Nov 17, 2019 19:42 Asia/Tehran
  • Վրաստանը նորից «եռում է»․ ինչպե՞ս դիրքավորվի Երևանը Սաակաշվիլի-Իվանիշվիլի հերթական «բախման» ժամանակ

Թբիլիսիում մի քանի օր է՝ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով։

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացնելով Վրաստանում տեղի ունեցող իրավիճակը, ասաց. «Բիձինա Իվանիշվիլիի պարզաբանումն այն է, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները իշխանական պատգամավորների նկատմամբ անհարգալից հայտարարություններով են հանդես եկել, ինչը հարուցել է նրանց զայրույթը։ Դրա արդյունքում նրանք չեն կարողացել թիմի ներսում կոնսենսուսի գալ այս հարցի շուրջ, ու քվեարկության արդյունքում փաստորեն տապալվեց համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Սրա արդյունքում բողոքի ալիք բարձրացավ»։

Այս ընդվզումն, ըստ մեր զրուցակցի, ավելի խոր պատճառներ ունի. ««Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո, երբ ընդդիմություն դարձավ այդ ժամանակվա գործող իշխանությունը, այսինքն՝ Սաակաշվիլու քաղաքական ուժը, մինչ օրս ակտիվ պայքար է ընթանում հենց իշխանությունների դեմ։ Քաղաքական իրավիճակը չի հանդարտվում, ու ամեն անգամ նման իրավիճակներում թեժ մթնոլորտ է ստեղծվում։ Իհարկե, սա կարող է անկանխատեսելի զարգացումների տանել այն առումով, որ կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվել։

Ընդդիմությունը հայտարարում է, որ գնալու է մինչև վերջ ու ստիպելու է իշխանություններին, որ իրենց մեկնաբանությամբ՝ բռնատիրական իշխանությունը տապալվի։ Նաև միջազգային կառույցների կողմից բացասական արձագանք է եղել քվեարկության արդյունքների հետ կապված։ Սա իշխանությունների համար ոչ այնքան նպաստավոր պայմաններ կստեղծի հաջորդ ընտրություններին բարձր տոկոսով ձայներ հավաքելու համար»։

Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը որպես հարևան երկիր, որքան էլ, որ արտաքին քաղաքական պահանջներ չեն հնչում ցուցարարների կողմից, հարցին ի պատասխան վրացագետը պատասխանեց. «Սա Վրաստանի ներքին խնդիրն է և պարզ է, որ մենք այստեղ միջամտելու ու խառնվելու տեղ չունենք։ Այլ հարց է, որ այնտեղ մեծ թվով հայ բնակչություն կա՝ Վրաստանի քաղաքացիներ։ Կարող է հարցադրում լինել իրենց դիրքորոշման հետ կապված։ Դեռ ժամանակ կա մինչև ընտրությունները, և կարող է հայ հանրության դիրքորոշումն էլ տարբերվել։ Այլ հարց է, որ այս ճգնաժամը կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչին էլ ձգտում է ընդդիմությունը։ Կրկնում եմ՝ մենք այստեղ միջամտելու խնդիր չունենք»։

Դիտարկմանը, թե սա, մեծ հաշվով, Սաակաշվիլու և Իվանիշվիլու պայքարն է, քանի որ ընդդիմություն ասելով՝ մենք հենց նախկին նախագահի ղեկավարած ուժը նկատի ունենք, Ալիկ Էրոյանցն արձագանքեց. «Այո՛, որովհետև հիմնական ընդդիմադիր ուժը շարունակում է մնալ Սաակաշվիլու ղեկավարած քաղաքական ուժը, որը հետագայում պառակտվեց, հետո նորից վերամիավորվեց։ Թեև այսօր այս վիճակում կարող է ձևավորվել լուրջ ընդդիմադիր ճակատ, քանի որ «Վրացական երազանք» խմբակցությունը պատգամավորներ են լքել, սա բավականին թուլացնում է գործող քաղաքական ուժի դիրքերը՝ և՛ մանդատների առումով և՛ նաև բարոյական տեսանկյունից»։

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ