Հունվար 23, 2020 19:34 Asia/Tehran
  • ԱԽ քարտուղարի անսպասելի հայտարարությունը

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ արել է անակնկալ հայտարարություն, ասելով, թե Հայաստանում հեղաշրջման փորձ եղել է և այն կանխվել է, այժմ վտանգ չկա: Անակնկալն իհարկե այն չէ, որ հեղաշրջման փորձ եղել է, քանի որ դրա մասին խոսվում է ամիսներ շարունակ:

Անակնկալը հաջորդիվ է, երբ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ եղել են պաշտոնանկություններ, իսկ ձերբակալություն կլինի, թե ոչ, կախված է քննությունից, որն ընթանում է և որը կորոշի՝ քրգործի կարիք կա, թե՞ ոչ: Պետք է նկատել, որ պաշտոնապես այդօրինակ գնահատականն ու բացատրությունը փոքր ինչ տարօրինակ է, որովհետև խոսքը այլ բանի մասին չէ, քան պետական հեղաշրջման: Եվ եթե հայտարարվում է, որ այդպիսի փորձ եղել է, ապա առնվազն տարօրինակ է, որ դեռ պետք է որոշվի՝ քրգործ հարուցել, թե՞ ոչ:

Պետական հեղաշրջման փորձի կանխումը ինքնին ենթադրում է քրգործի հարուցում: Անգամ կենցաղային բնույթի հանցագործությունների փորձի պարագայում հարուցվում են այդպիսի գործեր և առնվազն տարօրինակ է, որ պաշտոնական մակարդակում հայտարարվում է, որ փորձ եղել է, բայց դեռ չգիտեն՝ քրգործի կարիք կա՞, թե ոչ: Այդ դեպքում ինչպե՞ս իմանալ, որ այլևս չկա վտանգ և ամեն ինչ անցյալում է: Չէ՞ որ քրգործն է, որը թույլ պետք է տա Հայաստանի հանդեպ այդօրինակ ոտնձգության լրջագույն փորձը քննել առավելագույնս ու ըստ այդմ հասկանալ՝ վտանգները չեզոքացված են ամբողջությամբ, թե ոչ: Եթե խոսքը կանխարգելիչ քայլերի մասին է՝ այսպես ասած ողջամիտ կասկածի համատեքստում, ապա այդ դեպքում պետք է ձեռնպահ մնալ հայտարարությունից, եթե եղել է հեղաշրջման փորձ ու կանխվել:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ