Nov 16, 2019 09:22 Asia/Tehran
  • Մեկ բյուջեի վառ օրինակով մի մեծ գողության պատկերը

Հայաստանի խորհրդարանն անցնող շաբաթ սկսել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը:

Կայացած քաղաքական համակարգերում տարեկան բյուջեի քննարկումը անխուսափելիորեն դառնում է երկրի եթե ոչ թիվ մեկ օրակարգը, ապա առնվազն ամենաքննարկելի թեման բոլոր մակարդակներում: Դրա պարզ պատճառն այն է, որ պարզ է՝ պետության տարեկան բյուջեն գործնականում շոշափում է համապատասխան ժամանակահատվածի կտրվածքով բոլոր շերտերի կյանքը:

Հայաստանում, սակայն, պատկերն այլ է, որովհետև այլ է թերևս նաև քաղաքական համակարգ կոչվածը, եթե այն, իհարկե, կա որպես այդպիսին, այլ է նաև իրավիճակը ընդհանրապես՝ հետհեղափոխական շրջանին բնորոշ բոլոր առանձնահատկություններով: Եվ այստեղ էլ, սակայն, բյուջեի հանգամանքը էական առնչություն ունի դրանց: Մասնավորապես, 2020 թվականի բյուջեի նախագծում պետական եկամուտները ավելի քան 800 միլիոն դոլարով գերազանցելու են նախորդ իշխանության մշակած 2018 թվականի պետական բյուջեին: Բյուջե, որը մշակվել էր ՀՀԿ-ականների շեփորած, այսպես ասած, 10,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի, նաև Հայաստանի ներդրողների ակումբի կարենկարապետյանական կառավարության բազմամիլիարդանոց հովանու կամ թիկունքի պայմաններում:

Այդ ամենով հանդերձ, հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց կառավարությունը ներկայացնում է բյուջե, որը նախահեղափոխական կառավարության բյուջեն գերազանցում է մոտ 800 միլիոն դոլարով, չունենալով բազմամիլիարդ ներդրումային ներուժով ակումբներ, միաժամանակ ունենալով լատենտ կամ բացահայտ սաբոտաժի հետ կապված կառավարման խնդիրներ, նաև, իհարկե, փորձ ձեռք բերելու օբյեկտիվ անհրաժեշտություններ: Երբ տարիներ առաջ ներիշխանական հարաբերությունների կոշտ պարզաբանումների փուլում Վերահսկիչ պալատի փաստացի ԲՀԿ-ական կամ «քոչարյանական» ղեկավար Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական բյուջեի մոտ 1/3-ը գողացվելու, յուրացվելու, մսխվելու, անարդյունավետ ծախսի ռիսկի տակ է՝ իսկ այդ ժամանակ խոսքը հենց մոտավորապես 800 միլիոնից 1 միլիարդ դոլարի մասին էր, Սերժ Սարգսյանը նրան գրեթե բառացի սպառնաց ՀՔԾ-ով:

2020 թվականի բյուջեի, այսպես ասած, առանցքային շարժիչը, անկասկած, դեռևս հոծ ներդրումները կամ երկնիշ աճերը չեն, այլ առավելապես չգողանալը, չմսխելը, չյուրացնելը: Էֆեկտ, որը տարիներ անց, իհարկե, հավաստում է, որ թե՛ Իշխան Զաքարյանն էր ճիշտ, թե՛ նրան ՀՔԾ-ով զգուշացնող Սերժ Սարգսյանը, որովհետև նա գործնականում բացահայտում էր իշխող համակարգի հիմքերից մեկի «գաղտնիքը», այսինքն` խաղում այդ հիմքերի հետ, ներիշխանական պայքարի շրջանակում, իհարկե: Եվ, իհարկե, բյուջե 2020-ը պարզորոշ վկայությունն է, իր, անշուշտ, առաջացող իր բոլոր հարցերով հանդերձ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ոչ միայն ճիշտ էր, այլ նաև կենսականորեն անհրաժեշտ, որովհետև կարելի է մեկ բյուջեի օրինակով պատկերացնել Հայաստանից կատարված գողության ու մսխումների ծավալները:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ