Դեկտեմբեր 09, 2019 08:40 Asia/Tehran
  • ԵՄ ԱլԳ ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպությունների, ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ՍԴ-ի հարցը այդ հարթակում բարձրացվել է իր և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, քանի որ իրենց համար Հայաստանի Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց։ «Մենք իրապես մեր կառավարությունից ակնկալում ենք շուտափույթ ջանքեր այդ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ և այդ ջանքերը տեսնում ենք նոր ՍԴ-ի կազմավորման ուղղությամբ։ Հենց սա էլ արձանագրվել է հռչակագրում»,- նշել է Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այդպիսով ճանաչվել է, որ ներկայիս ՍԴ-ն լեգիտիմ չէ, լեգիտիմության բաց ունի։

Ըստ նրա՝ հռչակագրի տեքստում, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում ՍԴ ճգնաժամին, որպես լուծում հստակ նշվել է հենց շուտափույթ լեգիտիմ Սահմանադրական դատարան կազմավորելը։ «Ուզում են նշել, որ եվրոպացի մեր գործընկերները շատ լավ պատկերացնում են խնդիրը և հասկանում են, որ այդ խնդրի լուծմանը ֆորմալիստական մեթոդներով հասնել հնարավոր չէ, բայց կան որոշ գործընկերներ, որ այդ ընկալումը չունեն։ Ես համեմատականներ եմ անցկացրել, թե ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքի հարցում եվրոպական որոշ գործընկերների և կառույցների նախկինում դրսևորած ֆորմալիստական մոտեցման հետ, և սահմանադրական փոփոխությունների հետ։ Այդ երկու օրինակներով ես ցույց եմ տվել, որ ֆորմալիստական մոտեցումը որևէ կերպ չէր նպաստում ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների անցկացմանը։ Իսկ սահմանադրական փոփոխություններն էլ իրապես ուղղված էին մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությանը և չէին վայելում Հայաստանի հասարակության աջակցությունը։ Ֆորմալիստական մոտեցումներից, լուծումներից պետք է հրաժարվել, և ՀՀ իշխանությունը պետք է ձևավորի իրապես լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Իսկ եվրոպացի գործընկերները՝ Եվրոպայի խորհուրը, ԵՄ-ն պետք է օժանդակեն կառավարությանը այդ հարցում»,- ընդգծեց Հակոբյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպիսին էր ՍԴ հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ արտաքին աշխարհի մոտեցումը, նա նկատեց, որ այն կլինի համահունչ Հայաստանի վճռականությանը. «Ինչքան մենք քիչ հետևենք ֆորմալիստական մոտեցումներին և կախվենք օրենքի տառից՝ մոռանալով օրենքի ոգին, այնքան ավելի խնդիրը կխորանա։ Ես ուզում են ընդգծել, որ եվրոպացի մեր գործընկերների մոտեցումը կլինի համարժեք մեր վճռականությանը՝ ինչպես և միշտ է եղել։ Ի վերջո, պետք է չմոռանալ, որ քաղհասարակության և ընդդիմադիր ուժերի համառությունը 13 տարի շարունակ հանգեցրեց նրան, որ ընտրողների ստորագրած հրապարակման հարցը ճանաչվեց նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, եվրոպական այլ գործընկերների կողմից, ու դարձավ անհրաժեշտություն մեզ համար։ Պարզապես հիմա մենք չենք կարող 13 տարի կորցնել Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի ի վերջո ապացուցենք, որ ճիշտը մենք ենք»։

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա, անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամին, նշել է, որ իրենք առաջարկել են վաղ կենսաթոշակի տարբերակը դատավորներին և սպասում են այդ տարբերակի արձագանքին։

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ