Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր խոսելու ենք մտածողության, իսկ ավելի հստակ ռացիոնալ և իռացիոնալ ՝ կամ տրամաբանական ու անտրամաբանական մտածողության մասին: Հաղորդման հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Հաղորդման համար որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Ընկերակցեք մեզ:

Նախ տեսնենք թե ի՞նչ է մտածողությունը:

Մտածողությունն անհատի ճանաչողական գործունեության գործընթացն է, որն ուղղված է իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը։ Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական զգայական արտացոլման համար։

Մտածողության արդյունքում ծնվում են մտքերը, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և նրանց կապերում, խոսքում։ Մտքերն էլ ինչպես մյուս երևույթները կարող են բնույթով լինել կառուցողական և ոչ-կառուցողական:

Մեր սխալ մտածողությունը ստիպում է մեզ ապրել անընդհատ լարվածության և սթրեսի պայմաններում և առավել դժվար և անլուծելի է դարձնում մեր խնդիրները: Սա է ոչ-կառուցողական կամ իռացիոնալ մտածողությունը: Այդ մասին մանրամասնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

***

Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։ Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը։

Մտածողությունը անհնար է դրսևորել առանց խոսքի և ունի իր տրամաբանական ձևերը։ Մտածողության միջոցով մարդը դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք է բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։

Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ «թաքնված են» երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։ Մտածել՝ նշանակում է ոչ թե արտացոլել կամ արձագանքել արտաքինի ազդեցությանը, այլ հիմնվելով նախկին փորձի, զգայական ճանաչողության արդի փորձի վրա «ստեղծել» նոր տրամաբանական ձևեր՝ հասկացողություններ, դատողություններ, կառուցողական ու ոչ-կառուցողական բնույթի եզրահանգումներ ։

 

Այլ խոսքով, մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայականի միջոցով ստացված տվյալների սահմաններից, բացահայտել երևույթների ներքին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է:

Եթերում հոգեբան Անուշ Ալեքսայանն է:

***

Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից:

Մարդիկ տարբերվոմ են իրենց մտածողության անհատական առանձնահատկություններով:

Մտածողության ինքնուրույնությունը բնութագրվում  է նրանով, որ մարդ ունակ է առաջադրելու նոր խնդիրներ և գտնելու դրանց լուծման ուղիները՝ կիրառելով մարդկության փորձը:

Մտքի լայնությունը թույլ է տալիս գտնել կապեր գիտելիքների և երևույթների տարբեր, առաջին հայացքից իրարից շատ հեռու բնագավառների միջև:

Մտքի խորությունը արտահայտվում է բարդ հարցերի մեջ խորանալու, այնտեղ հիմնախնդիր տեսնելու կարողությամբ:

Մտքի ճկունությունը թույլ է տալիս հաշվի առնել իրադրությունների փոփոխությունները և փոխել գործողությունների սկզբնական պլանը:

Մտքի արագությունը դրսևորվում է իրադրության մեջ արագ կողմնորոշվելու, լավ մտածելու և ճիշտ որոշում ընդունելու կարողությամբ:

 

 

Oct 28, 2018 01:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ