Հունվար 20, 2020 09:39 Asia/Tehran
  • Վերադարձնե՞լ նախագահին, թե՞ ոչ. Հայաստանի խնդիրը

2020 թվականին Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկն անկասկած լինելու է Սահմանադրության փոփոխության խնդիրը:

Այդ առնչությամբ արդեն իսկ հնչել է մի առանցքային առաջարկ՝ Հայ ազգային կոնգրեսից, որը վերաբերում է կիսանախագահական կառավարման մոդելը վերադարձնելուն: Դժվար է ասել, արդյո՞ք այդ առաջարկի հարցում ՀԱԿ-ը «ոգեշնչվել» է ՌԴ նախագահ Պուտինի ելույթից, որում նա գործնականում ազդարարեց Ռուսաստանում կառավարման կիսանախագահական մոդելի անցնելու մտադրության մասին: Պուտինը Սահմանադրության փոփոխությամբ առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունը՝ ընդհուպ վարչապետի թեկնածությանը հավանության տալը, նաև բարձրացնել Պետխորհրդի լիազորությունը: Այլ կերպ ասած, Պուտինն առաջարկում է նախագահի ինստիտուտի կողքին ուժեղացնել այլ ինստիտուտներ: Դասական առումով դա գուցե կիսանախագահականություն չէ, սակայն ակնառու է, որ իշխանությունը որոշակիորեն բազմաբևեռացվում է կրողների իմաստով:

Այստեղ կա, իհարկե, էական տարբերություն, այն առումով, որ Պուտինը գործնականում միաբևեռացումից է գնում բազմաբևեռացում, իսկ ահա Հայաստանում կիսանախագահական մոդելի վերականգնումը կնշանակի ուղղություն դեպի կենտրոնացում, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելում, իհարկե, առաջնային մանդատը պատկանում է միայն խորհրդարանին, սակայն գործնականում այն հանգեցնում է «միանձնյա քաղաքականության» ինստիտուցիոնալ ապակենտրոնացման: Ու թեև կա իներցիայի խնդիրը, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում այդ ինստիտուցիոնալ ապակենտրոնացումը բերելու է իր էֆեկտը: Սա, իհարկե, համեմատության համատեքստում՝ Պուտինի հետ զուգահեռի առումով, որովհետև գործնականում խնդիրը կարող է լինել պարզ զուգադիպությունը, իսկ կուսակցությունն ընդամենը օրակարգային կարևոր հարցից առաջ արտահայտում է իր մոտեցումը: Անկասկած, յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր պատկերացումներում և մոտեցումներում, ու այս դեպքում չկա որևէ սահմանում, արձանագրելու համար՝ կիսանախագահական մոդելն է ճիշտ, նախագահական, թե խորհրդարանական: Որովհետև բոլոր առումներով էլ հնարավոր է գտնել միջազգային հաջողված ու անհաջող փորձեր:

Այդ իմաստով լավ կլիներ, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ քաղաքական միավորներ սկսեն առավել աշխույժ արտահայտվել Սահմանադրության փոփոխության առաջիկա օրակարգի առնչությամբ՝ թե՛ կառավարման մոդելի, թե՛ ընդհանրապես այլ ուղղությունների առումով: Դրան զուգահեռ, կառավարող քաղաքական ուժը, թերևս, չի դիտարկում կառավարման մոդելի հարցի ներառում աշխատանքային օրակարգ, ինչն անշուշտ չի խանգարում որևէ ուժի բարձրացնել հարցն ու դիտարկել այն: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում նախագահի ընտրության ինստիտուտի վերականգնումը գործնականում սպառնում է ապակայունացման մի էական գործոնի վերականգնումով, և այստեղ, անշուշտ, ներկայիս լեգիտիմ իշխանության, հետհեղափոխական ժողովրդավարության հանգամանքը չպետք է լինի խաբկանքի պատճառ: Հետհեղափոխական բարձր հանրային վստահության ու լեգիտիմության հանգամանքը դյուրացնում է իշխանության ժողովրդավարական վարքագծի հնարավորությունը:

Այլ հարց է, երբ ձևավորվում են քաղաքական մրցակցության բաղադրիչներ, տարրեր, իսկ դա պետք է լինի համընդհանուր հանրային նպատակ: Եվ այդ ժամանակ է, որ գալիս է ժողովրդավարության իրական քննաշրջանը: Նախագահի ընտրական ինստիտուտի վերականգնումը առերևույթ լինելով կայունության գրավական, Հայաստանի չկայացած քաղաքական դաշտում, Հայաստանի, այսպես ասած, ցողունային ժողովրդավարության պայմաններում բարձրացնելու է իշխանության չարաշահման գայթակղության աստիճանը: Իսկ քաղաքական համակարգն ու հեռանկարը չպետք է կառուցել որևէ ուժի չգայթակղվելու, անգայթակղելի լինելու կանխավարկածով: Այդ իմաստով, Հայաստանի համար, թերևս, առանցքային պետք է լինի ոչ թե համաշխարհային փորձը՝ որն, ինչպես արձանագրեցինք, շատ խայտաբղետ է և հնարավոր են որևէ տարբերակի հաջողված ու անհաջող բազում օրինակներ, այլ սեփական փորձը: Այդ փորձը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, խոսում է խորհրդարանական կառավարման օգտին, առնվազն նախագահական կամ դե յուրե կիսանախագահական կառավարման քաղաքական ոչ էֆեկտիվության և համակարգային բազմաթիվ արատների սկզբնավորման հետևանքով:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ