդ իմաստով մենք չունենք խնդիր, խնդիրներ կան ընդհանրապես թանգարանի պահպանության հետ կապված, դրանք լուրջ ֆինանսական հոսքեր են պահանջում: Ուրախ կլինեմ, եթե թանգարանը վերանորոգվի»:

Չարենցի տուն-թանգարանը հիմնադրման օրից Հայաստանի մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային օջախներից մեկն է: Այստեղ պարբերաբար ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, համերգներ, ասմունքի երեկոներ են կազմակերպվում: Թանգարանի մշտական ցուցադրությանը զուգահեռ՝ ապահովվում է նաև այցելուների հոսքը դեպի Չարենցի հյուրընկալ տուն, որի դռները ժամանակին մշտապես բաց են եղել նրա հայրենակիցների առաջ մինչև 1935 թվականը, երբ Չարենցն արդեն մեկուսացված էր, հեռացվել էր աշխատանքից ու Գրողների միությունից, սկսվել էին նրա հանդեպ հալածանքներն ու շատ քչերն էին համարձակվում այցելել բանաստեղծին:

Բարեբախտաբար, հիմա ժամանակները փոխվել են: Տնօրեն Անահիտ Ասատրյանը մի նոր մտահղացում ունի՝ կապված թանգարանի գործունեության հետ․ ցանկանում է թանգարանում բացել պոեզիայի գիտահետազոտական կենտրոն: «Ես ուզում եմ, որ պոեզիան Հայաստանում արժևորվի այնպես, ինչպես հարկն է, որովհետև մենք պոեզիա կրող ժողովուրդ ենք և այսօր էլ ունենք հրաշալի պոետներ»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Ասատրյանը:

 

Ամռան ամիսներին, հատկապես դասական երաժշտության սիրահարները, հնարավորություն ունեն ներկա գտնվել եվրոպական ամենատարբեր փառատոների: Իսկ Հայաստանում փառատոները մեկնարկում են աշնան սկզբից: Սակայն հայաստանյան երաժիշտները ևս հնարավորություն ունեն մասնակցել եվրոպական հեղինակավոր փառատոներին նաև ամռանը:

Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հաջորդ ամսվա վերջին՝ օգոստոսի 25-ից 30-ը, Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմանիա» դասական երաժշտության փառատոնին: Համերգները տեղի կունենան իտալական 4 քաղաքներում: Համերգային ծրագրում ընդգրկված են Արամ խաչատրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, տավիղահարուհի Յանա Բուժկովան՝ Չեխիայից և ֆլեյտահար Մասիմո Մերչելլին՝ Իտալիայից:

Հյուրախաղերի ավարտից հետո, օգոստոսի վերջին, ՀՖՆ-ն հանդես կգա Երևանում, Արամ Խաչատրյան համերգասարհում, երկու օպերաների համերգային կատարմամբ: Կհնչեն Պուչինիի «Թիկնոցը» և Լեոնկավալոյի «Պայացները»:

Իսկ ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգը Երևանում կկայանա արդեն սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի բացման ժամանակ: Այդ օրը հայ երաժշտասերները կարող են ունկնդրել մեր լավագույն երաժիշտներից ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, որը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Փառատոնի բացման համերգին կհնչի Բրամսի ջութակի կոնցերտը և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Փառատոնն է բացվելու, հիանալի արտիստներով: Մենք ունենք շատ լավ ուժեր, որոշ ուժեր էլ չունենք և պետք է ունեցած երիտասարդ ուժերի մեջ զարգացնենք»,-ասել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը, հավելելով, որ առաջիկայում նախատեսված են նաև հյուրախաղեր Գերմանիայում և Չինաստանում:

Հայաստանի մեկ այլ անվանի երաժիշտ Ստեփան Ռոստոմյանի համոզմամբ էլ՝ փառատոները և, առհասարակ, սերտ կապերը համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչների հետ, միայն ու միայն կարող են նպաստել հայ ժամանակակից կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացմանը: Հիշեցնենք՝ Ստեփան Ռոստոմյանը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է:

«Ունենք հրաշալի կատարողներ ամբողջ աշխարհում, նվագախումբ: Բայց մինչև հիմա ընդհանուր մտածողությունը եղել է՝ գնալը, գոյատևելը: Ավելի լավ է մեռնել, քան գոյատևել: Մենք պետք է լավ ապրենք, որովհետև մեզ դա տրված է»,- ասաց Ստեփան Ռոստոմյանը:

 

Հովհաննես Այվազովսկու, Վեչելլիո Տիցիանի, Նատալյա Գոնչարովայի, Էլ Գրեկոյի, Ռենուարի և այլ հայտնի նկարիչների աշխատանքներ ցուցադրվելու են Մոսկվայի ռուսական պետական գրադարանում Բարձր արվեստի և դիզայնի սոլանի շրջանակում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։

Բարձր արվեստի և դիզայնի սոլանը կայանալու է սեպտեմբերի 25-30-ը։

Սալոնի համար աշխատանքները տրամարդել է փարիզյան Le Minotaure, Vallois, Lucas Ratton, Hom Le Xuan գալերեաները, նաև ABA (Նյու Յորք), Maison d"Art (Մոնտե Կառլո) պատկերասրահները և այլն։ Միջոցառման կազմակերպիչն է Art and Jewels of the World և  АРТ-Կուրիեր ընկերությունները։

Էմիր Կուստուրիցա

 

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան կարծիք է հայտնել, որ ավանդական կինոթատրոնները որպես ֆիլմ դիտելու միջոց, սերիալների ավելանալու պատճառով կմնան անցյալում։

«Կինեմատոգրաֆիան կլինի, բայց այլ ձևով։ Ինձ թվում է, որ քաղաքներում գոյություն ունեցող կինոթատրոնները կմնան անցյալում, դրանց կփոխարինեն հեռուստասերիալները, որոնք կդիտեն տանը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Կուստուրիցան։

Միաժամանակ, ռեժիսորի կածիքով, կինոյի ավանդական ուղղություններն ու  ժանրերը կմնան։

Կուստուրիցայի կարծիքով, այդ փոփոխությունը տեղի չի ունենա կարճաժամկետ հեռանկարում, այդ պատճառով նա շարունակում է ծրագրեր մեծ էկրանի համար նախագծեր։

 

 

 

Պիտակ

Aug 06, 2018 13:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ