Դեկտեմբեր 12, 2019 12:32 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարությունը նախատեսում է պետբյուջեի պակասուրդը փակելու համար 152 մլն դոլարի վարկ վերցնել

Հայաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացված 10 հարցերի հիմնական մասը վերաբերում է 4 վարկային համաձայնագրերին, մեկը՝ կոնվենցիայի վավերացմանը, մնացյալ հարցերը նախատեսում են օրենսդրական փոփոխություններ: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը ցանկանում է այս տարի մնացած աշխատանքներն արագ ավարտել: «Քանի որ տարին ավարտվում է, մենք պետք է արագ գանք տրամաբանական արդյունքի՝ ավարտելով 2019 թվականին համար նախանշված բոլոր աշխատանքները»,- պարզաբանեց Հայրապետյանը:

Ընդ որում՝ ինչպես նշեց փոխնախարարը, խորհրդարանի քննարկմանը ներկայացված վարկային համաձայնագրերը թույլ կտան ներգրավել լրացուցիչ 152 մլն դոլար՝ պետբյուջեի եղած պակասուրդը փակելու համար:

Նա, միաժամանակ, հայտնեց, որ անգամ այս համաձայնագրի ստորագրման համար պահանջվելու է 2 շաբաթ, մինչեւ այդ միջոցները ամբողջությամբ տրամադրվեն Հայաստանի կառավարությանը: Պաշտոնյան խորհրդարանականներին նաեւ հավաստիացրեց, որ իրենք ջանում եմ ամեն ինչ անել, որ արտաքին վարկատուներից այս միջոցները հնարավորինս արագ ստանան:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ կտրականապես դեմ էր հանդես գալիս իշխանությունների կողմից արտասահմանյան վարկերի ներգրավմանը:

 

news.am

Մեկնաբանություններ