Oct 17, 2019 19:44 Asia/Tehran
  • Հայ և ռուս երիտասարդ գիտնականները կհամագործակցեն անօդաչու սարքերի հարցում

Համաժողովը կնպաստի մասնագետների միջև սերտ կապերի հաստատմանը, ինչպես նաև թույլ կտա փոխանակել փորձը և մասնագիտական գիտելիքները։

Երևանում մեկնարկել է ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովը։

Digital UAV Forum–ը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ գիտնականներին ընկղմվել ՏՏ մշակումների, արհեստական բանականության և անօդաչու սարքերի աշխարհը։

Digital UAV Forum հարթակում աշխատում են 200 մասնակիցներ Ռուսաստանից և Հայաստանից։ Համաժողովի առաջին երկու օրերն ընթանում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա։ Այստեղ տեղի կունենա գիտագործնական համաժողով` IT, AI և UAV հինգ արդի ուղղություններով, ինչպես նաև հաքաթոն` առաջատար բիզնես պատվիրատուների քեյսերով։

Մեկնաբանելով համաժողովի աշխատանքի մեկնարկը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորը հույս հայտնեց, որ նրա աշխատանքները կնպաստեն հայ և ռուս մասնագետների միջև ավելի սերտ գործակցություն հաստատելուն։

Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ ՏՏ և ԱԹՍ ոլորտում առավել արդի խնդիրներից են կադրային ներուժի ձևավորումը և զարգացումը, տաղանդավոր երիտասարդությանն այս ոլորտ ներգրավելու համար պայմանների ստեղծումը։

«Անշուշտ, դրա համար կպահանջվի ոչ միայն մասնագետների, այլ նաև ուսանողների ջանքերի համախմբում։ Մենք պետք է երիտասարդության շարքում հետաքրքրություն առաջացնենք ինժեներային, գիտատեխնիկական պրոֆեսիոնալ գործունեության հանդեպ»,–ասել է Մարուխյանը։

Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին ուշադրություն է դարձրել այն բանին, որ անօդաչու թռչող սարքերի նոր մշակումները Հայաստանի համար կարևոր են տնտեսության զարգացման և երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման տեսանկյունից։

ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովն առաջին միջոցառումն է Մոսկվայի ազգային ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, «Լոկատոր» ՓԲԸ–ի և «Այբ» դպրոցի միջև ստորագրված հնգակողմ համաձայնագրի շրջանակում։

armeniasputnik.am
 

 

Պիտակ

Մեկնաբանություններ