Nov 21, 2019 19:34 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նա մեծ կարեւորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում, ինչի նախադրյալ է հանդիսանում երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համար: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը եւ ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:

Դաշնային խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայկական պատվիրակության ակտիվությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ կարեւորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ:     Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաեւ միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան: 

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ