Հունվար 25, 2020 10:38 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը եւ տիկին Իրինա Նեւզլինը:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։ Յուլի Էդելշտեյնը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաեւ Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարեւոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք»,- ասել է Իսրայելի Կնեսետի նախագահը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված»,-ասել է Հայաստանի նախագահը՝ կարեւորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։

Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, եւ դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան եւ՛ որպես երկու պետություն, եւ՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաեւ Իսրայելը։ Ես այստեղ եմ նաեւ համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարեւորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր»:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ եւ հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլեւս երբեք չլինեն եւ երբեւէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է եւ հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարեւոր ներդրում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետեւ նախագահ Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ