Oct 20, 2019 10:29 Asia/Tehran
  • Ադրբեջանը զինվում ու պատրաստվում է. ի՞նչ է անում Հայաստանը

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2020-ի բյուջեի նախագիծը, որից պարզ է դառնում, որ երկրի պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերն աճել են. պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել մոտ 2,3 մլրդ դոլարին համարժեք մանաթ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մոտ 21%-ով ավելին է։

Պետք է նկատել, որ պաշտպանական ծախսերի ավելացումն Ադրբեջանում կրում է, ըստ էության, սիստեմատիկ բնույթ: Գրեթե ամեն տարի, երբ հրապարակվում է բյուջեի նախագիծը, պարզվում է, որ տվյալ ոլորտին տրամադրվող ծախսերն ավելին են, քան նախորդ շրջանում. սա, ըստ էության, նյութական արտահայտությունն է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ռազմատենչության, որի հիմնական ու գլխավոր թիրախը Արցախն է ու Հայաստանը։

Այս կոնտեքստում պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ի նիստում ընդունած հաջորդ տարվա բյուջեի նախագծի՝ խիստ խաղաղասիրական բնույթը. ռազմական պաշտպանության ծախսերն աճել  են ընդամենը 0,8%-ով (քանի որ այս թիվը գնաճից ցածր է, ապա համադրելի գներով այն պրակտիկորեն նվազում է ենթադրում), ներկա 300,5 մլրդ դրամից հասնելով 303 մլրդ դրամի, այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացնել ամբողջ 14%-ով. նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլարի ծախս։

2020-ի բյուջեով, մասնավորապես, 21%-ով կավելանան առողջապահությանը հատկացվող գումարները, կրթության ոլորտին տրվող ֆինանսավորումը կաճի 15%-ով,  սոցիալական պաշտպանության ոլորտինն էլ՝ 10 տոկոսային կետով:

Թե վերջնարդյունքում ինչի կարող է հանգեցնել  Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ծախսերի ծավալների միջև գոյություն ունեցող համեմատական վիհն այն էլ  Ադրբեջանի՝ զենքի առուծախի բազմամիլիադրանոց պայմանագրերի ու ահագնացող հայատյաց հայտարարությունների ֆոնին, երկար-բարակ բացատրել պետք չէ. հայկական երկու պետությունները փաստացի կանգնած են  հերթական անգամ ռազմական ագրեսիայի ենթարկվելու վտանգի առաջ: Ենթադրվում էր, որ այսօրինակ իրավիճակը պետք է հարկադրեր իշխանություններին բյուջեի նախագիծ մշակելիս շատ ավելի բալանսավորված մոտեցումներ ցուցաբերել, քան փաստացի արվել է:

Ճիշտ է՝ կա կարծիք նաև, որ իրականում սխալ է բյուջեի նախագծին նայելով լիարժեք պատկերացում կազմել Հայաստանի ռազմական ծախսերի մասին՝ հաշվի առնելով հարցի սպեցիֆիկան, սակայն ակնհայտ է, որ նման տրամաբանությամբ առաջնորդվելիս կարելի է շատ հեռուն գնալ. նույն տրամաբանությամբ կարելի է և Ադրբեջանի ռազմական ծախսերի վերաբերյալ ներկայացված թվերը համարել խիստ պայմանական ու ենթադրել, որ իրականում նախատեսվող գումարները ոչ թե մի քանի միլիարդ դոլարի են հասնում, այլ՝ մի քանի տասնյակ:

Իսկ հիմա հարցի մյուս կողմի մասին: Ո՞րն է, այնուամենայնիվ, Կառավարության՝ գրեթե բացառապես սոցիալական ուղղվածության բյուջե ձևավորելու բուն նպատակը, երբ 10  կամ 20 տոկոսային կետով ավելացվում են ոչ թե պաշտպանական, այլ ասենք առողջապահության կամ կրթության  ոլորտների ծախսերը:

Միանշանակ է, որ նմանբովանդակ նախագիծ բերելով՝ Կառավարությունը փորձ է անում առաջին հերթին լուծել իր համար գերառաջնային հարցը՝ ղեկավարի  քաղաքական ամբիցիաների խնդիրը: Փաշինյանն, ով երկրի ղեկին է շուրջ մեկ և կես տարի, խնդիր ունի իշխանությունների համար հասարակական իրական, չմաշվող  հենք ստեղծելու,  հասարակության շրջանում դրական ակնկալիքները սրելու, որ մարդիկ մտածեն, թե թեկուզ դանդաղ, բայց ինչ-որ պրոցես ընթանում է ու դրա վրա հիմնվելով՝ աղմուկ  չբարձրացնեն, շարունակեն հավատալ, թե վաղն ամեն բան լավ է լինելու: Այսինքն՝ գործ ունենք պոպուլիստական բյուջեի նախագծի հետ, ուր ակներևաբար անտեսված է  ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներին ադեկվատորեն արձագանքելու հրամայականը՝ առավելությունը տալով «ավելի կարևոր» խնդիրների լուծմանը։ Իշխանությունը, փաստացի, ներկայացնում է բյուջեի նախագիծ՝ հուսալով, որ պատերազմ չի լինի։

tert.am

 

Մեկնաբանություններ