Դեկտեմբեր 07, 2019 22:09 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ կոչը՝ Երևանին և Բաքվին. Բանակցել առանց արհեստական ձգձգման ու պայմանների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հավատարմություն հայտնելով միջնորդությանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում բռնության հարաբերական ցածր մակարդակը շփման գծում և սահմանին և երախտագիտություն են հայտնում կողմերին սրման ռիսկերի նվազեցման նպատակով կապի ուղիղ կանալների օգտագործման համար, ինչպես պայմանավորվել էին ԱԳ նախարարները 2019-ի հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ: Նրանք նաև ողջունում են հումանիտար միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը, որոնք ղեկավարները քննարկել են մարտին Վիեննայում հանդիպման ժամանակ և մշակվել ԱԳ նախարարների կողմից ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ մասնավորապես, վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխայցերն ու կալանավորված անձանց միաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին:

«Նշելով, որ նման ջանքերը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորմանը, 3 համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում լրացուցիչ կոնկրետ մարդասիրական և անվտանգությանն ուղղված միջոցներ ձեռնարկել:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև կոչ են անում կողմերին անհետաձգելի կոնկրետ քայլեր ձեռնարկել հումանիտար և անվտանգային միջոցների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Հաշվի առնելով զոհվածների հարազատների սարսափելի տառապանքները՝ կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը՝ աջակցելով ԿԽՄԿ-ին անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման գործում, ինչպես այդ մասին հայտարարել են երկու ղեկավարները 2014-ին Փարիզում կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի ռեժիմի պահպանման գործում, մենք նշում ենք ԵԱՀԿ դիտարկման առաքելության ընդլայնման վերաբերյալ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016-ին:

Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, համանախագահերի հովանու ներքո, 2020-ի սկզբին կրկին հանդիպելու մտադրությունը՝ ակտիվացնելու համար բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ և աջակցել ամենաբարձր մակարդակով հետագա բանակցություններին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին անգամ հայտարարում են, որ արդար և երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա՝ հղում անելով 2009թ. համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը ԵԱՀԿ ԱԳՆԽ Աթենքի նիստում, որը հետագայում հավանության է արժանացել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ուստի, կոչ ենք անում կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների: Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է մնալ կայուն կարգավորմանն ուղղված ջանքերի անփոխարինելի կենտրոնը: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց կհանձնարարենք շարունակել միջնորդական ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Panarmenian.net                                                 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ