Հունվար 16, 2020 19:43 Asia/Tehran
  • Ո՞րն է ԵՄ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում. Եվրախորհրդարանը նոր բանաձև է ընդունել

Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ գերմանացի Դեյվիդ Մքալիսթերի ներկայացրած՝ "Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն" զեկույցը:

Զեկույցում Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումն, որ հակամարտությունները պետք է լուծվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը, ԵԱՀԿ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Մասնավորապես բանաձևի պրեամբուլայում հստակ հղում է կատարվում 2017 թ. նոյեմբերի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԱլԳ վերաբերյալ բանաձևին, որում ամրագրված է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների համաձայն:

Ինչպես և ակնկալվում էինք, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի դեպքում ականատես եղանք զեկույցի ողջ համատեքստից կտրված ձևակերպման որոշակի շահարկման, մասնավորապես այն հատվածի, որում նշվում է. «վերահաստատվում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի և Արևելյան գործընկերության բոլոր երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, համաձայն միջազգային իրավունքի, նորմերի և սկզբունքների…»: Այս հատվածը մասնավորապես ադրբեջանական որոշ քարոզչական կայքերի կողմից ներկայացվեց իբրև «ԵՄ աջակցություն ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը»:

Այստեղ, սակայն, կարևոր է ընդգծել, որ նույն պարբերությունում բացի Ուկրաինայից հատկապես ընդգծվում է նաև Վրաստանը՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսիայի հակամարտության շրջանակներում:

Քննադատության թիրախը թե՛ Ուկրաինայի, թե՛ Վրաստանի դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է: Որևէ այլ պետություն առանձին ընդգծված չէ:

Եթե այս պարբերությունը համեմատենք նախորդ տարի Եվրոպական Խորհրդարանի ընդունած համանուն զեկույցի հետ (զեկույցը թարմացվում է յուրաքանչյուր տարի), ապա փոփոխությունը հետևյալն է. 2019 թ. համար ընդունված զեկույցում նշվում էր, որ ԵՄ-ն վերահաստատում է  իր հանձնառությունը աջակցելու իր գործընկերների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, իսկ այս տարվա զեկույցում «իր գործընկերների» ձևակերպումը փոխարինվել է «Ուկրաինայի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) բոլոր երկրների» արտահայտությամբ: Ըստ որում կարևոր է ընդգծել, որ նախորդ զեկույցում ևս նշյալ պարբերությունը հետևում է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությանն առնչվող հոդվածին:

Ո՛չ նախորդ, ո՛չ այս զեկույցում որևէ կերպ չեն առանձնացվել ԼՂ հիմնախնդիրը: Ավելին՝ 2020թ. ընդունված զեկույցում հակամարտությունների կարգավորման հարցում հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որտեղ հավասարապես կարևորվում է թե՛ տարածքային ամբողջականությունը, թե ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում իր դիրքորոշումը Եվրամիությունն արտահայտել է նաև 2017 թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագրում, որտեղ նույնպես ընդգծվում է, որ կարգավորումը պետք է լինի երեք սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, կարող ենք հստակորեն ընդգծել, որ ինչպես եվրոպական, այնպես էլ՝ բազմակողմ այլ հարթակներում, «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը որևէ կերպ չի կապվում ԼՂ հիմնախնդրի հետ. Միջազգային կառույցները միանշանակորեն աջակցություն են հայտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդության միակ մանդատ ունեցող ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Կարևոր է նաև ընդգծել, որ 2020 թ. նույն նիստի շրջանակներում Եվրախորհրդարանի ընդունած մեկ այլ՝ «Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականություն» անվամբ բանաձևում, առանձին կետով ընդգծվում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» հարցը, սակայն Ադրբեջանին և Ղարաբաղյան հիմնախնդրին կրկին որևէ առանձին հղում չկա:

Եվրոպական կառույցների կողմից ընդունված բոլոր բանաձևերը, որոնցում այս կամ այն կերպ նշվում է «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը՝ տրամաբանորեն առաջին հայացքից որոշակի անհանգստություն են առաջացնում նաև հայկական հասարակության շրջանակներում: Այս դեպքում, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակի ամբողջական վերլուծությունը, Եվրամիությունը մինչ օրս Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պահպանել է հնարավորինս հավասարակշռված մոտեցում: Բոլոր բանաձևերում «տարածքային ամբողջականություն» եզրույթի կիրառման դեպքում առանձնահատուկ ընդգծվում են Վրաստանը և, առավելապես, Ուկրաինան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի դեպքում, ի տարբերություն նշված ընդգծումների, Եվրամիությունն ընդգծում է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, առկա բանակցային գործընթացին և հակամարտության կարգավորմանը՝ բոլոր միջազգային սկզբունքների գործադրմամբ, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի «վերլուծություններին, ապա այդ երկրի դիվանագիտությունը մշտապես փորձ է կատարում նմանատիպ եզրույթները կտրել կոնտեքստից և ներկայացնել իրենց ձեռնտու լույսի ներքո: Առավել ևս պարզ է, որ երկրի ներքաղաքական զարգացումների ֆոնին փորձ էր արվելու այդ ամենը ներկայացնել իբրև  անձամբ նախագահ Ալիևի «մեծ հաղթանակ», ինչը իրականում, ինչպես տեսանք, առնչություն չունի իրականության հետ:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ