Դեկտեմբեր 10, 2019 09:45 Asia/Tehran
  • Վաղուց պետք էր արգելել ՀՅԴ-ի գործունեությունը, Հայաստանից դուրս ինչ պարտիզանական մարտեր ուզում են թող վարեն

Հայ Յեղափոխական Դաշնակցության շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններն ակտիվորեն քննարկվում են հասարակական-քաղաքական դաշտում։

ՆԱՈՒՄ-ի կողմից տարածված հայտնի նամակը, որում Հրանտ Մարգարյանը հորդորել են իշխանությունների դեմ պարտիզանական մարտեր վարել՝ տարաբնույթ մեկնաբանությունների առարկա դարձավ։ Բնականաբար, Գերագույն մարմնի անդամները հերքում են նման հորդորի իսկությունը, սակայն առանձին անդամներ համացանցում անթաքույց նշում են իշխանությունների դեմ իրենց վերաբերմունքը և անհրաժեշտության դեպքում ավելի ռադիկալ գործողությունների անցնելու հնարավորությունը։ Իսկ Դաշնակցության անցյալը հաշվի առնելով՝ ոչ ոք նման սցենար բացառել չի կարող։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պարտիզանական մարտերի հետ կապված միտքն իրենք ժխտում են, ասում են՝ մտածում էին նման մարտեր մղել Հայաստանից դուրս գործողություններ կատարելու հետ։ Դե հիմա դաշնակները Հայաստանից դուրս ինչ պարտիզանական շարժում են սկսելու՝ դժվար է կռահել։ Մի ժամանակ իրենք հայտարարում էին, որ Ստամբուլն են արյան ծով դարձնելու, գուցե դա՞ են փորձում իրականացնել»։

Ընդհանուր առմամբ, ըստ Վարդանյանի, Դաշնակցության գործողությունները լիովին անբովանդակ, անգաղափար, անիմաստ բնույթ են կրում. «Վաղուց արդեն ժամանակը հասունացել է պաշտոնապես այդ կուսակցություն կոչվածը հայտարարել օրենքից դուրս՝ համենայնդեպս Հայաստանի սահմանների ներսում, իսկ Հայաստանի սահմաններից դուրս ինչ պարտիզանություն ուզում են թող անեն»։

Մեր այն դիտարկմանը՝ այսինքն՝ պե՞տք է արգելել Դաշնակցության գործունեությունը Հայաստանում, քաղաքագետը պատասխանեց. «Վաղուց պետք է արգելվեր, որովհետև սադրիչ բնույթ է կրում ու չի աջակցում մեր հասարակության ու երկրի առաջխաղացմանը, միայն խոչընդոտում է, սադրանքներով է հանդես գալիս, անհասկանալի գործողություններով, սպառնալիքներով։ Սա անընդունելի է, օրենքի ուժով հարկավոր է սահմանափակել ու դրան վերջ դնել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Դաշնակցությունն, ըստ իր այսօրվա վարքագծի, կարող է այնքանով վտանգ ներկայացնել իշխանության համար, որքանով որ ընդդիմությունն է. «Կարող է ընտրազանգված գայթակղել ու հաջորդ ընտրություններում զբաղեցնել իշխանության տեղը, դառնալ մեծամասնություն։ Իսկ մյուս բոլոր առումներով՝ չափազանցություն է։ Պարտիզանական կռիվը, պայքարը փոխաբերական իմաստ ունի։ Իհարկե, որևէ լուրջ մարդ, նույնիսկ քաղաքականապես անփորձները չեն կարող Հայաստանի Հանրապետության մեջ զինված ստորաբաժանումներ, շտուրմավիկներ ունենալ, մինչդեռ, ՀՅԴ-ն նաև այդպիսի հայտարարություն ունի։ Դաշնակցությունն ասում է՝ եթե Յուպիտերը կարող է երկրապահ շտուրմավիկներ ունենալ, Ցուլը չի՞ կարող։ Ցուլն ասում է՝ ես էլ ունենամ մի այդպիսի խումբ, Յուպիտերին որոշ բաներ կարելի է, իսկ Ցուլը դրա իրավունքը չունի։ Հիմա որպեսզի Դաշնակցությունն ունենա շտուրմավիկների կազմակերպություն, պետք է նախ և առաջ դառնա խորհրդարանական մեծամասնություն, դառնա Յուպիտեր ու իր շտուրմավիկներին պահի»։

Ըստ մեր զրուցակցի՝ Դաշնակցությունը չի հաշտվում իր խորհրդարանից դուրս լինելու կարգավիճակի հետ. «Ու հիմա իրենց տեղը գտնելու, վերադառնալու փորձեր են անում։ Դրա մեջ և՛ կա մաքուր քաղաքական պայքարի հրավերը, և՛ կա շանտաժը։ Ասում են՝ չպետք է հուսահատվենք, չպետք է անմասն մնանք քաղաքական իրադարձություններից ու, վերջին հաշվով, սակարկում են, առաջարկում են իշխանություններին՝ մեզ հրավիրեք, քչով կբավարարվենք։ Այսինքն՝ մաքուր քաղաքականություն, շանտաժ, գործարքի առաջարկություն»։

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ