Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հուլիսի 31-ին, երաժշտասեր բազմություն էր համախմբվել Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, մասնակցելու իրանահայ երաժշտագետ Վարդան Սահակյանի մեծարման հանդիսությանը, ով երկարամյա ստեղծագործության անցյալ եւ բեղմնավոր դասախոսական աշխատանք է ծավալել Իրանի երաժշտության ասպարեզում: Միջոցառումը նախաձեռնել էր «Ռադ Նո Անդիշ» մշակութային-գեղարվեստական կենտրոնը, համագործակցությամբ «Ռուդաքի» հիմնադրամի:

Վարդան Սահակյանը ավարտել է գեղարւեստի ֆակուլտետը եւ Իսլ. մշակույթի եւ առաջնորդության նախարարության կողմից նրան շնորհվել է գեղարվեստի առաջին կարգի վկայական, որը համազոր է դոկտորականի եւ գնահատանքի է արժանացել «Ֆաջր» երաժշտական 27-րդ փառատոնի ընթացքում:

Նա դասավանդում է Իրանի զանազան համալսարաններում եւ անդամակցում է Իրանի կինոյի երաժիշտների կենտրոնին, անդամակցել է «Ֆաջր» երաժշտական փառատոնի զանազան շրջանների իրավարարների կազմին, Իրանի երաժշտական տանը: Նա իրանական ֆոլկլոր ստեղծագործությունները մշակել է նվագախմբի համար եւ թարգմանել է երաժիշտ Նիկոլա Ռիմսկի Կորսակովի «Կիրառարական հարմոնիա» գիրքը: Նա երաժշտություն է մշակել իրանական մի շարք ֆիլմերի համար ինչպես իրանցի կինոռեժիսոր Բահրամ Բեյզայիի «Սագ քոշի» եւ Ֆերեյդուն Ջեյրանիի «Սուրաթի» ֆիլմերի համար: Տարիներ համագործակցել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպվող Մշակութային փառատոնի երաժշտական բաժնի իրավարար կազմի հետ:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Իրանի եւ իրանահայ համայնքի երաժշտության, արվեստի եւ հասարակական ականավոր դեմքեր: Ներկա էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատության, «ՀՈՒՍԿ» հաստատության, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ընթացքում հաղորդավարի կողմից ընթերցվեց ազգային իշխանության, «Ալիք»-ի, «ՀՈՒՍԿ»-ի եւ միությունների հղված համատեղ ուղերձը: Միջոցառումը մեկտեղված էր ելույթներով եւ գեղարվեստական կատարումներով: «Օրդիբեհեշթ» երգչախումբը ղեկավարությամբ դոկտ. Համիդ Ասգարիի, հանդես եկավ ելույթներով, ներկայացնելով Կոմիտասից եւ իրանական ֆոլկլոր երաժշտական նմուշներից, որոնք նորովի մշակվել են Վարդան Սահակյանի միջոցով:

Միջոցառմանը պատկերասփռվող տեսաֆիլմով Վարդան Սահակյանը ներկայացրեց իր կենսագրական տվյալները:

Դաշնամուրային կատարումներով ելույթ ունեցան նրա աշակերտներից, եւ միաժամանակ պատկերասփռվեցին տեսաֆիլմեր, որտեղ ներկայացված էին նրա մշակած երաժշտական կատարումները սիմֆոնիկ նւագախմբերի միջոցով, նաեւ ներկայացվեց տեսաֆիլմ, որի ընթացքում Իրանի երաժշտության երկնակամարի մեծերը արտահայտվում էին նրա անհատականության ու մարդկային արժանիքների մասին եւ ընդգծվեց հետեւյալը՝ նա աննման է:

Վերջում Իրանի երաժշտության ոլորտում դասախոսների, ինչպես մայեստրո Լորիս Ճգնավորյանի ձեռամբ գնահատագիր հանձնվեց վաստակավոր դասախոս Վարդան Սահակյանին, որից հետո նա իր գնահատանքի խոսքն ուղղեց կազմակերպիչներին եւ մասնակիցներին, մատնանշելով Իրանին ու հայ արվեստին իրենց ծառայությունը մատուցած հայ արվեստագետներին, որոնցից շատերը ներկա էին դահլիճում:

 

Իրանի և Հայաստանի միջև առկա են բարեկամական և մշակութային դարավոր կապեր, և հենց այդ կապն էլ ստիպում է դարերի մշակութային ընդհանուր ժառանգություն և ամուր հոգևոր կապ ունեցող ժողովուրդներին այսօր էլ հետաքրքրվել և փորձել ավելի լավ ճանաչել ու ներկայացնել երկու ժողովուրդների մշակույթը միմյանց:

Դրա լավագույն ապացույցներից մեկն էլ հուլիսի 28-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցած Մանա «Իրանական արվեստ» անվամբ՝ իրանցի արվեստագետների խմբի իրանագիտության տարբեր ճյուղերը ներկայացնող (Իրանի մշակույթ, ճարտարապետություն և...) լուսանկարչական, պաստառների և ֆոտոմեդիայի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետների կողմից նաև Վարպետաց դաս կանցկացվի, որի շրջանակներում իրանցի արվեստագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով, գաղտնիքներով և հմտություններով: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա հավաքական աղոթքի իմամ հոջաթօլէսլամ Մահմուդ Մովահեդիֆարը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի՝ դեսպանության մշակույթային հարցերի պատասխանատու Սեյյեդ Աբդուլլահ Սոբհանին:

 

«Հայացք» իրանական ֆիլմը Մեքսիկայաի Գուանախուատո կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել:

Ֆարնուշ Սամադիի «Հայացք» ֆիլմը Գուանախուատո կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի պատվոգրին է արժանացել: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և Չիլիի համատեղ արտադրության Ալիռեզա Խաթամիի «Մոռացության նշաններ» ֆիլմն արժանացել է Մեքսիկայի Գուանխուատո կինոփառատոնի լավագույն երկարամետրաժ ֆիլմ մրցանակին:

Հիշյալ ֆիլմը նախորդ տարի Վենիզի կինոփառատոնում արժանացել է Միջազգային քննադատների ասոցիացիայի լավագույն ֆիլմ և հորիզոններ բաժնի լավագույն սցենար մրցանակներին:

Զուլում Գրիգորյան

 

Կյանքից հեռացել է  ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը։

Զ. Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին  Կրասնոդարում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002)

Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն էր։ Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Զեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը։

Գրիգորյանի գույները հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։

«Արվեստագետի պարտքը ժողովրդի ճաշակը հղկել, բարձր ճաշակ ներշնչելն է։ ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, այլ ոչ թե հակառակը։ Զուլումի արվեստն այս առումով ինձ նվաճել է։ Միանգամից, վերջնական անվերադարձ...Նա աշխատում է այնպես, ինչպես սիրտն է թելադրում։ Իսկ սիրտը հրաշքներ է գործում։ Արվեստի գեղեցկություններ։ Վրձինը սահում է կտավի վրայով և այնտեղ դրոշմում Զուլում Գրիգորյան արվեստագետի էությունը։ Գեղեցիկի ծարավը և այդ սիրուց շնչող բնանկարների հուզականությունը մտքի պայծառացումներ են, կարծես նկարիչը բնության մեջ խորանում է ոչ միայն աչքերով, այլև նյարդերով։ Նրա նկարները միտք են հուզում, զգացմունք արթնացնում»,- գրել է նկարիչ Գրիգոր Խանջյանը (9 փետրվարի, 1978 թ.):

Ժիրայր Դադասյան

 

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մակեդոնիայի մշակույթի թատրոն «Jordan H.K-Dzinot» ազգային ինստիտուտ-կենտրոնի և Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ թատերական փառատոնին՝ իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ներկայացումը ցուցադրվել է հուլիսի 22-ին «Ստոբի» անտիկ ամֆիթատրոնում: Հուլիսի 29-ին փառատոնի փակման արարողության ժամանակ ազդարարվել է թատրոնի արժանանալը ԳրանՊրիին՝ լավագույն ներկայացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նրանք արդեն Հայաստանում են եղել, երբ իմացել են հաղթանակի մասին:

«Մասնակցում էր 6 թատրոն: Բեմադրությունները հիմնականում անտիկ դրամաներ էին: Ներկայացումները ցուցադրվում էին բացօթյա ամֆիթատրոնում: Միակ մնջախաղի թատրոնը մենք էինք, բոլորը դրամատիկ, «խոսող» թատրոններ էին»,-ասաց նա:

Մնջախաղի պետական թատրոնը Հատուկ մրցանակի է արժանացել Վոլոգդայի քաղաքապետարանի կողմից ՌԴ Վոլոգդա քաղաքում անցկացվող միջազգային թատերական 14-րդ փառատոնում:

«Մենք հրավիրված էինք պատվավոր հյուրի կարգավիճակով, հանդես եկանք մրցույթից դուրս: Սակայն մեր ներկայացումից հետո ժյուրին չէր կարողացել անտարբեր մնալ: Դարձյալ վերադարձից հետո իմացանք, որ Հատուկ մրցանակի ենք արժանացել»,-ասաց նա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերոնշյալ փառատոններին մասնակցել է հրավիրող կողմի ծախսերով:

«Մենք համաձայնում ենք մասնակցել այդ փառատոններին, որովհետև հասկանում ենք, որ մեր կառավարության միջոցներն այնքան շատ չեն, որ ամեն անգամ դիմենք ու գումար ստանանք: Իսկ հրավերներ շատ ենք ունենում»,-նշեց նա:

Ժիրայր Դադասյանի խոսքով` վերջին անգամ թատրոնը ֆինանսավորվել է 5 տարի առաջ:

Էռնեստ Հեմինգուեյ

 

Գրող Էռնեստ Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը կհրապարակվի The Strand Magazine հանդեսում: Օգոստոսի 1-ին հրատարակությունն այս մասին հայտնել Է իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր 55-րդ համարում մենք հպարտությամբ ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի A Room on the Garden Side" («Այգու կողմի սենյակը») չհրատարակված պատմվածքը»,- ասված Է մամուլի տեղեկագրում:- Ստեղծագործությունը փոխանցում Է հարուստ մթնոլորտ եւ արտացոլում Է Հեմինգուեյի սիրած շատ թեմաներ, ինչպիսիք են պատերազմը, քաջությունը, մահը եւ հույսը»:

1956 թվականին գրված պատմվածքի գործողությունը տեղի Է ունենում "Ritz" հյուրանոցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմությունն արվում Է ոմն Ռոբերտի կողմից, որն, ինչպես պնդում Է The Wall Street Journal թերթը, իր իսկ գրողի նախատիպն Է:

Էռնեստ Հեմինգուեյը (1899 - 1961) 1954 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Է, բազմաթիվ պատմվածքների եւ վեպերի հեղինակ: Նրա ստեղծագործությունը նշանակալի ավանդ Է ներդրել 20-րդ դարի գրականության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 

Բոլոր ժամանակների ամենահանճարեղ կոմպոզիտորներից մեկի՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած երաժշտությունը լսելն օգնում է զգալի նվազեցնել երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը: 

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Էդինբուրգի թագավորական հոսպիտալի գիտական թիմի վերջին հետազոտության ադյունքներին:

Մասնագետները պարզել են, որ էպիլեպսիայով հիվանդ 2-18 տարեկան երեխաների ուղեղում Մոցարտի երաժշտությունը լսելու ժամանակ նկատվում է էպիլեպտիկ ակտիվության նվազում: 

Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 45 երեխա, որոնք 5 րոպե շարունակ լսել են Մոցարտի դասական երաժշտությունը: Այդ ընթացքում  մասնագետները չափել են նրանց ուղեղի էլեկտրական ակտիվությունը:

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ այս երաժշտությունը կարող է շատ արդյունավետ հակաէպիլեպտիկ թերապիա լինել այն երեխաների համար, որոնց պարագայում համապատասխան դեղորայքն այդքան էլ արդյունավետ չէ:

 

 

 

 

Պիտակ

Aug 25, 2018 11:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ