Դեկտեմբեր 08, 2019 10:37 Asia/Tehran
  • Մամեդյարով. ՀՀ-ն հրաժարվել է փոխանակել Արցախում սպանության համար կալանված ադրբեջանցիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով

Հայաստանը հրաժարվել է փոխանակել Լեռնային Ղարաբաղում սպանության համար պատիժը կրող ադրբեջանցիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստում:

«Ցավոք, Միլանի հանդիպումից հետո անցած մեկ տարվա վերաբերյալ չեմ կարող ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց բանակցություններում չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի հետ» սկզբունքով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, հայտնում է Haqqin.az-ը:

Մամեդյարովը հավելել է նաև, որ ՀՀ-ն փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: «Երևանը փորձում է ԼՂ հայ համայնքին ներկայացնել որպես ԼՂ բնակչություն՝ ժխտելով ադրբեջանական համայնքի առկայությունը>:

Ավելի վաղ ՀՀ-ն հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն: Միևնույն ժամանակ՝ հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ չի դիտարկելու 2 այլ դիվերսանտի՝ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի Բաքվին հանձնելու հնարավորությունը։ Վերջիններս 3 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբի կազմում գործում էին Քարվաճառի շրջանում ու վնասազերծվել էին 2014-ի հուլիսին։ Եվս մի դիվերսանտ՝ Հասան Հասանովը, սպանվել էր։ Նշված դիվերսիոն խումբը սպանել էր հայ պատանի Սմբատ Ցականյանին ու մայոր Սարգիս Աբրահամյանին, նաև վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ Կարինե Դավթյանին։Գուլիևը 22 տարվա ազատազրկման, Ասկերովը՝ ցմահ ազատազրկման է դատապարտված։

Ադրբեջանում ՀՀ 3 քաղաքացի է պահվում՝ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։

Panarmenian.net

 

Մեկնաբանություններ