• Հատուկ թողարկում՝ աղքատության վերացման միջազգային օրվա առիթով

1987 թվականի հոկտեմբերի 17-ին ավելի քան հարյուր հազար մարդ հավաքվեց Փարիզում, որպեսզի հարգի աղքատության, բռնության և սովի զոհերի հիշտակը: Այդ  օրվանից մինչ այսօր համաշխարհային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները ամեն տարի հոկտեմբերի 17-ին համատեղ նշում են աղքատության վերացման միջազգային օրը:

1992 թվականի դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից պաշտոնապես ճանաչվեց, որպես աղքատության վերացման միջազգային օր: Ճանաչմանը հետևեցին բազմաթիվ գործնական քայլեր աղքատությունը վերացնելու ուղղությամբ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1995 թվականին հայտարարեց աղքատության դեմ պայքարի առաջին տասնամյակի սկիզբը: 2000 թվականին աշխարհի պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ որոշում կայացվեց մինչև 2015 թվականը ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը ողջ աշխարհում կիսով չափ նվազեցնել:

 Աղքատության վերացման միջազգային օրը

 

Այնուամենայնիվ, չնայած որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հայտարարեց աղքատության դեմ պայքարի առաջին տասնամյակի սկսվելու մասին, և չնայած այն հանգամանքին, որ աշխարհի պետությունների ղեկավարները միաձայն որոշում կայացրեցին մինչև 2015 թվականը աշխարհի ծայրաստիճան աղքատների թիվը պակասեցնել կիսով չափ, միջազգային հանրությունը աղքատների թվի ավելացման ականատեսը եղավ: Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը այդ տարիներին առաջընթաց էր ապրում և կային անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի բարելավվեր աղքատների վիճակը ամբողջ աշխարհում: Այսօր աշխարհը գտնվում է աղքատության դեմ պայքարի երկրորդ տասնամյակի կեսում և մինչ այժմ բավականին ձեռքբերումներ են եղել Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում: 8 հիմնական նպատակներ են առանձնացվել Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում, որոնք մեծապես պետք է օգնեն հաղթահարել աղքատությունն ու սովը, ինչպես նաև բազմաթիվ այլ չարիքներ: Այդ նպատակներն են`

  1. ծայրահեղ աղքատության և սովի վերացում
  2. տարրական կրթության ապահովում
  3. գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում
  4. մահացության նվազեցում
  5. մայրական առողջության բարելավում
  6. պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ
  7. միջավայրի կայուն պահպանում
  8. զարգացման նպատակով համաշխարհային համագործակցության ձևավորում
Աղքատությունն  աշխարհում

 

 

Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նախագծի հիմնական նպատակներից մեկը աղքատության և դրա բոլոր դրսևորումների ամողջական վերացումն է ամբողջ աշխարհում: Նախագիծը մշակված է նոր մոտեցման հիման վրա, ըստ որի աղքատության տարածմանը նպաստում է ոչ թե մեկ գործոն` այն է եկամտի բացակայությունը, այլև բազմաթիվ այլ գործոններ ու նախադրյալներ: Անշուշտ այդ գործոննների հիմնավոր և խորքային ուսումնասիրության միջոցով միայն կարելի է պայքարել երևույթի դեմ: Չպետք է աղքատությունը դիտարկել միայն որպես եկամտի, ուտելիքի, բնակության վայրի և այլ անհրաժեշտ պայմանների բացակայություն:

Այս տարի աղքատության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ քննարկվող հիմնական թեման այն էր, որ մեծ նշանակություն ունի ըմբռնել, թե ծայրահեղ աղքատները ինչպիսի զրկվածության ու ամոթի մթնոլորտում են ապրում:

Աղքատությունը համարվում է այսօրվա աշխարհի մեծագույն չարիքներից մեկը, որը ներխուժել է հարյուր միլիոնավոր ընտանիքներ: Հաշվարկները ցույց են տալիս, որ աշխարհում 780 միլիոն աշխատող տղամարդ ու կին չեն կարողանում իրենց ընտանիքի օրական եկամուտը 2 դոլարից բարձրացնել: Այս ցուցանիշը ընդգրկում է զարգացող երկրներում աշխատանքով ապահովված մարդկանց մեկ երրորդը: Զարգացող երկրների աշխատող բնակչության մեկ չորրորդ մասի օրական եկամուտը կազմում է 2-ից 4 դոլար: Մարդկանց այս խումբը, որ գտնվում է աղքատության շեմին, ամեն օր առնչվում է զանազան հիվանդությունների ու վարակների հետ:

Աղքատությունը գլխավորապես տնտեսական ու հասարակական երևույթ է, բայց ունի նաև հոգևոր-մշակութային և քաղաքական արմատներ: Բացի այդ, տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր պայմաններում աղքատության տարատեսակ դրսևորումների են բախվել մարդիկ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրանց հոգեկան ներաշխարհի վրա: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանմամբ, աղքատությունը մարդկանց եկամտի, ինքնագնահատականի, կրթության ու հասարակական որոշումներին մասնակցության հնարավորության լիովին կամ մասնակի բացակայությունն է: Իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով, աղքատությունը մարդկային հիմնական կարիքների զրկվածությունն է: Այս հիմնական կարիքների մեջ են մտնում բավարար քանակի ուտելիքի ու ջրի հասանելիությունը, համապատասխան բնակարանի ու հիգիենայի պայմանների ապահովվածությունը անհատի ու նրա ընտանիքի համար, հասարակական զբաղվածությունը և այլն:

 

Իսլամում աղքատությունը խստորեն դատապարտվում է: Ինչպես Մեծ մարգարեն է ասում. «Քիչ է մնում, որ աղքատությունը վերածվի մեղքի»: Մարգարեն մեկ այլ խոսքում մեկտեղում է աղքատությունն ու մեղքը`Աստծուց խնդրելով հեռու պահել երկուսից էլ:Մեկ այլ տեղ Աստված Աբրահամ մարգարեից հարցնում է.«Ով Աբրահամ, ես որ քեզ ստեղծեցի և Նեբրովթի կրակով փորձեցի, եթե քեզ աղքատության մատնեմ ու համբերությունդ վերցնեմ, ի՞նչ պետք է անես»: Աբրահամը պատասխանում է.«Տեր իմ, աղքատությունը Նեբրովթի կրակներից ավելի վատ է»: Այնժամ Բարձրյալն ասում է.«Իմ մեծությունն ու պատիվը վկա, ես աղքատությունից առավել մեծ արհավիրք չեմ արարել»:

 

 

Ըստ Իսլամի, աղքատությունը բնական ռեսուրսների պակասից չէ, որ ի հայտ է գալիս, քանի որ այն բնական պաշարներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մարդուն կան բնության մեջ: Ինչպես ասված է Աստծո մասին.«Այն ինչ իրենից ցանկացաք, շնորհեց ձեզ և եթե փորձեք հաշվել նրա պարգևները, չեք կարողանա երբեք»:

Մարդիկ տարբեր հոգևոր, մարմնական, մտավոր առանձնահատկություններ ունեն, այդ իսկ պատճառով նրանք տարբեր կերպ են դիմակայում դժվարություններին, ինչպես նաև միմյանցից տարբերվում են իրենց կայացրած որոշումներով, քաջությամբ և շատ բնավորության գծերով: Հետևաբար եթե անգամ բոլորը ունենան բնությունից  օգտվելու հավասար հնարավորություններ, միևնույնն է տարբեր արդյունքների են հասնելու: Եվ չնայած Իսլամի հիմնական գաղափարախոսությունը մարդկանց հնարավորությունների հավասարությունն է, այդ տարբերություններն ընդունվում են: 

Որոշ մարդիկ մարմնական ու հոգեկան անկարողության հետևանքով բախվում են բազմաթիվ դժվարությունների, ոմանք էլ բնական աղետների հետևանքով, որոնցից են երկրաշարժը, ջրհեղեղը և այլն, կորցնում են իրենց ընտանիքն ու ունեցվածքը: Իսլամում նման դեպքերի համար հատուկ սահմանված է օգնության վճարում աղքատ մուսուլմանների համար:

Ղուրանը նույնպես կարիքավորներին օգնելու համար սահմանում է ողորմություն.«Ողորմությունը հատուկ այն աղքատների համար է, որոնք Աստծո ճանապարհին տկար ու անճար են և անկարող` այդ իրավիճակից դուրս գալու համար որևէ քայլ ձեռնարկել (ասված է Բաղարա սուրայի 173-րդ այայում)»: Մեկ այլ այայում գրված է. «Սատանան նա է, ով ձեզ տանում է դեպի աղքատություն և մեղսագործություն»: Իսկ Սուրբ Ղուրանը մարդկանց է տալիս իր մեջ պահված ամենաթանկն ու արժեքավորը: 267-րդ այայում ասվում է. «Ով հավատք ընծայողներ, ուրիշին բաժին հանեք ձեր արդար վաստակից եւ հողի բերքից որ տվել ենք ձեզ, և մի գնացեք անընդունելի և ոչ մաքուր հարստության հետևից, որ նույնիսկ  ինքներդ  պատրաստ  չեք ստանալ դա: Եվ իմացեք, որ Աստված ձեր օգնության կարիքը չունի և փառաբանված է»:

Հաշվարկների համաձայն 2015-ից մինչև 2030 թվականները 570 միլիոն երիտասարդ տղամարդ ու կին Աֆրիկայից և Ասիայի հարավից աշխատելու հնարավորություն կստանան: Այդ մարդկանց աշխատելու հարմար պայմաններ ստեղծելը կօգնի հաղթահարել աղքատությունն ու հսկայական առաջընթաց կապահովի համաշխարհային տնտեսության համար, ինչպես նաև կփոխի միլիոնավոր մարդկանց կյանքն ու առօրեան: Հետևաբար այս ծրագրի իրականացման համար ձեռնարկվելիք քայլերի հստակեցումը օրակարգային խնդիր է արդի հասարակության համար: Շատ կարևոր է , որպեսզի ներկայումս ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մարդկանց տրամադրվի համապատասխան օգնություն և ապահովվեն նրանց առաջնային կարիքները: Պետք է շեշտել, որ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս պակասեցնել մարդկանց դեպի աղքատություն տանող գործոնները, ինչպիսիք են բնակչության աճը, զինված հակամարտությունները, վարակիչ հիվանդությունները և այլն:

 

Աղքատության վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ընթացքում առաջացող հիմնական դժվարությունը մարդկանց համար համապատասխան մասնագիտությունների պակասը կամ բացակայությունն է: Սրա հետ մեկտեղ, պետք է կարևորել նաև արդարության ու հավասարության պահպանումը տնտեսական զարգացման ֆոնի վրա: Աղքատության ավելացմանը նպաստում է նաև բնական միջավայրի աստիճանական քայքայումը: Մյուս կողմից, աղքատությունն ինքնին օժանդակող գործոն է բնական միջավայրի քայքայման համար: Զանգվածային անտառահատումները և հողի էրոզիան խոչընդոտում են գյուղատնտեսության զարգացմանն ու սննդի արդյունաբերությանը:

Ամփոփելով կարելի է ասել, որ աղքատության մակարդակի կրճատմանն ուղղված հաջող ռազմավարության հիմնական գրավականն արդյունավետ ինստիտուտների ստեղծումն է: Հարկավոր է նման ինստիտուտների էֆեկտիվության   բարձրացման համար լուրջ քայլեր ձեռնարկել և այդ նպատակին հասնելու համար առավելագույնս օգտագործել պետությունների, միջազգային հանրության և կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները:

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Oct 17, 2016 17:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ