Դեկտեմբեր 07, 2019 10:01 Asia/Tehran
  • Համանախագահների հայտարարությունը. Բաքուն պետք է որոշի

Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարություն են տարածել համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Բատիստ Լեմուանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալ Ֆիլ Ռիքերը:

Հայտարարությունն ընդհանուր առմամբ ձևավորված ստանդարտի մեջ է, որտեղ, սակայն, գերակշռում է բանակցային միջավայրի վստահելիությանն ուղղված խաղաղարար քայլերի աշխուժացման անհրաժեշտությունը: Մնացյալ առումներով, իհարկե, սահմանվում են ստանդարտները՝ ստատուս-քվոյի անընդունելիության, միաժամանակ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների շրջանակում գործընթացի մասին: Իհարկե, հնարավոր է վերլուծել յուրաքանչյուր բառ ու տառ, սակայն ընդհանուր առմամբ, երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների անունից տարածված հայտարարությունը խոսում է գործընթացի ներկայիս տրենդի մասին:

Այն, այսպես ասած, պարփակվում է խաղաղության նախապատրաստման տրենդի մեջ, որը խորքային առումով նշանակում է ընդհանուր լարվածության միջավայրի նվազեցում: Դա մինիմում խնդիրն է, որ ներկայումս դրված է գործընթացում: Դրված կամ առավել ևս շարադրված մաքսիմում խնդիր գործընթացը այս պահին չունի: Դա օբյեկտիվ իրավիճակ է, որովհետև, խոշոր հաշվով, որևէ այլ բան անելը անիմաստ է, քանի դեռ կա փոխադարձ լարվածության մեծ լիցք: Թեև Հայաստանում հեղափոխությունից հետո էական է լարվածության նվազման պատկերը, լիցքն այդուհանդերձ զգալի է: Իսկ այդ պայմաններում միակ առարկայական բանը, որ կարող է լինել, դա պատերազմն է: Իսկ պատերազմ ներկայումս չի ուզում ոչ ոք, անգամ Բաքուն, մի շարք պատճառներով: Բաքուն ոչ միայն չի ուզում, նաև չի կարող: Այդպիսով, մնում է քայլեր կատարել լարվածության նվազեցման ուղղությամբ, ինչն էլ հորդորում են համանախագահ երեք երկրների արտգործնախարարությունները կողմերին: Նրանք, իհարկե, խոսում են առարկայական բանակցության անցնելու անհրաժեշտության մասին, առանց ձգձգելու և առանց պայմանի, սակայն այստեղ իհարկե պետք է արձանագրել կամ դիտարկել մի բան. իսկ ինչո՞ւ է առարկայական բանակցություն ասվածը ասոցացվում զուտ կարգավորման որևէ տարբերակի, և ոչ թե, ասենք, լարվածության նվազմանն ուղղված քայլերի կամ տարբերակների շուրջ:

Ի վերջո, եթե որևէ մեկին թվում է, որ դրանք շատ ավելի դյուրին, մատչելի քայլեր ու հարցեր են՝ ինչ անել լարվածության նվազման ուղղությամբ, ապա դա մոլորություն է: Մոլորություն է այն պարզ պատճառով, որ մոտ երկու տասնամյակի ատելության քարոզի պայմաններում Բաքվի համար ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելն է չափազանց ծանր ու անհնարին, այլ նույնիսկ խոսել, որ հայերին պետք չէ ատել: Այնպես որ, այդ իրավիճակում առարկայական բանակցության անհրաժեշտություն կա նախ և առաջ հենց այդ քայլերի ուղղությամբ, թե ինչ անել Բաքվի հետ, որպեսզի լարվածության նվազման իրողությունը ստանա շատ, թե քիչ հաստատուն բնույթ, այսինքն՝ որոշակիորեն վերածվի հանրային տրամադրության Ադրբեջանում: Ի վերջո, դրա երկու տարբերակ կա՝ կամ ուժգին ռազմական հարված Ադրբեջանին որևէ ռազմական առավելության պատրանք ցրելու համար, կամ Ադրբեջանի իշխանության քայլեր սեփական ատելության քարոզի հետևանքը ցրելու համար: Բաքուն պետք է որոշի, թե որ տարբերակն է իր համար նախընտրելի:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ