Փետրվար 23, 2020 17:40 Asia/Tehran
  •  Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղկեպսակներ դրեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ։

Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն։ Այս մասին այսօր` Հայրենիքի պաշտպանի օրը, «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` սերտ հարաբերությունների մասին է  վկայում նաև այսօրվա տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը հայկական և ռուսական ստորաբաժանումների համատեղ մասնակցությունը։  

«Այսօրվա միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս օրը դիտարկում է որպես կարևոր օր, ինչը հաստատում է  մեր երկրների և ժողովուրդների միջև առկա շատ սերտ կապը։ Սա մարտական եղբայրության խորհրդանիշ է, որը միավորում էր մեր ժողովուրդներին հարյուրամյակների ընթացքում և շարունակում է միավորել այսօրվա զորահանդեսում»,– ասաց Կոպիրկինը։

Նա համոզված է, որ Հայաստանին ու Ռուսաստանին շատ բան է միավորում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում ընդհանուր շահերը։ Դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՊՆ ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին արարողությանը։ Կոպիրկինն ընդգծեց, որ ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը չի դադարել, այն կշարունակվի նաև հետագայում։

Հայաստանից արարողությանը մասնակցում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ` Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ։

Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է ամեն տարի փետրվարի 23-ին։ ՌԴ քաղաքացիներն այն առաջին անգամ տոնել են 1919 թվականին` այն ժամանակ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկել էր Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը տոնել փետրվարի 23-ին։ Տոնի անվանումը բազմիցս փոխվել է։ 1922 թվականից այն կոչվում էր Կարմիր բանակի օր, 1946 թվականից` Խորհրդային բանակի, 1949–ից` Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր և 2002 թվականից ընդունվեց որպես պետական տոն։ Հայաստանում այս տոնը պաշտոնապես չեն նշում։

armeniasputnik.am
 

 

Պիտակ

Մեկնաբանություններ