Oct 12, 2019 09:43 Asia/Tehran
  • Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին:

Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին և որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է: Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող գրքում Կազիմիրովը ներկայացրել է հարցի իր միջնորդությունը, ռուսական քաղաքականությունն այդ համատեքստում: Այլ կերպ ասած, գիրքը, խոշոր հաշվով՝ թե՛ մեթոդաբանություն է, թե՛ պատմական տեղեկանք, և խոշոր հաշվով հնարավոր է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տվել է ռուսաստանցի իսկ դիվանագետի ձեռքով պատրաստված ռուսական քաղաքականության ծավալուն ուղեցույց:

Բանն այն է, որ քաղաքականության այն շրջանը, որում դիվանագիտական առաքելությամբ էր զբաղված Կազիմիրովը, ելցինյան Ռուսաստանի շրջանն էր, որն իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, արցախյան հարցում, այդուհանդերձ, ավելի նպաստել է կայունությանն ու խաղաղությանը, և ոչ թե Ադրբեջանի հետ խաղերի միջոցով պատերազմ հասունացրել, ինչն արեց պուտինյան Ռուսաստանն առնվազն մինչև 2016-ի ապրիլ: Ահա այդ իրողությունների ֆոնին Հայաստանի վարչապետի նվերը ստանում է քաղաքական բավականին նշանակալի և խորքային իմաստ: Եթե չլիներ ԱՊՀ այդ հավաքում Ալիևին հայտնի դրվագում վարչապետի տված կոշտ պատասխանը, ապա Պուտինին նվիրված գիրքը թերևս դառնալու էր Հայաստանում ԱՊՀ այդ հավաքից ամենամեծ ուշադրության առարկան: Միևնույն ժամանակ, այդ երկու դրվագները բավականին «ներդաշնակվում» են՝ անկախ դրանց միջև որևէ անմիջական պատճառահետևանքային կապի լինել-չլինելուց:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ալիևը խեղաթյուրում է պատմությունը: Մեծ հաշվով, Պուտինին նվիրելով արցախյան հարցի վերաբերյալ հենց ռուս դիվանագետի ձեռքով պատրաստված գիրք-պատմավավերագրական տեղեկանքը, Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ պատմության խեղաթյուրումները բերում են լրջագույն խնդիրների և ռեգիոնալ ճգնաժամերի, ըստ այդմ՝ դրանցից ելքը և թեկուզ հարաբերական կայունության ապահովումը՝ իսկ Ռուսաստանին Կովկասում ներկայումս կայունությունը խիստ է անհրաժեշտ, հնարավոր է իրողությունները, այսպես ասած, «պատմական ակունքում» ճիշտ գնահատելու միջոցով: Միևնույն ժամանակ, Պուտինի հետ արցախյան հարցում այդօրինակ խորհրդանշական և, այսպես ասած, պատմա-վավերագրական գործիքակազմով շփմամբ Նիկոլ Փաշինյանը թերևս արձանագրեց մեկ այլ կարևոր իրողություն, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում արցախյան հարցը օրակարգում է այդ խորքային, ոչ թե ընթացիկ համատեքստով: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու Պուտինն այդ իմաստով սկսում են զրոյից, և ըստ այդմ հարց է առաջանում՝ փակո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների էջը:

1in.am                               

 

Մեկնաբանություններ