Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասըուդ Բարզանին 2017 թվականի հունիսի 7-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Իրաքից Քուրդստանի անջատման մասին հանրաքվեն: Այսօր համառոտ կերպով կքննարկենք Իրաքից Քուրդստանի անջատման հարցն այս ժամանակահատվածում առաջ քաշվելու պատճառները:

Իրաքից Քուրդստանի անջատման հարցը առավել բացահայտ կերպով և հատկապես Քուրդստանի տարածքի ղեկավար Մասըուդ Բարզանիի կողմից առաջ քաշվեց 2014 թվականին՝ այդ երկրի որոշ բաժիններ ԻԼԻՊ-ի կողմից բռնազավթվելուց հետո: Մասըուդ Բարզանին հատկապես վերջին երկու տարիների ընթացքում առավել հաճախակի է արծարծել Իրաքից Քուրդստանի անջատման հարցը: Մասըուդ Բարզանին 2016 թվականի փետրվարին ասաց. «Միջին Արևելքում Քուրդ ժողովրդի գոյությունն իրականություն է և քուրդերը կարող են մյուս ժողովուրդների նման իրավունքի ու առավելությունների տեր դառնալ: Դա աստվածատուր ու բնական իրավունք է և որևէ մեկը չի կարող դա հերքել»: Մասըուդ Բարզանին 2017 թվականի մարտին նշեց. «Չեխոսլովակիան ու Հարավսլավիան վերածվեցին ու այսօր նույնը տեղի է ունենում «Սայս-Փիքո»-ի ժառանգության համար»: Ի վերջո Բարզանին 2017 թվականի հունիսի 7-ին հայտարարեց, որ Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեն տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 25-ին:

Իրաքից Քուրդստանի անջատման կապակցությամբ Բարզանիի տրամաբանությունը հիմնական քննադատությունների է արժանացել:

Առաջին քննադատությունն այն է, որ Մասըուդ Բարզանին իր պահանջներն ու տեսակետները ներկայացնում է Իրաքի քուրդերի անունից: Բարզանիի այդ պահվածքը միանշանակ միջամտություն է համարվում Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի նման երկրների ներքին հարցերին:

Երկրորդ քննադատությունն այն է, որ նույնիսկ եթե ընդունենք, որ Մասըուդ Բարզանին իր պահանջներն ու տեսակետները ներկայացնում է Իրաքի քուրդերի անունից, նրա տրամաբանությունը սխալ է: Քանի որ քուրդերն Իրաքի սահմանադրությամբ ինքնավարություն ունեն և ունեն իրենց տեղական կառավարությունը, խորհրդարանն ու սահմանադրությունը և Իրաքի կառավարությունն էլ նրանց այդ իրավունքը ոչ միայն չի մերժել, այլև նույնիսկ դա հստակեցրել է իր սահմանադրության մեջ: Հետևաբար Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի հարցն առաջ քաշելը դեմ է այդ երկրի սահմանադրությանը:

Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի կայացման կապակցությամբ Բարզանիի տրամաբանության ուղղված երրորդ քննադատությունն այն է, որ Չեխոսլովակիայի ու Հարավսլավիայի մասնատումը ներքին հարց է, որը չի կարող տարածվել այլ երկրների վրա: Այլ խոսքով չեխերը, սլովակներն ու Հարավսլավիայի ժողովուրդը միայն ներկայություն ունեին Չեխոսլովակիայի ու Հարավսլավիայի սահմաններում և նրանց մասնատումն ապահովական հետևանքներ չէր կարող ունենալ այլ երկրների համար: Դա ի տես այն բանի, որ քուրդերը ներկա են Թուրքիայում, Իրանում, Իրաքում ու Սիրիայում և Իրաքից Քուրդստանի անջատումը կարող է ապահովական կարևոր հետևանքներ ունենալ մյուս երկրների համար: Հետևաբար ոչ միայն Իրաքի կառավարությունը դեմ է Քուրդստանի անջատման հանրաքվեին, այլև Թուրքիան, Իրանն ու Սիրիան հստակ կերպով դեմ են այդ հանրաքվեին և այդ կապակցությամբ հստակ դիրքորոշում ունեն:

Կարևոր հարցն այն է, որ չնայած Իրաքի սահմանադրության մեջ քուրդերին վերապահված բարձր դիրքին ու նաև նկատի առնելով Իրաքում իշխանական ուժին քուրդերի ուշագրավ մասնակցությանը, Քուրդստանի տեղական կառավարությունն ինչո՞ւ է ձգտում Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի կազմակերպմանը: Այս հանրաքվեն ի՞նչ հետևանքներ է հետապնդում:

Այս քայլի պատճառները պիտի քննարկել տեղական ու ազգային երկու մակարդակներում:

Ա. Տեղական մակարդակ

Քուրդստանի տարածքում զարգացումները վկայում են, որ այդ տարածքը հայտնվել է փակուղային վիճակում: Քուրդստանի տարածքի երեք կարևոր հարցերը համարվող սահմանադրության հանրաքվեն, տեղական խորհրդարանն ու տարածքի ղեկավարությունը փակուղու են հանդիպել և դրանք բոլորն էլ արդեն տարիներ է ինչ գտնվում են առկախ վիճակում:

Այն պայմաններում, որ Քուրդստանի սահմանադրության հանրաքվեն պիտի տեղի ունեցած լիներ նախքան 2009 թվականը, սակայն այդ թվականից ութ տարի անց դեռ հանրաքվեի թվականը հստակեցված չէ: Այն դեպքում, երբ Քուրդստանի խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013 թվականի սեպտեմբերին, տարածքի խորհրդարանը վերջին չորս տարիների ընթացքում ուշագրավ գործունեություն չի ունեցել և գործնականում առկախ վիճակի մեջ գտնվելով որևէ դերակատարություն չի ունեցել տարածքի քաղաքական կյանքում: Քուրդստանի տարածքի ղեկավարությունն էլ այս տարածքում քաղաքական փակուղում երրորդ կողմն է համարվում: Մասըուդ Բարզանիի նախագահության շրջանն 2013 թվականի օգոստոսին ավարտվեց, սակայն նախկին խորհրդարանն իր գործունեության վերջին օրերին նրա նախագահության շրջանը երկու տարով երկարացրեց, ինչն իհարկե որոշ կուսակցություններ, այդ թվում «Գուրան» կուսակցությունն անօրինական քայլ համարեցին: Այդուհանդերձ երկարաձգված երկամյա շրջանի ավարտին էլ Մասըուդ Բարզանին չհրաժարվեց իշխանությունից և այն պայմաններում երբ երկամյա շրջանն ավարտվելուց անցել է ևս երկու տարի, սակայն Մասըուդ Բարզանին պատրաստ չէ լքել տարածքի նախագահի պաշտոնը:

Քաղաքական այս երեք փակուղիները և դրանց զուգահեռ հասարակական բողոքներն ու տեղական իշխանության ծավալուն կոռուպցիան պատճառ են դարձել, որ Մասըուդ Բարզանիի և Քուրդստանի դեմոկրատական կուսակցության ընդդիմադիր ու քննադատ կուսակցություններն այն համոզման հանգեն, որ Մասըուդ Բարզանին Իրաքի Քուրդստանում հանրաքվեի հարցն առաջ է քաշել քողարկելու համար Քուրդստանի տարածքում գոյություն ունեցող խնդիրները և դա նոր արկածախնդրություն են կոչել: «Փոփոխություն» շարժման խոսնակ Շուրեշ Հաջին այս կապակցությամբ ասում է. «Եթե Իրաքի Քուրդստանի դեմոկրատական կուսակցությունը չընդունի տարածքի անկախության հանրաքվեն հետաձգելու և կենցաղային պայմանների բարելավման մեր նախապայմանները, մենք որևէ երկկողմ երկխոսություն չենք սկսի: Սեպտեմբեր ամսվա 25-ին հանրաքվեի կազմակերպման գործընթացը տարածքի քրդերի հարցերի կապակցությամբ արկածախնդրական քայլ է համարվում»:

Նկատի առնելով այն ինչ ասվեց, այն տեսակետը գոյություն ունի, որ Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի հարցն առավելապես ներքին սպառում ունի և Մասըուդ Բարզանին ու Դեմոկրատական կուսակցությունն այդ հարցն առաջ քաշելով փորձում են իրենց դեմ ուղղված ներքին ճնշումները կառավարելու համար ինչ-որ ձևով ժամանակ շահել և միևնույն ժամանակ Քուրդստանի տեղական մակարդակով ճնշումներն ուղղելով Բաղդադի կենտրոնական իշխանության կողմը, նրան ֆինանսական հարցերում զիջումներ պարտադրել:

Բ. Ազգային մակարդակ

Անջատման հանրաքվեի թվականի հստակեցման համար Մասըուդ Բարզանիի ու Դեմոկրատական կուսակցության ընդունած որոշման երկրորդ պատճառը պիտի որոնել տեղական իշխանությունների և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև գոյություն ունեցող տարաձայնություններում: Այս տարաձայնությունները կարելի է բաժանել չորս խմբերի, որոնք են էներգետիկան, բյուջեն, տարածքներն ու անվտանգությունը:

Էներգետիկայի ոլորտում տարաձայնությունը վերաբերում է նավթի արդյունահանման, արտադրման ու արտահանման ոլորտներին, որն Իրաքի սահմանադրության համաձայն պիտի իրականացվի կենտրոնական իշխանության արտոնությամբ, սակայն տեղական կառավարությունն առանց Բաղդադի կառավարության արտոնության է նման քայլեր ձեռնարկում և հրաժարվում է ստացած գումարները կենտրոնական գանձապահություն մուծել:

Բյուջեի շուրջ տարաձայնությունը վերաբերում է Քուրդստանի տարածքի 17 տոկոսանոց բյուջեն վճարելուց Բաղդադի կենտրոնական իշխանության հրաժարմանը, ինչը վերջինս պայմանավորում է էներգետիկայի հարցում Քուրդստանի տեղական կառավարության անօրինական քայլերով: Բյուջեի չվճարվելն Իրաքի Քուրդստանի տարածքում տնտեսական խնդիրների առաջացման և հասարակական բողոքի ձևավորման պատճառներից է համարվում:

Տարածքային հարցերի շուրջ տարաձայնությունը կապվում է հատկապես Քերքուքի պարագային 140-րդ հոդվածի գործադրմանը: Քուրդստանի տեղական կառավարությունը 2014 թվականին Իրաքի որոշ բաժինների ԻԼԻՊ-ի կողմից բռնազավթվելը պատեհ առիթ համարելով իր վերահսկողության տակ առավ տարաձայնության առարկա որոշ տարածքները, մինչդեռ Բաղդադի կենտրոնական իշխանությունը սահմանադրությունը հիմք ընդունելով համոզված է, որ այդ տարածքները պատկանում են կենտրոնական իշխանությանը:

Ապահովական ոլորտում տարաձայնության հիմքում ընկած են փիշմերգեի ուժերը: Քուրդստանի տեղական կառավարությունը պահանջում է, որ Բաղդադի իշխանությունները փիշմերգե ուժերի հանդեպ նույն այն մոտեցումը ցուցաբերեն, որն ունեն Իրաքի զինված ուժերի հանդեպ: Դա ի տես այն բանի, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը համոզված է, որ բանակն ու զինված ուժերն ազգային ուժեր են, մինչդեռ փիշմերգեն Քուրդստանի տեղական ուժ է համարվում, որի աշխատավարձն ու կարիքները պիտի ապահովվեն 17 տոկոսանոց բյուջեից օգտվելով:

Այն տեսակետը գոյություն ունի, որ Մասըուդ Բարզանին և Իրաքի Քուրդստանի տեղական կառավարությունը տեղյակ լինելով այդ տարաձայնությունների մասին ու նաև անգործունյա ու թույլ ենթադրելով Բաղդադի կենտրոնական իշխանությանը, պայմանները հարմար են գտել անջատման հանրաքվեի հարցը առաջ քաշելու և կամ առնվազն Բաղդադի իշխանություններին որոշ զիջումներ պարտադրելու համար: Այս կապակցությամբ, «Ռենդ» հաստատությունը 2016 թվականին մի զեկույցում անդրադառնալով անջատման հանրաքվեի կայացմանն ունեցած Քուրդստանի տեղական կառավարության ցանկությանը, գրեց. «Իրաքում ԻԼԻՊ-ի ներկայությունը պատճառ դարձավ, որ Բարզանին բացահայտ կերպով արտահայտվի «Իրաքի ձախողման» մասին: Քուրդստանի տեղական կառավարությունը համոզված է, որ Իրաքի քաղաքական համակարգն անգործունյա է և այդ անգործունակությունը շարունակվելու է: Քուրդստանի անջատումը կանխելու համար Իրաքի իշխանությունը սահմանափակ հնարավորություն ունի, քանի որ Բաղդադը դիմագրավում է բանակի թուլացման, ֆինանսական ճգնաժամերի, միջդավանական լարվածությունների, քաղաքական տարաձայնությունների, կաթվածահար դարձած տնտեսության ու ընդհանրապես մեկ տասնամյակ տևած պատերազմի հետևանքով խիստ հոգնածության նման մարտահրավերներ»:

Այս հիման վրա էլ Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ արծարծված սցենարներից մեկն այն է, որ Քուրդստանի տեղական կառավարությունը որոշ ֆինանսական զիջումներ պարտադրելով Բաղդադի կենտրոնական իշխանությանը կհրաժարվի սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեից:

 

 

Sep 11, 2017 20:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ