Ներկայացնում ենք հատուկ թողարկում`  շիա մուսուլմանների ութերորդ առաջնորդ, Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ:

 

 Իմամ Ալի Իբն Մուսա Ալ Ռեզան շիաների ութերորդ առաջնորդն  է: Նա սերում է իսլամի մարգարեից:  Իր հոր՝ Իմամ Մուսա Քազեմի  նահատակվելուց հետո, Իմամ Ռեզան  35 տարեկանում շիաների առաջնորդության առաքելություն ստացավ և 20 տարի առաջնորդեց մուսուլման ժողովուրդներին: Իմամ Ռեզայի առաջնորդության  վերջին երեք տարիներն անցան Մաամունի իշխանության կենտրոնը համարվող՝ Մարվ քաղաքում: Իմամ Ռեզան լույս աշխարհ  է եկել հիջրեթի 148 թ.-ի Զիղաադա ամսի 11-ին` Մադինա քաղաքում: Նա նահատակվել է լուսնային  հիջրեթի 203 թվականին սաֆար ամսի 30-ին : Իմամ Ռեզայի  նահատակության տարելիցի օրը տարբեր ազգությունների հազարավոր ուխտավորներ հավաքվում են Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում և իրենց սերն  ու  հարգանքն են մատուցում նրա հիշատակին: Ամենուրեք լսվում են Ղուրանի ընթերցման  ու աղոթքի ձայներ: Հավատացյալ ուխտավորներն Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրը արտասվալից աչքերով այցելում են դամբարան՝  իրենց սրտերի ժանգը մաքրելու և հոգին թարմացնելու ու խաղաղվելու համար: Դամբարանում  աննկարագրելի մթնոլորտ է տիրում : Այս օրն  առիթ է, որպեսզի Իմամ Ռեզայի երկրպագուներն իրենց ուխտը վերանորոգեն իմամի գաղափարների հետ: 

Ցավակցություն ենք հայտնում  Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ: 

Ներկայացնում ենք դրվագներ Իմամ Ռեզայի  կյանքից: Շարունակեք մնալ մեզ հետ:

Ողջույն Ալի Իբն Մուսա Ալ Ռեզային

 

 Իմամ Ռեզան լույս աշխարհ եկավ  բարեպաշտ ընտանիքում: Նրա  հայրը Իսլամի մարգարեի  ծոռներից էր և մայրը՝ Նաջմե անունով բանիմաց  ու առաքինի տիկին էր: Նա Մարոկկոյից էր: Իմամ Ռեզայի բարեբաստիկ անունն Ալի է:Նրան անվանում են նաև Աբու Ալ-հասան: Նրա ամենահայտնի անունը Ռեզա է, որը նշանակում է «Գոհունակություն»: Նրա որդին` Իմամ Ջավադը, իր հոր անվան մասին ասել է.«Աստված նրան անվանեց Ռեզա, որովհետև Աստված և աստծո մարգարեն ու մարգարեի շառավիղները գոհ են եղել նրանից:  Իմամ Ռեզայի անսահման բարի բնավորության պատճառով, նրա ընկերներն ու հարազատները և նույնիսկ թշնամիները շատ  են սիրել նրան»:

Իսլամի մարգարեի գերդաստանից սերած Իմամ Ռեզան Ղուրանի պատվիրաններն էր սովորեցնում մարդկանց: Իմամ Ռեզայի գիտությունը, համբերությունը, քաջությունը, բարեպաշտությունը և  նրա երկնային անհատականությունն այն աստիճան բարձր էին, որ  ոչ ոք  չէր կասկածում նրա վեհ արժանիքներին: Իմամ Ռեզան հենց այն ժամանակ հայտնի դարձավ որպես Մուհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գերդաստանի գիտունը:

Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը

 

Իմամ Ռեզայի օրոք  մուսուլմանական աշխարհը մեծ զարգացում ապրեց աշխարհագրական, տնտեսական բարգավաճման և գիտության առումով: Այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանում Աբբասյան իշխանության բռնապետությունը շարունակվում էր: Հազրաթ  Ռեզայի իմամության ժամանակաշրջանը համընկնում է Բանի Աբբասյան խալիֆայության երեք խալիֆների՝ Հարունի, Ամինի ու Մաամունի իշխանության ժամանակաշրջանին: Իմամ Ռեզայի իմամության վերջին հինգ տարիներին իշխում էր Մաամուն խալիֆան , ով համարվում է Աբբասյան խալիֆայության ամենախարդախ ու ամենախորամանկ  խալիֆը: Նա իր եղբորը` Ամինին սպանելուց հետո, իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Մաամունն իր ուշիմ նախարար՝ Ֆազլ Իբն Սահլի օգնությամբ փորձեց ամրապնդել իր իշխանության հիմքերը: Նա Իմամ Ռեզային իր տեղապահ դառնալու առաջարկ ներկայացրեց, որպեսզի Մարգարեի գերդաստանի երկրպագուներին սիրաշահի ու իր իշխանությունն օրինականացնի: Իհարկե նա յուրահատուկ նրբությամբ ու վարպետությամբ փորձեց այնպես ձևացնել  ,որ բարի նպատակով և Իմամ Ռեզայի նկատմամբ  մեծ  հարգանքից ու հավատքից ելնելով  է նման որոշում ընդունել:

Աբբասյան խալիֆայության կողմնակիցները բողոքեցին Մաամունի որոշման դեմ: Մաամունն իր որոշումը արդարացնելու  համար իր կողմնակիցներին ասաց.«Այս մարդը (Իմամ Ռեզային նկատի ուներ) իր գործերը թաքցնում էր մեզանից և մարդկանց կոչ էր անում ընդունել իր իմամությունը: Ուրեմն նրան նշանակել եմ իմ տեղապահը, որպեսզի նա մարդկանց հրավիրի ծառայել մեզ: Նա նաև կընդունի մեր խալիֆայությունը և միաժամանակ նրա համակիրները կհասկանան, որ խալիֆայությունը ոչ թե նրան այլ մեզ է արժանի»:  Մաամունը մտածում էր, որ եթե իմամ Ռեզան ընդուներ իր առաջարկը , դա կնշանակեր ,որ նա  ընդունել է Բանի Աբբասյանների խալիֆայությունը և դա մեծ առավելություն կլիներ նրանց համար: Փաստորեն Մաամունի խարդախությունն ու խորամանկությունը հաշվարկված էին: Բայց ինչպե՞ս արձագանքեց  Իմամ Ռեզան  այդ սադրանքին:

 

Նա նախ հրաժարվեց մեկնել Մաամունի իշխանության կենտրոնը համարվող Մարվ: Սակայն Մաամունի մարդիկ նրան պարտադրեցին այդ ուղևորությունը: Մեծ գիտնական՝ Շեյխ Սադուղի գրչին պատկանող «Այուն Ախբար Ալ Ռեզա» գրքում ասված է.«Իմամը Մոհամմեդ մարգարեին հրաժեշտ տալու համար այցելեց նրա դամբարանը: Մի քանի անգամ դամբարանից դուրս եկավ ու նորից վերադարձավ ու սկսեց բարձրաձայն լաց լինել: Այնուհետև ընտանիքի անդամներին հավաքեց իր շուրջը ու նրանց ասաց.«Ես այլևս չեմ վերադառնա ձեզ մոտ»:

Նշենք, որ Իմամն  իր ընտանիքի անդամներից և ոչ մեկին իր հետ չտարավ Մարվ: Եվ այս բոլորը ցույց են տալիս, որ իմամին պարտադրել են գնալ այդ ճանապարհորդությունը:

Հաջորդ փուլում Իմամը փորձեց իրեն տեղապահ նշանակելու Մաամունի որոշումը ներկայացնել որպես խալիֆայության հարցում մարգարեի գերդաստանի իրավունքը ճանաչելու ուղղությամբ արված քայլ: Քանի որ մինչ այդ Աբբասյան և Ումմայան խալիֆները չէին ընդունել մարգարեի գերդաստանի իմամությունն ու խալիֆայությունը: Մաամունի այդ քայլը կարող էր չեզոքացնել նախորդ խալիֆների հայեցակետը:

Իմամ  Ռեզան մեկ այլ խելամիտ քայլ կատարեց: Նա իր տեղապահ նշանակվելու որոշումը վերջնականացվելուց առաջ աղոթքի քարոզներում ասաց, որ այն պայմանով կընդունի խալիֆի տեղապահության առաջարկը, եթե ինքը չմիջամտի քաղաքական հարցերին և ոչ մեկին ո'չ նշանակի որևէ պաշտոնում և ո'չ էլ ազատի որևէ պաշտոնից:  Այլ խոսքով, Իմամ Ռեզան ոչ մի միջամտություն չկատարեց Մաամունի իշխանության գործերին, որպեսզի նրա բռնապետական ու ոչ-իսլամական արարքները իր հաշվին չգրվեն ու մարդիկ չկարծեն ,որ Իմամ Ռեզան հաստատում է Աբբասյան խալիֆայությունը:

Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը նրա նահատակության տարելիցի օրը

 

Մաամունն իմամ Ռեզային Մարվ տեղափոխելուց հետո բազմաթիվ գիտական նիստեր գումարեց տարբեր գիտնականների մասնակցությամբ:Նա այդ քայլով փորձում էր ցույց տալ, որ գիտությունն իր համար մեծ նշանակություն ունի : Իմամին հրավիրելով նիստերին, նա մտադիր էր հակակշռի տակ առնել Իմամ Ռեզայի  գիտելիքները: Սակայն Իմամ Ռեզայի գիտական բարձր մակարդակը աստիճանաբար դարձավ խնդիր Մաամունի համար: Շեյխ Սադուղն այդ մասին գրել է.«Մաամունը փորձում էր բարձր մակարդակի գիտնականների և  իմամի  միջև գիտական բանավեճեր անցկացնել, որպեսզի նրան հեղինակազրկի,բայց բոլորը խոստովանում էին ,որ իմամը գիտական առումով շատ բարձր մակարդակում է գտնվում: Երբ Մաամունը հասկացավ, որ նման բանավեճերը ավելի են բացահայտում Իմամի գիտական  կարողությունները, վտանգ զգաց և  սահմանափակեց իմամին»:

Մյուս միջադեպը, որ դարձյալ բացահայտեց Մաամունի պլանները, Ֆեթր տոնի առիթով Իմամ Ռեզայի աղոթքն  էր: Մաամունն իմամից պահանջեց, որ ինքը կատարի տոնի աղոթքը: Իմամը սկզբում մերժեց, բայց Մաամունը  պնդում էր: Ու նա ասաց.«Ուրեմն ես իմ պապի` Մոհամմեդ մարգարեի նման նամազ կանեմ: Մաամունն ընդունեց: Մարդիկ սպասում էին ,որ իմամն ինչպես խալիֆները արքունական արարողակարգով տնից դուրս կգա: Բայց նա բոլորին զարմացրեց: Իմամ Ռեզան ոտաբոբիկ  ճանապարհվեց:   էմիրները , որ   պաշտոնական հագուստով պատրաստվում էին մասնակցել արարողությանը, այդ հոգևոր տեսարանը տեսնելով իջան իրենց ձիերից և իրենց կոշիկները հանեցին ու հետևեցին իմամին: Ասում են թե Սահլ Իբն Ֆազլը Մաամունին ասաց.«Եթե իմամը  հասնի աղոթավայր, մարդիկ կդառնան նրա երկրպագուները, ավելի լավ է նրան ասես, որ վերադառնա: Մաամունը վտանգ զգաց: Նա սկսեց մտածել ,որ Իմամը ոչ միայն իրեն պետք չէ, այլև նրա ներկայությունն  ավելի է բարդացնում  իրավիճակը: Ուստի մարդիկ նշանակեց, որպեսզի  հսկեն նրա յուրաքանչյուր քայլը:

Մաշհադ. Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրը 

 

Իմամը ճշմարիտ խոսքն ասելու համար չէր վախենում Մաամունից: Նա բազմիցս  քննադատել է Մաամունի արարքները: Երբ Մաամունը ոչ-իսլամական երկրներում ռազմական  քայլեր է իրականացնում , իմամը խոսքն ուղղելով նրան ասում է .«Ինչու չես մտածում մահմեդական ժողովուրդների մասին ու չես փորձում բարեփոխել նրանց»:Այդ արտահայտությունը զայրացնում է  Մաամունին: Նա սկսում է մտորել, որ իմամին Մարվ տեղափոխելը ցանկալի արդյունք չունեցավ և եթե այսպես շարունակվի, ապա ինքը անփոխարինելի վնասներ կկրի:

Մաամունը իր խալիֆայությունը պահպանելու համար պատրաստ էր ամեն քայլի գնալ: Նա նույնիսկ հանուն իր խալիֆայության սպանեց Աստծո առաքյալի ծոռանը: Այդպիսով  Ալի Իբն Մուսա Ալ-Ռեզան, ինչպես իր պապերը, նահատակվեց բռնության դեմ պայքարի ճանապարհին ու չհանձնվեց Մաամունի ավտորիտար իշխանությանը:

Վերստին ցավակցություն հայտնելով Իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ, ծրագիրն ավարտում ենք իմամի իմաստուն խոսքերով.

Երբևե չլքեք բարի գործերը` ապավինելով Մոհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) բարեկամությանը և երբևե չկորցնեք Մոհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) բարեկամությունը՝  ապավինելով բարի գործերին,քանզի այդ երկուսից ոչ մեկը միայնակ ընդունելի չէ:

Լուսանկարներ՝ Իմամ Ռեզայի նահատակության առիթով կազմակերպված արարողությունից

 

 

 

Nov 06, 2018 11:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ