Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանական «Լռություն» կատճամետրաժֆիլմը կմասնակցի Տարոնտոյի միջազգային 42-րդ փառատոնի մրցության բաժնին:

Սաաիդ Ջաաֆարիանի պատրաստած «Լռություն» կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերն է Ռամբոդ Ջավանը  մի առ  ժամանակ առաջ մասնակցել էր Ֆրանսիայի Կանի միջազգային կինոթափառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցության բաժնում:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը միջազգային A տեսակի կինոփառատոններից է և համարվում է Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի գլխավոր կինոիրադարձությունը:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը սեպտեմբերի 6-ից 16-ը տեղի կունենա այդ քաղաքում:

«Մեր երգեցիկ այբուբենը» ցուցահանդեսը

 

Օգոստոսի 9-ին Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվեց իրանահայ նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տեր-Բարսեղյանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 20-ը։  Ինչպես հայտնում են կազմակերպիչները՝ նկարները երկար ժամանակ կմնան թանգարանում, և դպրոցները կարող են այբբենարանի հանդեսներ և հայերենին նվիրված միջոցառումներ անցկացնել այնտեղ և օգտագործել այդ նկարները:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լեզվի կոմիտեն և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը։

Ներկաներին ողջունեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Նա նշեց, որ հեղինակի ցանկությամբ նկարները ցուցադրված են նաև սեղաններին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան ձեռք տալու ու զգալու սիրո, կարոտի այն շունչը, որ ապրել է Ռուբինա Տեր-Բարսեղյանը օտարության մեջ ստեղծագործելիս։

Բացման խոսքով հանդես եկավ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահը նշեց, որ հայկական տառերը պատկերող 41 նկարները գունագեղ են ու ջերմ, այնտեղ Նոր Ջուղայի և Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների շունչը կա։ «Ինքնուս նկարչուհին ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում, մեծացել հայաշունչ Նոր Ջուղայում, որտեղ 4 տարի սովորել է հայկական դպրոցում: Ապա տեղափոխվել է Հնդկաստան, տարիներ անց վերադարձել Իրան, Թեհրան, որտեղ աշխատել է, ընտանիք կազմել: 1989-ին ընտանյոք տեղափոխվել է Գերմանիա, Հայդելբերգ: 2005-ից Ռուբինան, նկարչի կրթություն չունենալով, սկսել է նկարել հայկական այբուբենի տառերը, որոնց հարազատ  հնչյունները մշտապես իր ականջում էին ու մեղմում էին մենության զգացումը, որ առաջացել էր հայերեն խոսք չլսելու պատճաոռվ», - ասաց Դ. Գյուրջինյանը:

Կոմիտեի նախագահը նշեց, որ ցուցահանդեսը քարոզչական նպատակ ունի, որ համացանցում հայերեն գրելիս մարդիկ օգտագործեն բացառապես հայերեն տառերը․ «Երբ հայերեն չեն գրում, չեն զգում մեր լեզուն։ Լատինատառ, ռուսատառ, առհասարակ այլատառ գրելը ազգային ինքնության դեմ ուղղված քայլ է»։

Դավիթ Գյուրջինյանն ուրախությամբ նկատեց, որ չնայած ամառային արձակուրդներին, ցուցահանդեսի բացմանը ներկա են դպրոցականներ։ Նա հավելեց, որ միջոցառման նպատակներից մեկն էլ երեխաներին իրազեկելն է․ «Թող երեխաները գան, տեսնեն, շոշափեն ու մտածեն մեր տառերի, ժայռապատկերների խորհրդի մասին։ Անկախ նրանից՝ հետագայում ինչո՛վ կզբաղվեն, ի՛նչ մասնագիտություն կընտրեն, ցուցահանդեսը վստահաբար ինչ-որ հետք կթողնի նրանց հոգում: Նրանք կսիրեն հայերենի տառերը և հետագայում Հայաստանի բնակավայրերում որևէ ցուցանակ կամ վահանակ տեղադրելիս չեն դավաճանի հայոց գրերին»։

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն ընդգծեց․ «Տառերը մեր հայրենիքն են։ Յուրաքանչյուր ոք, ով չի գրում հայատառ ու հայերեն, իր չափով քանդում է մեր հայրենիքը։ Դեռ հին ժամանակներում մեր դասական ուղղագրությունը երգելու վարպետության կանոններ է մշակել։ Այդ պատճառով երաժշտության մեջ ավելի է կարևորվում ճիշտ հնչյունի և բառի ընտրությունը»։

Նկարչուհի Ռուբինա Տեր-Բարսեղյանը պատմեց, թե ինչպե՛ս է սկսել նկարել․ «Գերմանիայում ես դուրս էի գալիս փողոց ու հայերեն չէի լսում։ Կարոտս առնելու համար սկսեցի պատկերել տառերը։ Հետաքրքրվեցի ու տեսա, որ մեր այբուբենի պատմությունը հասնում է ժայռապատկերներին։ Դիմեցի մասնագետ Համլետ Մարտիրոսյանի օգնությանը։ Եվ մաշտոցյան տառերը զուգակցելով հայոց հնագույն ժայռապատկերներին՝ ընտրեցի հոգեվիճակիս բնորոշ գույները»։

Միջոցառման երաժշտական հատվածում հայկական երգերի կատարումներով հանդես եկավ նկարչուհու թոռնուհին՝ Արփի Աբրահամյանը (դաշնակահար՝ Ռազմիկ Աբրահամյան)։

Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցի

 

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին  հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում:

Թուրքական «Անադոլու» կայքը հոդված է հրապարակել Աղթամարի մասին՝ նշելով, որ  տարեկան հազարավոր տեղացի և օտարազգի զբոսաշրջիկներ են այցելում կղզի։ Այս տարվա 7 ամսվա ընթացքում Աղթամար է այցելել տեղացի և արտասահմանից  83 հազար զբոսաշրջիկ:

Վանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի տնօրեն Մուզաֆեր Աքթուղն ասել է, որ Աղթմարի հուշահամալիրը զբոսաշրջության տեսանկյունից քաղաքի ամենակարևոր պատմական արժեքներից մեկն է: Աղթամարը 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում: Նա նշել է, որ Թանգարանների գլխավոր վարչության հետ քննարկել են, որոշել այս տարի հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում ընդգրկելու համար:

Հոդվածում նշվում է, որ Աղթամար եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ 1-ին թագավորի հրամանով, ճարտարապետը Մանվելն է։

2005-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տևել են երկու տարի։ Ծախսվել է 4 միլիոն լիր։

Նշվում է, որ վերականգնողական աշխատանքներին մասնագետ-արվեստագետների հետ միասին ընդգրկվել էին նաև հնագետներ և ինժեներ-շինարարներ, այդ թվում նաև Հայաստանից։

Վերանորոգումից հետո եկեղեցին ստացել է Թանգարան-հուշարձանի կարգավճակ։

Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ, իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցու վրա դրվել է խաչ: Մինչ այդ Թուրքական կառավարությունը հրաժարվել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, որի պատճառով ողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել։

 

Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը  2018թ սեպտեմբերի 21-ից 2019թ մինչև հունվարի 13-ը կհյուրընկալի «Հայաստան» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը՝ սկսած IV դարից՝ քրիստոնեության ընդունումից, հայերեն գրերի գյուտից, մինչև XVII դար:

Հայաստանի պատմության թանգարանից հաղորդում են, որ ցուցահանդեսի բացումը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ի նշանավորումն Հայաստանի Անկախության օրվա:

Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարան, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններ, Մատենադարան, ընտրված 81 նմուշների հետ մեկտեղ, կներկայացվեն նաև նմուշներ՝ փոխառված Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքից, Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունից, մշակութային այլ կենտրոններից և անհատական հավաքածուներից:

Հայաստանի պատմության թանգարանից 34 արժեքավոր նմուշներից մեկը՝ IV – V դդ. Խարաբավանքի քառանիստ կոթողը (Արագածի հարավային լանջ, Ուջան գյուղի մերձակայք) այս ցուցահանդեսի մեջ առանցքային և բացառիկ նշանակություն ունի, իբրև հայկական մշակույթի ու արվեստի ինքնատիպ ֆենոմենի, նրա ակունքի փաստացի վկայություն:

Ցուցահանդեսում ընդգրկված ավելի քան 140 նմուշները՝ տարբեր նյութերի, ձևերի, տիպերի մեջ դրոշմված հետքերով, տարբեր ժամանակների և մշակութային միջավայրերի համատեքստերում, կվերստեղծեն ինքնատիպ տարեգրությունը և անընդհատելի ընթացքը հոգևոր այն արժեքների, որոնք վկայում են Հայաստանի մշտակա ներկայությունը և ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

«Օսկար»

 

ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշել է «Օսկար» մրցանակ շնորհել «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» -ի համար, նաև կրճատել մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակը մինչև երեք ժամ։ 

Գազետա.ռու-ի  հաղորդմամբ՝ այս մասին գրել է  Reuters-ը՝ հղում անելով կինոակադեմիայի անդամների նամակին։

Խորհրդի անդամները չեն հստակեցրել, թե ինչ  չափանիշներով են ընտրելու ֆիլմերը այդ անվանակարգի համար՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարեն ավելի ուշ։

Նամակում ասվում է, որ «Օսկարի» ավելի քիչ հայտնի անվանակարգերում մրցանակների հանձնումը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ, որպեսզի կրճատվի արարողության ցուցադրման եթերի ժամանակը։

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 23-ին Լոս Անջելեսում։

«Աշխարհի փրկիչը» կտավը

 

Օքսֆորդի համալսարանի արվեստաբան և պատմաբան Մեթյու Լանդրուսը, որը մասնագիտացած է Լեոնարդո դա Վինչիի կտավների վրա, վստահ է, որ ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով վաճառված «Աշխարհի փրկիչը» կտավը պատկանում է ոչ թե դա Վինչիի, այլ նրա օգնականի վրձնին։

Ինտերֆաքսը, հղում անելով  The Guardian-ին, գրում է, որ փորձագետի կարծիքով, կտավի իրական հեղինակը դա Վինչիի աշակերտ և օգնական  Բերնարդինո Լուինին է, որի աշխատանքները աճուրդում  վաճառվում են առնվազն 1 միլիոն դոլարով։ Փորձագետը ճշտել է, որ Լեոնարդոն ամեն դեպքում աշխատել է նկարի վրա, սակայն նրա վրձնին է  պատկանում գլուխգործոցի 5-20 տոկոսը։

«Սա Լուինիի աշխատանքն է։ Եթե  ուսումնասիրենք Լեոնարդոյի տարբեր աշակերտների աշխատանքները, կարելի է այս կտավում տեսնել Լուինիի ձեռքը»,- կարծում է Լանդրուսը։

Կտավը նոյեմբերին վաճառվել է Christie's աճուրդում, այն  ներկայացվել է որպես դա Վինչիի աշխատանքներից  մեկը, որոնցից աշխարհում 20 հատ  է հաշվվում։ Սաուդյան  արքայազնը գլուխգործոցի համար 450 միլիոն դոլար է վճարել։ Սպասվում է, որ այն սեպտեմբերին կցուցադրեն  Աբու- Դաբիի Լուվրում։

2019-ին կտավը կներկայացվի Փարիզի Լուվրում։

 

 

 

Պիտակ

Aug 25, 2018 11:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ