Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին նախ սկսելով Հարավային Կովկասից:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անգելա Մերկելը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որից հետո կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Բանակցությունների ավարտին ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը մասնակցել են մամուլի ասուլիսի:

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին։

«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու։ Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության և, հատկապես, Գերմանիայի հետ»,–նշեց Փաշինյանը։

Անգելա Մերկելը, պատասխանելով նույն հարցին, նկատեց, որ Հայաստանը լավ օրինակ կարող է ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ–ի հետ։ «Իհարկե, Եվրամիության հետ շփումը մեծ չէ, քանի որ այն ազատ առևտրի գոտի է։ Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով ԵԱՏՄ–ԵՄ–ի միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենա։ Բայց Հայաստանի կեցվածքն օրինակելի է»,–նշեց տիկին Մերկելը։

Անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը Մերկելը նշեց. «Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասաց Մերկելը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գերմանիայի կանցլերը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

Գերմանիայի կանցլերը, որ մինչև Երևան ժամանելը ուղևորվել էր Վրաստան, ավարտելով Հայաստան կատարած ուղևորությունը մեկնեց Բաքու:

---------------------------

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը խոսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի մասին։

--------------------------

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  էներգետիկայի  նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձան Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից  աշխատանքները  պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան  իրականացնելուն:

Իրանի  էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև և Պարսից Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու  առումով:

Նախարար  Գրիգորյանը իր  հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության  ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նաև 2018 թ. Երևանում  կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և  համատեղ  ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ:

--------------------------

Թուրքիայի նախագահի խոսնակն անցած շաբաթ քննադատեց Թուրքիայի դատական համակարգի անկախության մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հայտարարությունը:

Իբրահիմ Քալինը չորեքշաբթի օրը մի հաղորդագրության մեջ նշեց. «Թուրքիայում կալանավորված ամերիկացի լրտես Անդրյու Բրունսոնի  ազատ արձակման կապակցությամբ Վաշինգտոնն անտեղի դիմումներ է ներկայացնում Թուրքիային»:

«Թուրքիայում գործում է օրենքի իշխանությունը և Բրոնսոնի գործը իրավական հարց է, որը ընթանում է համապատասխան հունով»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը նկատելով, որ Թուրքիան առանց նախապայմանի ազատ պիտի արձակի Անդրյու Բրունսոնին ասել էր. «Անկարան մեծ սխալ է թույլ տվել»:

Երկու տասնամյակից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքում բնակվող Բրունսոնը 21 ամիս է ինչ լրտեսության մեղադրանքով կալանավորված է մնում և ներկայումս գտնվում է տնային կալանքի պայմաններում:

Հիշեցնենք, որ նրանից հետո, երբ ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնը մեղադրվեց լրտեսության և Թուրքիայի 2016 թվականի ձախողած հեղաշրջման հարցով մեղադրյալ ընդդիմության առաջնորդ Ֆաթոլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ԱՄՆ-ի վարչակազմը օգոստոսի 1-ից պատժամիջոցներ գործադրեց Անկարայի իշխանությունների դեմ:

Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մի առ ժամանակ է ինչ սրվել են: Թուրքիայի դիտանկյունից ԱՄՆ-ն պաշտպանելով Գյուլենին և 2016 թվականի հեղաշրջումն այս լարվածությունների պատճառ է դարձել: Դեպքերի զարգացումը նույնպես վկայում է այն մասին, որ երկու երկրները լարվածությունների վերացման ուղղությամբ որևէ լուրջ ծրագիր չունեն և համառորեն փորձում են առավել սրել ճգնաժամը:

Հետևաբար ակնկալվում է, որ այս լարվածությունը առաջիկա շաբաթների ընթացքում սրվի, քանի որ նկատի առնելով Թրամփի ագրեսիվ վերաբերմունքը պարզվել է, որ նրա համար ԱՄՆ-ի թշնամիների ու բարեկամների միջև որևէ տարբերություն գոյություն չունի և նա միայն ձգտում է միջազգային հարաբերություններում բռնի ուժի գործադրմանը:

---------------------------

Տաջիկստանի կառավարությունն այդ երկրի ավելի քան 9000 հեկտար հողատարածքները շուրջ 50 տարով վարձակալման է տվել Թուրքմենստան-Չինաստան գազատար խողովակագծի կառուցման նախագծի գործադիր չինական ընկերությանը:

Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանը մի հրամանագիր ստորագրելով այդ երկրի 9407 հեկտար հողատարածքները 49 տարվա ժամկետով վարձակալման տվեց Թուրքմենստանից Չինաստան երկարող գազատար խողովակագիծը կառուցող «Տրանս Տաջիկ Գաս Փայփլայն» ընկերությանը: Գազատար խողովակագծի երկարությունը 1000կմ է, որի միայն 400կմ անցնում է Տաջիկստանի տարածքով:

Տարածաշրջանային զարգացման այլ նախագծերին զուգահեռ այս նախագիծը կարող է Միջին Ասիայի ժողովրդի համար աշխատատեղերի ստեղծման, նաև արտադրության տեսակետից դրական ազդեցություն գործել: Միևնույն ժամանակ հողատարածքների ու այդտեղ գտնվող տների սեփականության հետ կապված տեղի բնակիչների կողմից որոշ մտահոգություններ են արծարծվել:

---------------------------

Եվրոպական խորհրդարանական մի պատվիրակություն անցած շաբաթ Տաշկենդում հանդիպելով Ուզբեկստանի ԱԳ նախարարի հետ ընդգծեց կողմերի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Մի առ ժամանակ առաջ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին Ուզբեկստան ուղևորվելով հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահի հետ: Վերջին տարիներին հատկապես տնտեսական ու առևտրական բնագավառներում Ուզբեկստանի ու ԵՄ-ի միջև հարաբերություններն ընդլայնվել են:

Անցած շաբաթ Տաշկենդ ուղևորվեց նաև Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանը, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևի հետ: Այցի շրջանակներում երկու երկրների պաշտոնատարներն ստորագրեցին 27 փաստաթղթեր ու առևտրական պայմանագրեր:

 

 

 

Aug 25, 2018 16:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ