Sep 17, 2019 09:49 Asia/Tehran
  • Lydian-ը թուլացնում է անվտանգությունը. Ամուլսարը ցիանիդի պահեստներով խոցելի է Բաքվի համար

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հարցերում տնտեսական ու բնապահպանական ռիսկերից բացի հաշվի չեն առնվում ռազմական ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը՝ ի նկատի ունենալով, որ այնտեղ կառուցվելիք ոսկու կորզման գործարանն իր ցիանիդի պահեստներով խոցելի կլինի ադրբեջանական զինուժի համար:

«Ամուլսարը այդքան էլ հեռու չէ ադրբեջանական դիրքերից՝ թե՛ Նախիջեւանի կողմից, թե՛ մյուս կողմից։ Այն հեշտությամբ կարելի է խոցել հրթիռներով: Ամուլսարի ուղղությամբ օդային դիվերսիան կամ տեղային դիվերսիան կարող է բերել նրան, ինչից մենք պաշտպանվում ենք, այսինքն ջրերի աղտոտման»,– նշում է Կարեն Վարդանյանը: «Տարօրինակ է, բայց խնդրի ռազմական կողմը չի դիտարկվում: Մենք միշտ գլուխ ենք գովում, թե կարող ենք Մինգեչաուրի ջրամբարը խոցել, բայց դրանով միայն մի քանի գյուղ ջրի տակ կանցնի: Մինչդեռ Ադրբեջանը կարող է Ամուլսարը խոցելով թունավորել Հայաստանի ջրերը, դարձնել մեր երկիրն անմարդաբնակ ու, ըստ էության, հաղթել պատերազմը», - ընդգծում է նա:

Այս համատեքստում Վարդանյանը շեշտում է, որ «Էլարդ»-ի փորձագետների առաջ այդ խնդիրը եւս պետք է դնեին Հայաստանի ներկայացուցիչները։ «Ինչպես ատոմակայանն է օդային հատուկ պաշտպանության ներքո, այնպես էլ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն», - եզրակացնում է նա։

Ամուլսարում հանքավայրի շահագործումն իրականացնում է ամերիկա-բրիտանական կապիտալով «Լիդիան Արմենիա»-ն, որն օֆշորային Lydian International-ի «դուստր» ընկերությունն է: Համաձայն Lydian International-ի հրապարակած փաստաթղթերի, այդ ընկերության բաժնետերերից են բրիտանացի լորդ Մայքլ Ֆարմեր՝ «աստվածավախ քրիստոնյա», «Կարմիր ուրուր» եւ «Միսթր Պղինձ»։ EADaily.com-ին պարզել էր, որ այս բրիտանացի գործարարը Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցության դոնորն է սկսած 2001 թվականից, նախկինում եղել է կուսակցության գանձապետը, բրիտանական Լորդերի պալատի ցկյանս պետ է, եւ անմիջական առնչություն ունի «Լիդիան Արմենիա» ընկերության ութ բաժնետերերից մեկի հետ, որը կառավարում է Ամուլսարի ոսկու հանքավարը։

Մյուս բաժնետերը Franklin Templeton Investments-ն (ամերիկյան «գիշանգղ»), որը փոխկապակցված է հայտնի Ռոտշիլդների ընտանիքի, ավելի ստույգ այդ ընկերությունների խմբի ֆրանսիական ճյուղի է: Ի դեպ ֆինանսական աշխարհում «գիշանգղ» անվանում են այն ընկերություններին, որոնք գնում են խնդրահարույց բաժնետոմսեր՝ դրանք հետագայում վերավաճառելու համար: Այս ընկերությունը ֆինանսական աշխարհում համարվում է ամենահաջողակներից մեկը: Այն Եվրամայդանից հետո հայտնվել է Ուկրաինայում եւ նրա պարտապաններից է: Համաձայն հրապարակումների, ընկերությունը մասնակցել է Ուկրաինայի արտաքին պարտքի մի մասին վերակառուցման գործընթացին, սակայն երկրի առջեւ դրվել են առավել կոշտ պայմաններ՝ հետագա տարիներին «քամելով» Ուկրաինայից մաքսիմումը, որ հնարավոր է:

Ի դեպ Ռոտշիլդների ընտանիքի խմբի ֆրանսիական ճյուղի ներկայացուցիչը Էրիկ դե Ռոտշիլդը 2015 թ-ին գործարար Ռուբեն Վարդանյանի հրավերով եղել է Հայաստանում: Իսկ Ռուբեն Վարդանյանին պատկանող Ամերիաբանկը 24 մլն դոլար վարկ է տվել «Լիդիան Արմենիային» հանքավայրի շահագործման համար: Մեծ Բրիտանիայի հետ սերտ կապեր ունեցող եւ Էրիկ դե Ռոտշիլդի ընկերոջ՝ արքայազն Չարլզի մտերիմը հանցիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2013 թ-ին մի քանի ամիս եղել է Lydian International-ի տնօրենը:

Հատկանշական է, որ հարեւան պետությունում՝ Ադրբեջանում, եւս մեծ ներդրումներ են կատարում բրիտանական հանքարդյունաբերական, այն է՝ նավթային ընկերությունները, որոնց խողովակաշարերը հնարավոր պատերազմի պարագայում, հայկական կողմի հավաստմամբ, Արցախի ու ՀՀ-ի Զինուժի խոցման առաջնային թիրախներն են դառնալու: Այս համատեքստում հետաքրքիր երանգներ է ստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի՝ Սեւանի ավազանի ու Ջերմուկի տերմալ ջրերի ազդեցության գոտում գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործման ռազմական բաղկացուցիչի վրա ուշադրություն գրավելու կարեւորության մասին պնդումը:

«Մենք միշտ գլուխ ենք գովում, թե կարող ենք Մինգեչաուրի ջրամբարը խոցել, բայց դրանով միայն մի քանի գյուղ ջրի տակ կանցնի: Մինչդեռ Ադրբեջանը կարող է Ամուլսարը խոցելով թունավորել Հայաստանի ջրերը, դարձնել մեր երկիրն անմարդաբնակ ու, ըստ էության, հաղթել պատերազմը», - նշում է նա:

Ասվածից կարելի է ենթադրել, որ ամերիկա-բրիտանական կապիլատով ընկերությունը Հայաստանում ստեղծում է «մի օբյեկտ», որը կարճաժամկետ հեռանկարում որոշակի եկամուտներ է ապահովելու պետական բյուջեի համար, սակայն անվտանգության տեսանկյունից առավել խոցելի է դարձնում Հայաստանը:

Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տևական ժամանակ փակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:

Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի»:

Ի դեպ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են: Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանին անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է: Այս ամենից հետո Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց: Այն դեռեւս չի ավարտվել:

Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը: Պարզվել է, որ հանքավայրի անվտանգ շահագործման հետ կապված մի շարք ելակետային տվյալներ սխալ են եղել:

Verelq.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ