Հունվար 15, 2020 19:44 Asia/Tehran
  • Թուրքիայում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողով է եղել, որտեղ քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողությունները:

Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և արտասահմանում շրջանառվող տեսակետները, հայտնում է Ermenihaber-ը:

Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտելու թուրք ժողովրդին: Դրա անդամները կարևորել են թեմային առնչվող «ապատեղեկատվության տարածումը» կանխելու և ճիշտ դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունները խոչընդոտելու քայլերը:

«Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,- ասված է Ալթունի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Panarmenian.net

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ